...

Քիչ էր մնում խաղաղություն հաստատվեր

Քիչ էր մնում խաղաղություն հաստատվեր

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում երկար-բարակ բացատրում էր, որ այ եթե Ալիևը գար Գրանադա ու սեղանին դրված փաստաթուղթը ստորագրեր՝ խաղաղության հաստատման հարցը կարելի էր լուծված համարել։ Դե իհարկե, որոշ ֆիզիոլոգիական առանձնահատկությունների առկայության դեպքում էլ կարելի էր մորաքրոջը քեռի ասել։ Բայց Հայաստանը, միևնույն է, շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, թեև նույն Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ Ադրբեջանը մտադիր է խաղաղություն հաստատել միայն իր «որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»։ Հենց այդպես կասկածելով էլ, հսկայական պատվիրակությունը ետևը գցած, այնուամենայնիվ գնում է Գրանադա։ Թե ինչու՝ հասկանալի է։ Մեկն ընկերոջն ասում է «մինչև գիշերվա ժամը 3-ը ֆուտբոլ էինք նայում», ընկերը զարմանում է՝ «բայց ֆուտբոլը ժամը 12-ին է վերջացել», սա էլ ասում է «հա, ֆուտբոլը վերջացել էր, բայց պիվան էլ հո չէ՞ր վերջացել»։ Հիմա սա է՝ Ալիևը չի գալու, բայց գործուղման փողերն արդեն դուրս են գրվել, պետության հաշվին աշխարհ տեսնելու հնարավորություններն էլ էսօր կան-վաղը չկան․․․ Ինչևէ։

Բայց հարց է ծագում՝ սեղանին դրված այդ ի՞նչ «շրջադարձային փաստաթուղթ» է, որ քիչ էր մնում ստորագրվեր։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խոսքը երեք սկզբունքների մասին է, որոնք նորություն չեն․ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների դելիմիտացիա՝ Ալմաթիի հռչակագրի քաղաքական հիմքի վրա, և կոմունիկացիաների բացում երկրների սուվերենության ու փոխադարձության սկզբունքով։ Այդ երեք սկզբունքներն իսկապես նորություն չեն, բայց ընդամենը մի քանի ամիս առաջ դրանց թիվը ոնց որ թե փոքր-ինչ այլ էր․ կար նաև «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորման» կետը։ Թե՞ Նիկոլն արդեն լուծել է այդ հարցը «չկա բնակչություն՝ չկա խնդիր» սկզբունքով։

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանն ասում է «խաղաղության համաձայնագիրը հայ-հայ ա ստորագրում էինք», ու հասկանալի է, որ այդ համաձայնագրով Ադրբեջանն անկլավներն էլ էր ստանալու, ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքն էլ, հետագայում «փոխհատուցման պահանջի» իրավունքն էլ․․․ Ու եթե այդքանից հետո Ալիևը չի մեկնում Գրանադա այդ թուղթը ստորագրելու՝ նշանակում է ավելին է ուզում։ Իսկ ո՞րը կարող է լինել այդ «ավելին»։ Հասկանալի է՝ Սյունիքը (ամբողջությամբ)։ Ինչպե՞ս։ Շատ պարզ՝ Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելով ու միջազգային ատյաններում դա «ապացուցելով»։ Բաքվում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրել «մարդկության դեմ հանցագործությունների» հոդվածներով, որոնք իբր իրականացրել են «Հայաստանի անօրինական զինված խմբավորումները», ու թե ինչ «ցուցմունքներ» կկորզեն նրանից կամ մյուս նախկին նախագահներից՝ կռահելը դժվար չէ։ Էլ ինչո՞ւ պիտի Ադրբեջանը շտապի Գրանադայում կամ որևէ այլ տեղ «շրջադարձային փաստաթուղթ» ստորագրել, եթե անսպասելիորեն նման հաղթաթղթեր է ձեռք բերել։ Կամ՝ Հռոմի ստատուտի վավերացմանն ի պատասխան նվեր ստացել ռուսներից։

Մինչդեռ կային ժամանակներ, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը գլուխը կախ իր ստորագրությունն էր դնում «Ղարաբաղում Հայաստանի անօրինական զինված խմբավորումների» հրամանատարի ստորագրության կողքին։ Ո՞վ կմտածեր, որ շատ չանցած՝ այդ հրամանատարն ու իր «գաղափարական ընկերները» դա բացառապես իրենց շնորհքը կհամարեն ու Հայաստանում հեղաշրջում կանեն՝ վերջնարդյունքում երկիրը հասցնելով այս օրվան։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1326 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ