...

Սերժ Սարգսյանը բողոքել է իրենց լրատվամիջոցներից ու իրենց դատական համակարգից

Սերժ Սարգսյանը բողոքել է իրենց լրատվամիջոցներից ու իրենց դատական համակարգից

Սերժ Սարգսյանն անցած շաբաթ մեկուկես տարվա լռությունը խախտեց, բայց ոչ Հայաստանում։ Զագրեբում (Խորվաթիայի Հանրապետություն) Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի ժամանակ ասել է․«2018 թվականի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:

Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»: Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ հեռանալը մեկ նպատակ է ունեցել՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: 

Իսկ մենք տեսնենք, թե Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր նման բովանդակության ելույթ ունենալ Հայաստանի կուսակցություններից որևէ մեկի համագումարում։ Իհարկե, ոչ։ Ամենայն հավանականությամբ մտածել է, թե Եվրոպայում այդքան էլ տեղեկացված չեն մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից։ Այն, որ Սերժ Սարգսյանն ինքն իրեն գրեթե հերոսացնելով խրոխտ հայտարարում է՝ հեռացել է, որ մարդկային զոհեր չլինեն և պետությունը զերծ է պահել վտանգավոր ցնցումներից, ստեղծված իրավիճակը մի քիչ ճիշտ չի ներկայացրել։ Ամենակարևորը և հիմնականը։ Ինքը չի հեռացել։ Հանրությունը մերժել է իրեն և քսանամյա ողջ համակարգը, որի մեկ տասնամյակը պատկանում է իրեն, իսկ դրան նախորդած քոչարյանական տասնամյակում էլ ունեցել է առանցքային դերակատարում։ Երկու տասնամյակում երկիրն ունեցել էր ցնցումներ, անդառնալի կորուստներով՝ Հոկտեմբերի 27 և Մարտի 1։ Իսկ ինքն իշխանության էր եկել արյունոտ Մարտի մեկով։ Խաղաղ ցուցարարների վրա այլևս կրակել չէին կարող։ Մարտի մեկին վերջացել էին բոլոր փամփուշտները։

Սերժ Սարգսյանն անչափ հետաքրքիր մարդ է, հասել է Եվրոպա և բողոքում է իրենց լրատվամիջոցներից, իրենց ստեղծած դատական համակարգից, որ ի՞նչ անեն։ Այո, դատական համակարգը անկախ չէ։ Այո, դատական համակարգը կախված է մերժվածներից։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ում որ մեղադրանք են ներկայացնում, մեղադրյալները «փախած» են լինում կամ էլ մեղադրյալներն այնպիսի անբուժելի հիվանդություններով են տառապում, որ հայրենի բժշկությունն անզոր է լինում և դարձյալ հայտնվում են արտերկրում, իսկ եթե հաջողվում է ինչ-որ մեկին բռնել, ապա շտապում են հայտարարել, թե քաղաքական հետապնդում  է։ 

Հիմա էլ Սերժ Սարգսյանն է հայտարարում, թե քաղաքական հետապնդումներ են լինում, բայց չի մանրամասնում, թե այդ որ մեկին են քաղաքական հայացքների համար մեղադրանք առաջադրել։ Եթե լրատվական դաշտի 90%-ը նախկիներինն է, ենթադրվում է, որ ատելության քարոզն էլ իրենցն է, սնկի նման աճում են տարատեսակ նյուզեր և եթե հավելենք 90-ականներից ատելության քարոզի ծանր հրետանի Վազգեն Մանուկյանին իր «Վերնատուն» ակումբով, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանն ում ատելության քարոզից էր խոսում։ Ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ ագրեսիվ վերաբերմունքից խոսելու ժամանակ պիտի հիշեր, թե ոնց էին իրենց քսանամյա ղեկավարման տարիներին փակվում հեռուստաընկերություններ և ընտրությունից ընտրություն պարտադիր դաժան ծեծի էին ենթարկվում լրագրողները, այն ժամանակ Սերժ Սարգսյանը մտահոգություն չուներ։ Քսան տարի երկրում ժողովրդավարական ընտրություններ չէին լինում, ինչքան ուզում, այնքան խփում էին, ժողովրդավարությանը սպառնացող վտանգ չկար, իսկ 70% լեգիտիմություն ունեցող իշխանությունը սպառնում է ժողովրդավարությանը։  

Այսուհանդերձ, Սերժ Սարգսյանը մի բան ճիշտ է ասել, որ հեղափոխական փոփոխություն չեն արել, բայց սա բխում է սերժսարգսյանների շահերից։ Այո, հեղափոխական փոփոխությունների դեպքում պիտի լինեին ընտրական օրենսգրքի փոփոխություններ, կուսակցությունների մասին նոր օրենք պիտի լիներ, պիտի բարեփոխվեին ոստիկանության ու ազգային անվտանգության համակարգերը, պիտի իրականացնեին վեթինգ, անցումային արդարադատություն, հեղափոխական փոփոխությունների դեպքում պետք էր առաջինն իրավաքաղաքական գնահատական տային Հանապետական կուսակցությանը, որ այսօր ռևանշի հույս չունենային և տարատեսակ կեղծ օրակարգերով բոլոլա չստեղծեին ու խեղճ Սորոսին հանգիստ թողնեին։ Քսան տարի Բաց հասարակության հիմնադրամները գոյություն ունեն։ Եթե ուրիշ պատճառ էլ չունենան, Սորոսն ու Ստամբուլյան կոնվենցիան բավարար են բոլոլայի համար։ 

Քանի դեռ շատ ուշ չէ, Նիկոլ Փաշինյանը պիտի լայվերի փոխարեն ռեալ փոփոխություններ անի և կեղծ օրակարգերին ուշադրություն չդարձնի, այլապես ուշ կլինի: Իր միակ հենարանի՝ ժողովրդի հիասթափությունը գնալով մեծանում է։ Իսկ երկրի համար անչափ մտահոգ Սերժ Սարգսյանը մի լավ բան կարող է անել՝ իր Հանրապետականի հետ հեռանա քաղաքական դաշտից։ 

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1211 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ