...

Սերմացու գողացող ու գոռացող մկները

Սերմացու գողացող ու գոռացող մկները

Լրագրող Գոհար Հայրապետյանը գրել է. «Եթե չեմ սխալվում Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ երկիր է։ 

Առաջնային մանդատ ունեցող պատգամավորները հիմի պիտի արտահերթ ԱԺ նիստ գումարեին։ Կանչեին վարչապետին, Պաշտպանության նախարարին, ԳՇ պետին ու մի շարք հարցեր տային։ Կարող ենք օգնել իբրև լրագրողներ ու այդ հարցերը ի մի բերել

* Արդյո՞ք ՊՆ նախարարը, երբ գիշերը տեղեկացավ ողբերգական դեպքի մասին, իր ծառայողական մեքենայով սլացել է դեպքի վայր։
* Ինչպե՞ս է ստացվել, որ զորամաս կոչեցյալը չի ունեցել հակահրդեհային համակարգ։ (Զարմանքով իմացանք որ Զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ ունենք, որին ի դեպ, հապշտապ ազատել են պաշտոնից)։ 
* Ինչո՞ւ է զորամասում եղել արգելված ավտոբենզին։ Ուղիղ մի տարի ասեկոսեներ էին պտտվում, որ որոշ ճարպիկ պատասխանատուներ դիզելի փոխարեն բերել են բենզին ու գումարային տարբերությունը գրպանել։
* Ինչու են հապշտապ գիշերով պաշտոնից ազատվում պատասխանատուները։ Սա պետք է ենթադրի ոչ միայն ազատում, այլ նաև քրեական պատասխանատվություն, բաց և թափանցիկ դատավարություն, որ հանրությանը պարզ լինի՝ արժանի՞ էին թե՞ պարզապես «քավության նոխազի» տրամաբանությամբ եք գործում:
* Ինչո՞ւ ՀՀ քաղաքացին ամեն օր սոցցանցերով պետք է ծխախոտ, քնապարկ, վերմակ-դոշակ հավաքի զինվորի համար։ 

Հարցերի ցանկը շատ է, ժողովրդի առաջնային մանդատով ընտրված պատգամավորներ, դուք սկսեք, հրավիրեք Աժ, մենք հարցերը կհավաքագրենք»։

«ՉԻ». Հարցադրումները ճիշտ են, բայց օրը ճաշ է դարձել, ինչ որ չենք տեսնում, որ խորհրդարանում այս ողբերգության վերաբերյալ հրատապ նիստ հրավիրեին: Մենակ այն, որ վառարանի համար բենզին են օգտագործել, արդեն մի հատ առանձին պատմություն է:

Բենզինն այսօր ավելի էժան է, քան դիզվառելիքը: Բենզինի լիտրը 350 դրամ է, դիզվառելիքի լիտրը՝ 500-530 դրամ: Բացառված չէ, որ այս տարբերության վրա ինչ-որ մարդիկ փող են աշխատել: Դիզվառելիքի պահանջարկը բավական մեծ է գյուղատնտեսական շրջան համարվող այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը: 

Պատկերացնո՞ւմ եք՝ այս դեպքը տեղի ունենար նախկինների օրոք: Բաղրամյան պողոտան մի ամսով կփակեին, մինչև առնվազն ՊՆ նախարարը հրաժարական չտար, կամ՝ չհանեին գործից: Փաշինյանի թերթը հատ-հատ կգրեր, թե ոնց են փոր գցած գեներալները սերմացու գողացող մկների պես թալանում բանակը, դիզվառելիքը, կամ բենզինի հետ ջուր խառնում:

Իսկ հիմա՝ հեչ, ի՞նչ է պատահել, կորպուսի հրամանատար է, բան է, կհանեն, կանցնի, կգնա: 

Հ.Գ. Առայժմ մի հոգի է հայտարարել հրաժարական տալու մասին, էն էլ Նոր Զելանդիայի վարչապետն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3017 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ