...

«Վարչապետ չունենաս լավ ա՞, թե՞ Նիկոլի նման ունենաս»

«Վարչապետ չունենաս լավ ա՞, թե՞ Նիկոլի նման ունենաս»

«Արցախը կորցնես լավ ա՞, թե՞ Հայաստանը», հայտարարել է ՔՊ-ական ինչ-որ պատգամավոր, ու այդ հարցադրումը բուռն էմոցիաներ է առաջացրել հանրության շրջանում՝ զայրույթ, հուսահատություն, նույնիսկ՝ անթաքույց հրճվանք․․․ Այո, նաև հրճվանք, որովհետև ընդդիմության համար դա հերթական հրաշալի հնարավորությունն է՝ ցույց տալ, թե ինչ անհայրենիք տհասներ են ղեկավարում երկիրը, և երկրորդ՝ կարելի է մեծ ոգևորությամբ «հիմնավորել», թե «դե ի՞նչ տարբերություն, Լևոնն էլ էր ժամանակին ասում, որ պետք է մասը զիջել՝ ամբողջը փրկելու համար, հիմա Նիկոլն այդ նույն բանն է ասում»։

Ովքեր տարբերությունը չեն ցանկանում տեսնել՝ չեն տեսնի, եթե անգամ, հայտնի անեկդոտի նման, «տարբերությունը հանես-կոխես աչքը»։ Բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ պարզաբանենք, որ մի՛ բան է, երբ ուրիշինը վերադարձնում ես իրեն՝ քոնը քեզ պահելու համար (հինգ շրջանները վերադարձնում ես՝ Արցախի Լաչինի շրջանի հետ միասին միջազգայնորեն ճանաչված կարգավիճակով հայկական պահելու համար), և բոլորովին այլ բան, երբ արդարացիորեն քե՛զ պատկանածի մի մասն ես տալիս՝ մյուս մասը փրկելու անորոշ հույսով։

Բայց խնդիրը նույնիսկ այս ակնհայտ տարբերությունը չէ։ «Արցախը կորցնես լավ ա՞, թե՞ Հայաստանը» հարցադրումն ինքնին տխմարություն է այն պարզ պատճառով, որ որևէ մեկը մեզ չի խոստացել և չի երաշխավորելու, որ եթե Արցախը կորցնենք՝ Հայաստանը կորցնելու «թեման» մեջտեղից դուրս է գալու։ Ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն Արցախը կլանելը համարում է արդեն կայացած փաստ կամ ծրագիր, որի վերջնական իրականացումն ընդամենը «տեխնիկայի հարց է» և առաջին փոքրիկ քայլը՝ Հայաստանի առնվազն կեսը ևս կլանելու ճանապարհին։ Դրա համար էլ, ի դեպ, «խաղաղության պայմանագիրն» առ այսօր չի ստորագրվել ու չի էլ ստորագրվելու, թեև Փաշինյանն էլ, Ալիևն էլ անընդհատ խոսում են իրենց «պատրաստակամության» մասին։

Ի դեպ՝ եթե նկատեցիք, մի քանի ժամ տևած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ պարզ-հստակ չբացատրեց, թե ինչո՞ւ այդ համաձայնագիրը չի ստորագրվում։ «Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է․․․» և նման կարգի անորոշ ձևակերպումների փոխարեն պետք էր շատ կոնկրետ ասել, օրինակ, որ Ադրբեջանն Արցախից հրաժարվելուց բացի պահանջում է նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա՝ իր պայմաններով, անկլավների և 8 գյուղերի վերադարձ, Սյունիքով արտատարածքային միջանցք, մոտ 200 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձ Սյունիք, Սևանի ավազան, Արարատյան դաշտ և այլն, դրա համար էլ չենք ստորագրում։ 

Իրականում պրոբլեմն այն է, որ մի հարցում Փաշինյանի ու Ալիևի շահերն իսկապես համընկնում են՝ երկուսին էլ խաղաղության պայմանագիրը պետք չէ։ Ալիևին պետք չէ, որովհետև պայմանագրի բացակայությունը նրան հնարավորություն է տալիս շարունակել սողացող ագրեսիան՝ շրջափակմամբ խեղդել Արցախը, ներխուժել ՀՀ տարածք ու բացահայտորեն պատրաստվել նոր պատերազմի, իսկ Նիկոլին պետք չէ, որովհետև պայմանագրի բացակայության պայմաններում նա կարող է մեղադրել ում ասես, իսկ ստորագրելու դեպքում միանգամից ակնհայտ կդառնա այն աղետը, որի մեջ նա գցել է Հայաստանն ու Արցախը, և որի իրական մասշտաբների մասին առ այսօր հստակ պատկերացում չունենք, արտաքին ուժերի համար էլ ստորագրելուց հետո նա կդառնա բացարձակապես անիմաստ «ժամկետանց ապրանք», որին պետք է ընդամենը մի կողմ հրել («համաժողովրդական ցասման ալիքի տակ», «պալատական հեղաշրջման արդյունքում», թե «դժբախտ պատահարի հետևանքով»՝ էական չէ)։ 

Ինչ-ինչ, բայց Նիկոլ Փաշինյանը սա լավ է հասկանում, ու նրա վախերը տեսանելի են։ Ադրբեջանն էլ մինչև վերջ օգտվում է այդ վախերից։ Ո՞վ լիներ՝ չօգտվեր։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1945 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ