...

Սուտ, լկտի սուտ և ճեպազրույց

Սուտ, լկտի սուտ և ճեպազրույց

Երևի ժամանակն է, որ Հայաստանում սահմանվի ստախոսության երեք մակարդակ՝ սովորական սուտ, լկտի սուտ և Նիկոլի ճեպազրույց։ Այսօր ականատես եղանք երրորդին, որի մի քանի դրվագների վրա էլ կցանկանայինք հրավիրել ձեր ուշադրությունը։

Սկսենք ամենացավոտ հարցի՝ Թրամփի ուղու վերաբերյալ նիկոլական ստերի բացահայտումից։ Նա հերթական անգամ հայտարարեց, թե մտահոգվելու կարիք չկա, որովհետև բոլոր «պարզեցումներն» իրականացվելու են 5 սկզբունքների շրջանակներում՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն։ Իսկ հիմա ուշադիր կարդանք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված հայ-ադրբեջանական համատեղ հռչակագրի տեքստի այդ հատվածը․ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։ Եթե նկատեցիք՝ ոչ թե 5, այլ 3 սկզբունք է, իսկ «փոխադարձության» մասին խոսք չկա։ Ինչո՞ւ։ Որովհետև խոսքը երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման մասին է, և ոչ թե TRIPP ուղու, այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնող 43 կիլոմետրանոց միջանցքի կամ ճանապարհի։ Իսկ ահա հաջորդ նախադասության մեջ, որը վերաբերում է արդեն միայն TRIPP-ին, ասվում է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ՀՀ տարածքով կլինի անխոչընդոտ հաղորդակցություն՝ «Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Այլ կերպ ասած՝ փոխադարձությունը վերաբերում է միայն մեր տարածքով անցնելիք 43 կիլոմետրին։ Էլի՛ շնորհակալ ենք, որ մեր տարածքում մեզ «փոխադարձ առավելություններ» են խոստանում։

Գործնականում սա նշանակում է հետևյալը։ Բաքու-Մեղրի-Նախիջևան երթուղով տեղափոխվող բեռները ՀՀ տարածքում «միջանցք» մտնելիս չեն ստուգվելու, Սյունիքով Երևան-Թեհրան ուղևորվող բեռնատարները՝ նույնպես (որովհետև Հայաստանը միջանցքում «փոխադարձ առավելություններ» ունի), այդ բեռները ստուգվելու են միայն հայ-իրանական սահմանին։ Փոխարենը՝ Երևան-Նախիջևան-Մեղրի երթուղով տեղափոխվող հայկական բեռներն ադրբեջանցիները ստուգելու են։ Նույնը՝ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ․ օրինակ՝ Ռուսաստանից Բաքու-Մեղրի-Նախիջևան-Թուրքիա երթուղով տեղափոխվող բեռները ՀՀ տարածքում չեն ստուգվելու, իսկ Հայաստանից Երևան-Մեղրի-Բաքու երթուղով Ռուսաստան տեղափոխվող հայկական բեռները Ադրբեջանի տարածքում ստուգվելու են։ Բայց Նիկոլն ասում է՝ չէ, ճիշտն ասած՝ այդ հարցերը չենք էլ քննարկել, բայց քանի որ «փոխադարձություն» բառը կա՝ մենք այդպես ենք պատկերացնում։ Ոչինչ, որ այդ բառը ուրիշ նախադասության մեջ է գրված և վերաբերում է միայն մեր տարածքով անցնող հատվածին։

Հիմա՝ բացահայտ ստախոսության ու ցինիզմի երկրորդ դրվագի մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իրականությունից կտրված է, իր իշխանության տարիներին է՛լ է իրականությունից կտրված եղել (որպես հիմնավորում՝ նշեց «քաղաքական սպանությունների շքերթը»), 2008-ին է՛լ (դրա համար էլ տնից դուրս չեկավ, իսկ ահա ինքը վերջին մարդն է եղել, որ լքել է հրապարակը), և այլն։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը ստորակետի ճշգրտությամբ կրկնում է այն «մեղադրանքները», որոնք 20 տարի շարունակ հնչեցնում էին Քոչարյանի ու Սերժի քարոզչական թիմերը։ Բայց նկատենք նաև, որ «իրականությունից կտրված» Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը պատերազմ է հաղթել, զինված բանդաներն էլ կարճ ժամանակում զինաթափվել են, իսկ «քաղաքական սպանությունների շքերթը»՝ կասեցվել։ 2008-ի մարտի 1-ին էլ, ի դեպ, նրան ուժով են դուրս բերել Ազատության հրապարակից, ու նա ի՛ր տանն էր մեկուսացված, տունն էլ շրջափակված էր հատուկջոկատայիններով։ Ի տարբերություն Նիկոլի, որի ապաստարանը որևէ մեկը չէր շրջափակել, բայց որն ամիսներով չուլանից դուրս չէր գալիս՝ իր փրկիչների (այսօր՝ հալածվող) կոմպոտները խփշտելով ու աղիողորմ ձայնով խնդրելով, որ հանկարծ «պայոկը» չուշացնեն։ Բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   86 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ