...

Պատուհասապետության մենեջմենթը

Պատուհասապետության մենեջմենթը

Ի՞նչն է փոխվել 2021 թ․ ընտրություններին հաջորդած չորսուկես տարիների ընթացքում, և ի՞նչ խնդիր է, ի վերջո, լուծվելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, հիմնական փոփոխությունն այն է, որ տարածաշրջանում չտեսնված-չլսված բան է տեղի ունեցել՝ խաղաղություն է հաստատվել, Հայաստանի ապաշրջափակումն ու հարևանների հետ «ջանջիգյարային հարաբերությունների» հաստատումն էլ շաբաթների կամ ամիսների խնդիր է։ Իրականում առայժմ ոչ խաղաղություն է հաստատվել, ոչ էլ Հայաստանն է ապաշրջափակվել, բայց անցած չորսուկես տարիների ընթացքում ահռելի փոփոխություններ իսկապես եղել են։ Թվարկենք միայն ամենակարևորները։

Արցախը գոյություն չունի, սահմանազատման անվան տակ Հայաստանն Ադրբեջանին է հանձնել որոշ տարածքներ՝ առանց դրա դիմաց գոնե մեկ միլիմետր տարածք վերադարձնելու, Ղարաբաղի հարցը պաշտոնապես փակվել է, Հայաստանը պաշտոնապես պարտավորվել է իր տարածքով անխոչընդոտ անցում ապահովել Ադրբեջանի համար, երկրի ներսում՝ տասնյակ ընդդիմադիրներ բանտերում են, բարձրաստիճան հոգևորականներից շատերը՝ նույնպես, Եկեղեցու դեմ փաստացի ռեյդերային գրոհ է սկսվել, ու պառակտումը սկսված է, սկսված է նաև Հայաստանի ապառազմականացումը՝ պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվել է, պաշտպանության բյուջեն՝ նույնպես, Հայաստանը փաստացի հրաժարվել է Ցեղասպանությունից և «ՀՀ տարածքից դուրս գտնվող խորհրդանիշներից», պատրաստվում է փոխել Սահմանադրությունը, և այսպես շարունակ։ 

Մի խոսքով՝ 2026-ի ընտրությունները տեղի են ունենալու բոլորովին այլ իրավիճակում և բոլորովին այլ Հայաստանում։ Բայց 2021-ի ընտրությունները նույնպես տեղի էին ունեցել բոլորովին այլ իրավիճակում՝ դրան նախորդած ժամանակահատվածում կորցրել էինք ԼՂՀ-ի 75 տոկոսը, 4 հազարից ավել զոհ էինք տվել (Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ կարող էինք չտալ), և այլն։ Եվ ահա այդքանից հետո ժողովուրդն իր ընտրությամբ փաստացի ցույց տվեց, որ հաշտ է այդ ահռելի կորուստների հետ։ Հենց այդ հաշտ լինելն էլ Նիկոլին թևեր տվեց՝ նա համարեց, որ կարող է շարունակել իր կործանարար ընթացքը․ կարող է մեկառմիշտ հրաժարվել Արցախից, կարող է չդիմադրել, երբ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք, կարող է գլուխը կախ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, ու միևնույն է՝ իր իշխանությանը ոչինչ չի սպառնա։

2026-ի ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդը ևս մեկ անգամ պիտի պատասխանի այդ հարցին՝ հա՞շտ է այն ամենի հետ, ինչը տեղի է ունեցել 2021-ի ընտրություններից հետո, այսինքն՝ հա՞շտ է Արցախի ոչնչացման հետ, ՀՀ տարածքի կարևորագույն հատվածն «արտապատվիրակելու» հետ, բանտերը լցված կամ սպանված ընդդիմախոսների առկայության հետ, Եկեղեցու պառակտման հետ, և այլն։ Եթե այս անգամ է՛լ ցույց տա, որ հաշտ է, պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր է անելու նիկոլական իշխանությունն առաջիկա 5 տարիներին։ 2021-ին հանդուրժեցինք՝ հասանք այսօրվան, պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասնելու, եթե հանդուրժենք նաև 2026-ին։ 

Այլ կերպ ասած՝ խնդիրը միայն այն չէ, թե ընտրությունների արդյունքներով ինչ տեսք կունենա ապագա խորհրդարանը, խնդիրը նաև այն է, թե քանի՞ տոկոսն է հաշտ լինելու Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և հայ ժողովրդի գլխին բերած աղետների հետ։ 

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ 2021-ին Նիկոլ Փաշինյանի հիմնական քարոզչական գործիքը մուրճն էր։ Մինչև հիմա նա այդ մուրճով հարվածում է իր ընդդիմախոսների գլխին։ 2026-ին պետք է այնպես անել, որ նրա միակ հույսը մնա «ատվյորտկան», որով նա կփորձի փոխել վարչապետի կաբինետի դռան կողպեքը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   140 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ