ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Parliamentmonitoring.am-ի այն հարցին, թե ինչու է աշխատանքային այցով ԱՄՆ մեկնել բիզնես դասի ավիատոմսով, որի համար պետբյուջեից վճարվել է 3 միլիոն 375 հազար դրամ, ևս կես միլիոն դրամ փոխանցվել է գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել է շուրջ 250 հազար դրամ, ասել է.
«Ես չեմ համարում, որ երկրի ղեկավար կազմը աշխատանքային այց անելիս պետք է լինի 16 ժամ ինքնաթիռում չքնած ու դրանից հետո գնա բանակցի: Ես համարում եմ, որ դա ճիշտ է, և ուզում եմ ասել, որ բոլոր այն աշխատանքային կամ պաշտոնական այցերը, որտեղ թռիչքը երկար է լինելու, ունենալու են պայմաններ, որտեղ հնարավոր է լինելու աշխատել»:
«ՉԻ». Բայց հետաքրքիր մարդ է Ալեն Սիմոնյանը: Օրերով գնում է Հունաստան, կայֆավատ լինում, ասում են՝ ի՞նչ միջոցներով, թե բա՝ անձնական կյանքս է, մի խառնվեք, գնում է ԱՄՆ, ասում են՝ էս ի՞նչ ծախսեր են, թե բա՝ աշխատանքային այց է, պիտի ճամփին լավ քնեի:
Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե Հունաստան ու ԱՄՆ կատարած այցերի միջև տարբերությունը որն է եղել: Ինչ-որ մեկը գիտի՞, թե Նահանգներ կատարած այցը Հայաստանի համար ինչ արդյունք է տվել: Ում հետ է բանակցել, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել:
Մի հատ իմանանք՝ վերջը այդքան ծախս անելը հիմնավորվա՞ծ է եղել: Այսինքն՝ պետության հաշվին Միացյալ Նահանգներ հասնելը միայն մի դեպքում կարող է արդարացված լինել, եթե դա պետությանը ինչ-որ օգուտ է տվել:
Իսկ կային ժամանակներ, երբ երկրի վարչապետին հարցնում էին, թե ինչ փողերով է «Մարլբորո» ծխում: