...

Պիտի սովորենք նաև անմեղսունակ իշխանությունների պայմաններում ապրել

Պիտի սովորենք նաև անմեղսունակ իշխանությունների պայմաններում ապրել

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի ուշագրավ միտք է արտահայտել՝ մենք պիտի սովորենք նաև գազատարը փակ վիճակում ապրել։ «Անդրանիկ Քոչարյան» և «միտք» բառերը նույն նախադասության մեջ օգտագործելու համար, իհարկե, ներողություն ենք խնդրում, բայց երևույթն ինքնին վկայում է այն մասին, որ այս հարցում իշխանություններն արդեն իսկ միասնական դիրքորոշում են որդեգրել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անդրանիկ Քոչարյանի ասածը մոտավորապես «ոչինչ, մեր գերիները ևս մի երկու ամիս կդիմանան» մտքի շարունակությունն է, բայց իրականում նա ուրիշ բան է ասում՝ «Ղարաբաղի հայերը պիտի սովորեն Ադրբեջանի կազմում ապրել», պարզ ասած՝ «դե հիմա վիճակը էդ ա, մենք ոչինչ չենք կարող անել, պիտի հարմարվեք»։ Ի դեպ, հայ ռազմագերիներին «ևս երկու ամիս դիմանալու» կոչից համարյա մի տարի է անցել, գերիներից շատերը դեռ այնտեղ են, բայց նրանց նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է ու ձևակերպվել Ալեն Սիմոնյանի շուրթերով՝ «մեզ համար նրանք գոյություն չունեն»։ Գազատարը փակ վիճակում ապրելուն սովորելու՝ արցախահայությանն ուղղված կոչի իմաստն էլ է դա․ «մեզ համար նրանք գոյություն չունեն»։ Աշոտ Բլեյանը, չէ՞, մի քանի օր առաջ տարավ-բերեց, թե Արցախն ընդամենը հայկական գաղթօջախ է, այսինքն՝ մոտավորապես Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևանի) հայկական գաղթօջախի նման մի բան (ափսոս՝ չկոնկրետացրեց, թե արցախահայությունը որտեղից է գաղթել «պատմական Ադրբեջանի» տարածք)։ Ինչևէ։ Փաստն այն է, որ այս իշխանությունների պատկերացմամբ՝ Արցախի ամբողջական հայաթափումն այն գինն է, որը պիտի վճարենք «խաղաղության դարաշրջանի» համար, ու հասարակությունը պիտի կամաց-կամաց համակերպվի այդ մտքի հետ։

Հասարակության ինչ-որ հատված, ի դեպ, գուցեև համակերպվի կամ արդեն համակերպվել է։ Առավել ևս, որ այս իշխանություններն ի վիճակի չեն որևէ կերպ ազդել արցախահայության կյանքի պայմանների վրա։ Կամ, եթե ավելի ճշգրիտ լինենք, հասցրել են մի վիճակի, որ Հայաստանն ի վիճակի չէ որևէ հարց լուծել։ Բայց այստեղ մի կարևոր նրբություն կա։ Արցախի հարցում իրենց անզորությունը խոստովանելիս իշխանությունները միանգամայն անկեղծ են, «խաղաղության դարաշրջանի» դիմաց մեր վճարելիք գնի հարցում՝ նույնպես, իսկ ժողովրդին խաբում են «ընդամենը» մի հարցում․ այն է՝ անգամ այդ գինը վճարելու դեպքում «խաղաղության դարաշրջանը» չի բացվելու։ Անգամ ճանապարհները չեն բացվելու։ Իրենք դա գիտեն, իրենք հասկանում են, որ «խաղաղության դարաշրջանի» դիմաց Ադրբեջանը Սյունիքն էլ է ուզելու, Սևանի ավազանի կեսն էլ, «Էրիվանն» էլ (հետաքրքիր է՝ Աշոտ Բլեյանն այդ դեպքում կհայտարարի՞, որ Գավառի հայությունն էլ է ընդամենը հայկական գաղթօջախ, հայերն էլ այնտեղ գաղթել են Բայազետից, դրա համար էլ քաղաքի նախկին անվանումը Նոր Բայազետ էր)։

Բայց խոսքը «պատմական արդարության» ու մանիպուլյացիաների մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ ձախողված իշխանությունները, անկախ նրանից՝ իրենց տխմարությա՞ն պատճառով են ձախողվել, թե՞ միամտության (որովհետև հավատացել են թշնամու բանավոր «դրական ազդակներին»), պիտի հեռանան։ Եթե անգամ գիշեր-ցերեկ գոռգոռում են, թե հեչ էլ չեն ձախողվել, ամեն ինչ ճիշտ են արել, այ շուտով խաղաղություն կգա, ճանապարհները կբացվեն, ու որպեսզի համոզիչ հնչի՝ մեկ-մեկ էլ ինչ-որ հիպոթետիկ ճանապարհների նախագծման համար բյուջեից փող են հատկացնում․․․ Ու մեկը չկա հարցնի՝ լավ, նոյեմբերի 9-ին ստորագրված «խաղաղության դարաշրջանից» մեկուկես տարի է անցել, այդ ընթացքում քանի՞ ճանապարհ է բացվել և քանի՞սը՝ փակվել, քանի՞ կոմունիկացիա է գործարկվել և քանի՞սը՝ պայթեցվել, քանի՞ հատվածներում է Ադրբեջանը ներսից «հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը», և այլն։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2554 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ