...

Նիկոլական «բեսպրեդելի» և անպատժելիության պատճառները

Նիկոլական «բեսպրեդելի» և անպատժելիության պատճառները

Եվ այսպես, Արագածոտնի թեմի առաջնորդն ու ևս մի հոգևորական կալանավորվեցին, Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով, Նիկոլ Փաշինյանն էլ հերթական օյինբազություններով գործի գնալուց առաջ «բարլուսախառը» օնլայն սիրեց ժողովրդին։ Նախընտրական գործընթացը թափ է հավաքում։ 

Բարոյախրատական քարոզները՝ Հ1-ով Եկեղեցու վերնախավի վրա «գործ տվող» հոգևորականին Հուդա անվանելը կամ դրա հիման վրա հանցագործության մասին հաղորդում տվող Իոանիսյան Դանիկին 37 թվի «կլյաուզաներ գրողների» հետ համեմատելը մի կողմ թողնենք։ Որևէ մեկին այս ամենը չպետք է զարմացնի, որովհետև իշխանության գալու առաջին իսկ օրվանից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի համար իր բարեհաճությունը վայելելու և դա կապիտալիզացնելու հնարավորության հիմնական նախապայմանը հենց ուրանալն է եղել։ Կապ չունի, թե ինչն ուրանալ՝ հայրենիքը, հավատքը, սեփական անցյալը, ընկերներին, հարազատներին, կուսակցական պատկանելությունը, սկզբունքները, և այլն։ Ուշադիր նայեք իշխանական համակարգին, և կհամոզվեք՝ «նախկիններից» միայն նրանք են, ովքեր ուրացել են իրենց քաղաքական անցյալը, ուժային կառույցներում՝ միայն նրանք են, ովքեր ուրացել են մեր հաղթանակներն ու հազարավոր զոհերին, նիկոլական «քարոզչական ճակատի» առաջնագծում կամ նախկիններին ծառայած պրոֆեսիոնալներն են՝ պայմանական «պետրոսղազարյանները», կամ ուրացած «նախկին լևոնականները»․․․ Այո, նիկոլական Հայաստանում ուրացումն ամենաբարձր վճարվող փեշակն է, բայց ի՞նչ է տեղի ունենում պրագմատիկ հարթությունում։

Իրավական տեսանկյունից՝ այս ամենը, իհարկե, անհեթեթություն է, որովհետև «հանրահավաքներին մասնակցել պարտադրելու» մեղադրանք ներկայացնում է այն իշխանությունը, որն ինքը ամենալկտի մեթոդներով մարդկանց քշում է սեփական հանրահավաքներին ու նույն լկտիությամբ հրահանգում՝ «ծա՛փ տվեք, արա՛»։ Բայց Նիկոլ Փաշինյանին հարցի իրավական կողմն առանձնապես չի հետաքրքրում։ Նա որոշել է հարձակվել Եկեղեցու վրա երկու պատճառով։ Առաջին՝ որովհետև այդ կառույցի կազմակերպչական պոտենցիալից մահու չափ վախենում է, և երկրորդ՝ որովհետև այդպիսով ևս մեկ անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի աչքը կմտնի։ 

Իսկ ինչո՞ւ հետևանքներից չի վախենում։ Որովհետև իրավապահ համակարգը վաղուց իր գրպանում է, «քաղհասարակությունն» ու «իրավապաշտպանները» վաղուց իր գրպանում են (համենայն դեպս՝ այդ հարցում, որովհետև նրանք վճարվում են ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար ու գտնում են, որ Եկեղեցին այդ ազդեցության հիմնական գործիքներից մեկն է), «միջազգային հանրությունից» զգուշանալ պետք չէ, որովհետև այնտեղ մատների արանքով են նայելու Նիկոլի հակաեկեղեցական հիստերիային՝ դա համարելով պայքար ռուսական կայսերապետության դեմ, այսինքն՝ պայքար հանուն «արևմտյան արժեքների ամրապնդման», համաժողովրդական ցասումից վախենալու պատճառ էլ առանձնապես չկա։ Նախ՝ որովհետև այդ ցասումը, որքան էլ մարդկանց մեջ խմորվի, առանց հստակ կազմակերպման փողոց չի հորդելու, և երկրորդ՝ ժողովրդի մի զգալի հատվածի այս ամենը դուր է գալիս։ Կան, չէ՞, մարդիկ, որոնք ոչ միայն Եկեղեցին, այլև ընդհանրապես ամեն ինչ ընկալում են զուտ իրենց ստամոքսակենտրոն տեսանկյունից՝ «արա՛, ջոգըմ ե՞ս էդ տերտերներն ինչ բիզնես են անըմ, շքամ փող են քերըմ», «դրանց տենց մի՛ նայի, ախպեր, գիդե՞ս քշերներն ինչեր են անըմ», «սաղ սութ ա, ախպեր, դրանց սաղին բդի հավքես մի տեղ գյուլլես», և այլն։ 

Մեծ հաշվով՝ հենց այս խավն է Նիկոլի հիմնական էլեկտորատը, ու այդ խավը, ցավոք, բավականին մեծ տոկոս է կազմում։ Այ այդ «դրանց սաղին բդի գյուլլես»-ի վրա հենվելով էլ Նիկոլն իրականացնում է իր տեռորը։ Ու կապ չունի, որ այդ նույն խավի կարծիքով «դրանց սաղի» մեջ մտնում են նաև զանազան պայմանական ավինյանտիկոներն ու ռոմանոսները։ Կարևորն այն է, որ «սաղին գյուլլողը» Նիկոլը պիտի լինի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   137 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ