...

Տարածաշրջանի ամենաանիմաստ մանկապարտեզը

Տարածաշրջանի ամենաանիմաստ մանկապարտեզը

Ազգային ժողովում քվեարկության է դրվել Բերձորի /Լաչինի/ միջանցքի վերաբերյալ ԱԺ հայտարարության՝ ընդդիմության հեղինակած նախագիծը, սակայն ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը, և հայտարարությունը չի ընդունվել։

Ու այս անիմաստ «տուն-տունիկի» վերջը չի երևում։ Ընդդիմությունը հարցն այնպես է ներկայացնում, կարծես եթե հայտարարությունն ընդունվեր՝ միջանցքն անմիջապես բացվելու էր, բայց ՔՊ-ը, նախագիծը տապալելով, փաստորեն մասնակցում է Արցախի շրջափակմանը։ Իշխանություններն էլ իրենց հերթին են տարօրինակ պահվածք դրսևորում․ հրաժարվում են ընդունել մի հայտարարություն, որը գրեթե ամբողջությամբ (բացի, թերևս, «Բերձոր» անվանումից) բառ առ բառ կրկնում է տարբեր ամբիոններից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչերը, դիմումները, հորդորները, և այլն։ Իսկ գործնականում սա նշանակում է, որ Արցախի ճակատագիրը խորհրդարանում ներկայացված ուժերին առանձնապես չի հետաքրքրում, պարզապես ընդդիմությունն ուզում է իբր սրտացավ և համեմատաբար «դուխով» հայտարարությամբ ժողովրդին դուր գալ, իշխանություններն էլ չեն ուզում թույլ տալ դա։

Ըստ երևույթին Ազգային ժողովը Հայաստանում գործող միակ մանկապարտեզն է, որը ոչ միայն վճարովի չէ, այլև դեռ մի բան էլ «երեխաներին» են ահռելի գումարներ վճարում՝ անիմաստ աջուձախ վազվզելու, միմյանց ճանկռտելու և իրար փիս-փիս բառեր ասելու համար։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   376 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ