...

Շրջանառվող լուրեր կան քաղաքում, շրջանառվող լուրեր...

Շրջանառվող լուրեր կան քաղաքում, շրջանառվող լուրեր...

Երեկ կեսգիշերին վարչապետին խիստ մոտ կանգնած լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», հոդված է գրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ, ըստ որի՝ Մարությանը մի քանի անգամ փորձել է հրաժարական տալ, բայց Նիկոլը չի թողել, Մարությանը Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ ունի քավոր-սանիկական հարաբերություններ, սերտ հարաբերություններ է հաստատել Սեյրան Օհանյանի հետ, հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ և քանի որ այդպես է, ուրեմն, մեջբերում ենք. «լուրջ անդունդ է ձևավորվում նրան քաղաքապետ դարձրած քաղաքական թիմի և նրա միջև»:

Որպեսզի հասկանալի լինի նյութի որակը և Հայկ Մարությանին վերագրվող լուրերի իսկությունը, ընդամենը մի քանի մեջբերում անենք այդտեղից:

«Ըստ շրջանառվող տեղեկությունների...»:

«Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն...»

«Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին...»: 

«Թերևս ուշագրավ է նաև այն հանգամանքը...»:

Բան չի մնացել, հաջորդ անգամ էլ կգրեն՝ «ըստ օդում կախված լուրերի»: Մի ժամանակ քննադատում էինք քոչարյանական լրատվամիջոցներին, որ իշխանությունների և բարձրաստիճան պաշտոնյաների մասին լուրեր էին տարածում՝ «ըստ օդում կախված լուրերի» մակագրությամբ: Հիմա նույնը իշխանություններն են անում: Որ ասում էինք՝ նախկինների ինչքան վատ ու արատավոր գործելաոճեր կան, սրանք յուրացնում են՝ դրանք արմատախիլ անելու փոխարեն, ահավասիկ, տեսնում եք: 

Բայց կեսգիշերին հրապարակված հոդվածը առաջին սերիան էր: Երկրորդ սերիան սկսվեց այսօր, երբ հանկարծ՝ առավոտից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չաշխատեցին, քանի որ վարորդները բոյկոտ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում։ 

Ուրեմն, ներկայումս հանրային տրանսպորտի վարորդները ստանում են 260 հազ. դրամ մաքուր աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մաքուր, այսինքն՝ հարկերը հանած: Սա լուրջ թիվ է. այն աստիճան, որ մարդ ասում է՝ սաղ թողնի, գնա ավտոբուս քշի: Ու հիմա քաղաքային տրանսպորտը կաթվածահար վիճակում է: 

Վերջին օրերին, եթե ճիշտ ենք հիշում, մոտ 160 նոր ավտոբուս է Երևանի քաղաքապետարանը գործարկել մայրաքաղաքի մի քանի երթուղիներում: Ավտոբուսները կահավորված են ներքին և արտաքին տեսախցիկներով, USB պորտերով, ավտոմատ փոխանցման տուփեր են լինելու, գազով են աշխատելու: Բայց ամենակարևորը, որ ավտոբուսներում տեղադրվելու են վճարման ավտոմատ ապարատներ: Այսինքն, ուղևորը 100 դրամը վճարելու է ոչ թե վարորդին, այլ այդ ավտոմատին: Շուտով հնարավոր է լինելու նաև վճարել բանկային քարտով, QR կոդով: Ու վարորդներից շատերը այսօր պահանջում են վճարման համակարգը չտեղադրել, քանի որ այդպես իրենք 100 դրամներից «կրայիտ» անելու հնարավորություն չեն ունենա: Չեն էլ թաքցնում դա: 

Իսկ մեր կարծիքով, նման «նագլիությունը» պայմանավորված է նրանով, որ այդ վարորդներին կողքից, վերևից, տակից բզել են, ուղղորդել են, որ չաշխատեն: Ասել են՝ առաջին սերիան երեկ կեսգիշերին ցույց տվեցինք, դուք մասնակցեք երկրորդ սերիային: Ուրիշ տրամաբանական բացատրություն վարորդների այս բոյկոտին չկա: 

Ակնհայտ է, որ Հայկ Մարությանի դեմ ուղղորդված արշավ է սկսվել: Որովհետև, հայտնի բան է. ով տիրում է Երևանին, նա տիրում է Հայաստանին: Մանավանդ, Սյունիքի շուրջ ծավալվող զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ այդ արտահայտությունը իրողություն դառնա բառիս բուն իմաստով: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3806 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ