...

Հայաստանի փորձը կարող է հետաքրքրել բրիտանացի գիտնականներին

Հայաստանի փորձը կարող է հետաքրքրել բրիտանացի գիտնականներին

«Հետք»-ը հրապարակել է կոռուպցիոն հերթական պատմությունը՝ դարձյալ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ։ Խոսքը Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի մասին է, որը ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Ըստ հրապարակման՝ միայն 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Ամենախոշոր պայամանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։ Կայքը հիշեցրել է, որ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Մաթևոսյանը Վայքում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, և արդյունքում՝ ընտրվել համայնքի ղեկավար։ Բայց սա դեռ ամենը չէ։ 

Մխիթար Մաթևոսյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։ Սակայն 2021թ․ հոկտեմբերին, այսինքն՝ ընտրություններից երկու ամիս առաջ, քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։

Ամփոփենք՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր տեղը ժողովրդավարության բարձր լիգայում։ Շուտով ժողովրդավարական պետությունները սկսելու են հատուկ դիտարկել մեր երկրի փորձը՝ ինչպե՞ս է հնարավոր լինել Նիկոլ Փաշինյանի ասած բարձրագույն լիգայում, բայց ամեն օր բախվել իշխանական շրջանակների հերթական կոռուպցիոն պատմությանը։ Ի դեպ, նմանօրինակ քեյսերի դիտարկումից հասկանալի է դառնում, որ այսօրվա իշխանիկները գերարագ են լկտիանում, այսինքն՝ օրը ցերեկով բոլորի աչքի առաջ պետական փողերը սեփական գրպաններն են ուղղորդում՝ օգտագործելով ընտանիքի անդամներին։ Եթե նախկինում դա արվում էր թաքուն կամ միջնորդավորված, ապա հիմա ուղիղ գնումն իրականացվում է սեփական ընտանիքի որևէ անդամից՝ կնոջից, մորից կամ հորից։ Ի դեպ, չլիներ այս պատմությունը, ոչ էլ կիմանայինք, որ պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս տված Մաթևոսյանի գործը, որը երկու տարի քննել են, ընտրությունների նախաշեմին կարճել են՝ հնարավորություն ընձեռելով նրան գլխավորել ՔՊ ցուցակը և այդ ցուցակով էլ դառնալ համայնքի ղեկավար։ Եթե մտածում եք՝ պատահական համընկնում է, ուրեմն բժշկի դիմելու ճիշտ ժամանակն է։ Գիտակցության մթագնումը լուրջ հիվանդության ախտանիշ է։ 

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   704 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ