«Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը երեք լեզվով գիտեմ, իմ հորական կողմի պապը քահանա է եղել», հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Եթե նման գիտելիքները փոխանցվում են գենետիկորեն՝ կարելի է վստահ լինել, որ Քոչարյանի թոռները վաղ տարիքից վարժ բասկետբոլ են խաղալու, կախվելու են տուռնիկից, կարողանալու են վիզկապ կապել, հրաշալի անեկդոտներ են պատմելու կլիզմայի մասին, և իհարկե՝ բացառիկ գործարար ջիղ են ունենալու։
Ի դեպ՝ գործարար ջիղի մասին։ Պրն Քոչարյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու հայտարարել, թե «պաշտոնյաների փոխկապվածությունը բիզնեսների հետ պետք է բացառվի»։ Այ սա արդեն հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ Հակառակ դեպքում ինչ-որ անպատասխանատու պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք անսպասելիորեն ձեռք կբերեն «բոմբոներկա» հյուրանոցներ, բժշկական կենտրոններ, բանկեր, հանգստյան տներ, ավտոմեքենաների ու հեռախոսների ներկրման մենաշնորհներ, ադամանդի հանքեր, բարեկամ երկրների ինչ-որ կղզիներ և այլն։ Դրա համար էլ ցանկալի է ընտրել Քոչարյանին, որ նա գա և անմիջապես բացառի այդ ամենը։