...

Վլադիմիր Վիսոցկուց մինչև Նունե Եսայան ու Գագիկ Ծառուկյան

Վլադիմիր Վիսոցկուց մինչև Նունե Եսայան ու Գագիկ Ծառուկյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ծավալուն վերլուծություն է գրել էլիտաների անհրաժեշտության և որակի մասին: Մասնավորապես, նա նշել է. «Այս իշխանությունը շատ նման է մի մեծ հասարակական կազմակերպության, որն ունի իր կոնկրետ շահառուներն ու թիրախ խմբերը, և այդ շրջանակներից դուրս չի գործում:

Միայն նոր ազգային-առաջադիմական էլիտան կարող է կազմակերպել ներհասարակական երկխոսություն Արցախի խնդրի շուրջ, Հարավային Կովկասում մեր ոչ միայն գոյատևման, այլև զարգացման մասին, հարևանների հետ մեր հարաբերությունների և այլնի մասին։

Մենք պետք է խոսենք, որ լուծումներ գտնենք։ Եթե մենք չխոսենք, փակ թեմաները շարունակելու են խեղել, խեղդել մեր հասարակությանը։ Եվ պարբերաբար նոր՝ ավելի վտանգավոր պատահականություններ են գալու իշխանության։

Մենք պետք է ձևավորենք առաջ գնալու թիմ, պետությունը և հասարակությունն առաջ տանելու ունակ էլիտա։ Պետք է անենք հիմա ու իրար վստահելով»։

Խելոք մտքեր է հայտնել Վահե Հովհաննիսյանը: Արծարծել է կարևոր թեմա: Դեռ 1990-ականների սկզբներից Հայաստանում նոր որակի քաղաքական, տնտեսական և մշակութային էլիտա ձևավորելու գաղափարը շոշափվում էր: 

Նախ, պետք է հասկանալ, թե ինչ բան է «էլիտան»: Կա դրա երկու հիմնական բացատրություն: Մեկը՝ դա մարդկանց այն խումբն է, որը օժտված է մեծ իշխանությամբ, լծակներով և ահռելի ազդեցություն ունի քաղաքական գործընթացների վրա: Նման էլիտայի դեպքում մտավոր, բարոյական հատկանիշները երկրորդական են, այսինքն՝ դրանք չեն կարևորվում:

Եվ կա մեկ այլ էլիտա. սա այն անհատների խումբն է, որոնք մտավոր և բարոյական բարձր հատկանիշներով են օժտված, հստակ արժեքների և սկզբունքների կրող են, որոնք գտնվում են հասարակության ավանգարդում և այդ հասարակության համար ճիշտ ու սխալի ուղեցույց են, ունեն հանրությանն առաջ մղելու էներգիա:

ԽՍՀՄ-ի օրինակով սա լավ է երևում: Այնտեղ կար երկու էլիտա. մեկը իշխանական, պարտիական էլիտան էր: Այն անսահմանափակ քաղաքական ազդեցություն ուներ, նա էր որոշում երկրի զարգացման վեկտորը: Ու դրա հետ մեկտեղ պարտիական էլիտան զուրկ էր մտավոր, բարոյական արժեքներից, որևէ հեղինակություն չէր վայելում, չուներ համոզմունքներ և արժեքներ, զբաղված էր բացառապես իր բարեկեցիկ կյանքը վայելելով, հանրությանը պարտադրում էր կեղծ արժեքներ:

Եվ կար մշակութային էլիտա. շատ հաճախ նրանց անվանում են այլախոհների խումբ, բայց միայն այլախոհությունը քիչ է էլիտա համարելու համար: Մենք շատ այլախոհներ գիտենք, որոնք այլ իրողություններում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ցույց տվեցին իրենց ողջ դատարկությունն ու գաղափարական սնանկությունը: Խորհրդային մշակութային էլիտան (տնտեսական էլիտա լիներ չէր կարող) առաջին հերթին արժեքների, գաղափարների գեներատոր էր, որը կարող էր հանրությանը բարոյական և մտավոր այն արժեքները տալ, որը պարտիական էլիտան անկարող էր: Այդ էլիտայի ներկայացուցիչները մարդկանց վարքի, կենսակերպի, փոխհարաբերությունների նոր դոգմաներ էին առաջարկում և հանրության առավել առաջադեմ խավը հենց այդ էլիտայի շնորհիվ սկսեց ձևավորվել: Վիսոցկի, Օկուջավա, Ռոյ Մեդվեդև, Գրեբենշիկով, Սախարով, Անդրեյ Սինյավսկի, Ալեքսանդր Գալիչ. սա ընդամենը մի փոքրիկ մասն է խորհրդային մշակութային էլիտայի:

Նորանկախ Հայաստանում նման էլիտայի ձևավորման ինչ-որ նախանշաններ կային: Ունեինք մշակութային ոլորտի ակնառու գործիչներ, որոնք փորձում էին նոր ժամանակների մարտահրավերներին գտնել պատասխաններ, հանրությանը ազդակներ հաղորդել, որակական նոր հարթության բարձրացնել, լինել հանրության ավանգարդում: Խորեն Աբրահամյան ունեինք, Հրանտ Մաթևոսյան, Մհեր Մկրտչյան, Սիլվա Կապուտիկյան, Ֆրունզե Դովլաթյան, Օհան Դուրյան, Վանո Սիրադեղյան և այլն: Քաղաքական և տնտեսական էլիտաների հարցն ավելի բարդ էր, քանի որ այդ ավանդույթները, այդ մշակույթը չենք ունեցել, դրանք դեռ նոր պետք է ձևավորվեին, պատերազմի, շրջափակման և այլ պատճառներով այդ գործընթացը շատ դանդաղ էր ընթանում:

Հիմա հարց է առաջանում. ի՞նչ գործ ունի Վահե Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի կողքին: Խոսել էլիտայի անհրաժեշտության մասին և գնալ, կանգնել մի մարդու կողքին, որը խորհրդային գավառական էլիտայի վառ ներկայացուցիչ է.... այդ դեպքում էլիտայի մասին լոլոներ գրելու իմաստը ո՞րն է: Ռոբերտ Քոչարյանը՝ որպես գավառական էլիտայի  ներկայացուցիչ, գտնվում է մտավոր, բարոյական ամենացածր նշաձողի վրա, որը չունի ոչ մի համոզմունք, ոչ մի արժեք, ոչ մի մնայուն բան: Գավառական էլիտայի ներկայացուցիչների համար հայրենիք, ընկերություն, բարոյականություն, սեր հասկացություններն ընդամենը բառեր են, որոնք իրենք սիրում են օրը հարյուր անգամ արտասանել՝ փորձելով թաքցնել իրենց սնանկությունն ու դատարկությունը: Եվ ինչպես գավառական էլիտայի ցանկացած ներկայացուցիչ, Քոչարյանի համար միայն սեփական բարեկեցությունն է միակ արժեքը, որի համար նա իսկապես քիչ բան չի արել: Որն իր ամբողջ կյանքն անցել է ստի, կեղծիքի ճանապարհով, ու հիմա էլ է դրանով զբաղված, որովհետև ուրիշ բան չգիտի:

1998-ին Քոչարյանը Հայաստանում իշխանության է եկել: Հիմա տեսնենք, թե նրա օրոք ինչ «էլիտաներ» են ձևավորվել: Քաղաքական դաշտը ամայացրել են, եղել են միայն ինքն ու Սերժ Սարգսյանը: Տնտեսական դաշտում իրենց ստեղծածը եղել է Գագիկ Ծառուկյանն ու Միշա Բաղդասարովը: Մշակութային դաշտի «էլիտան» էլ Նունե Եսայանն ու Թաթուլն են եղել: Այսինքն, երբ Քոչարյանը եկել է Հայաստան, ոչ թե փորձել է իր գավառական մակարդակից վեր բարձրանալ, նոր արժեքներ որդեգրել, այլ ամբողջ հանրությանն է փորձել իր մակարդակին իջեցնել: Միայն գավառամիտ, հետամնաց հասարակության դեպքում նա կարող էր ինչ-որ մեկի հետ համեմատվել: Ու դրա արդյունքները մինչև հիմա զգացվում են ամենուրեք: Բոլոր ոլորտներում: Էդ որ ասում են՝ Սորոս, չիպ, թուրքի լամուկ, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող և այլն. դա հենց նախկին իշխանությունների սերմանած գավառամտության դրսևորումներ են: Բա որտեղի՞ց էլիտա ունենայինք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ