...

ՊՆ նախարարը տորթի պատվերով և նախահարսանեկան ֆոտոսեսիայով էր զբաղված

ՊՆ նախարարը տորթի պատվերով և նախահարսանեկան ֆոտոսեսիայով էր զբաղված

«Ակնհայտ է, որ ոչ թե 2-3 պաշտոնյա վարակվել է կորոնավիրուսով և այդ պատճառով Բանակի 30-ամյակին ոչինչ չի արվել, այլ կազմակերպված ձևով է եղել, հրահանգ է իջեցվել, որ հանկարծ որևէ մեկը որևէ կարևորություն, նշանակություն չտա բանակի օրվան, դա ունեցել է կազմակերպված բնույթ՝ նսեմացնելու համար բանակի դերը, նշանակությունը մեր կյանքում»։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ վարչապետին ենթակա ուժային կառույցները՝ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊՎԾ-ն ուղերձներ չեն հղել Բանակի օրվա առթիվ։ Ըստ այդմ՝ Ղազարյանը վստահ է, որ Բանակի օրվան նվիրված միջոցառումը ոչ թե չեղարկվել է, այլ չի էլ պլանավորվել։

Չի բացառվում, որ հենց էդպես էլ եղել է։ Պաշտպանության նախարարը հարսանիքով էր տարված։ 6 մետրանոց տորթի թեմատիկ պատվերը, ծաղկային զարդարանքների դետալների հարցում կողմնորոշվելը, երգիչ-դերասանների հետ հարսանեկան սցենարների քննարկումներն ու նման կարգի պատրաստություններն ահագին երկար ժամանակ են խլում զույգերից։ Սրան գումարենք նախահարսանեկան ֆոտոսեսիան Եռաբլուրում, որ կարող էր մի ողջ օր խլած լիներ Պապիկյանից, և Բանակի հոբելյանի չպլանավորված լինելու մասին Ղազարյանի դիտարկումը ահագին ճշմարտանման է թվում։ Ի դեպ՝ Ղազարյանը ճիշտ է նկատել, որ ամեն տարվա նման ուժային կառույցները չեն շնորհավորել բանակի տոնը։ Մինչդեռ սա հոբելյանական էր, և նախատեսվում էր, որ շնորհավորանքները պետք է սովորականից շատ լինեին։ Ինչ վերաբերում է կարևորություն և նշանակություն չտալու հրահանգին, ապա այս իշխանությունը գրեթե ամեն օր է նման պատվեր իջեցնում հասարակությանը։ Սահմանի կահավորումների մասին հարցադրումները վարչապետը «ելակով է կտրում», գերեվարված զինվորների համար հայտարարվում է, թե նրանք այլևս գոյություն չունեն, վերադարձածներն էլ, որպես կանոն, կալանավորվում են։ Զորամասեր են փակվում, գումարտակներ են կրճատվում, նախկին ու ներկա գեներալներ են կալանավորվում ու տեղ-տեղ դառնում հանրության ագրեսիայի թիրախը։ Այնպես որ, չպլանավորելն էլ, նշանակություն չտալն էլ օրինաչափ են։ Հիվանդությամբ պատճառաբանելը՝ նույնպես։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ