...

Սեփական ինքնաձիգից արձակված կրակոցից

Սեփական ինքնաձիգից արձակված կրակոցից

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Լուրը հաստատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Իր հերթին դեպքի մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, ըստ որի՝ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ Ալբերտ Սիրոյանը 2022թ. մարտի 16-ին ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել։ 

Պաշտպանության նախարարությունը այսօր երկրորդ հաղորդագրությունն է տարածել, որտեղ նշված է․ «Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»:

Ի՞նչ է եղել՝ առաջիկայում կպարզեն կամ չեն պարզի։ Բոլոր դեպքերում այս պահին համապատասխան կառույցը հաստատել է, որ զինվորը սպանվել է իրեն ամրակցված ինքնաձիգից։ Հակառակորդի վարկածը բացառել են։ Ուստի՝ կոռեկտ կլինի, որ դավադրության տեսության սիրահարները գոնե այս պահին լռեն։ Ցավակցում ենք Ալբերտի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։

Հ․ Գ․ Զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Ալբերտ Սիրոյանը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։ Tert.am-ի հետ զրույցում Վարդաշենի նախկին համայնքապետ Գևորգ Բարխոյանը պատմել է հետևյալը․ «Ավելի վաղ տարիքում մահացել էր հայրը, իրենից մեծ քույր ունի, տան միակ որդին էր ինքը, սոցիալական անապահով պայմաններում են ապրում»։ Ալբերտը բանակ էր զորակոչվել էր 1 տարի 3 ամիս առաջ։

Գ․ Վ․  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4620 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ