...

«Խաղաղության դարաշրջանը»՝ Անորսալի Ջոյի սկզբունքով

«Խաղաղության դարաշրջանը»՝ Անորսալի Ջոյի սկզբունքով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը (սա այն նույն ՔՊ-ական պաշտոնյան է, որն ամիսներ առաջ հայտարարել էր, թե Հայաստանի իրական անկախության օր պետք է հռչակել սեպտեմբերի 19-ը՝ Արցախի ամբողջական հայաթափման օրը) հիմա էլ հայտարարել է, թե այսուհետ հայ արտադրողներն իրենց արտադրանքը չեն մակնշի «կոնյակ» անվանումով, փոխարենը «Հայկական բրենդին» կգրանցվի որպես աշխարհագրական նշում։

Սա, հասկանալի է, ոչ թե էկոնոմիկայի նախարարի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումն է, որը վերջերս անսպասելիորեն տեղեկացել էր, որ Կոնյակը ոչ թե խմիչքի անուն է, այլ աշխարհագրական տեղանուն, իսկ որպես «կոնյակ» կարող է մակնշվել միայն ֆրանսիական այդ տարածաշրջանում արտադրված խմիչքը։ Ափսոս՝ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի տեղեկացրել, որ դեռևս 1900 թվականին՝ 124 տարի առաջ, Շուստովի երևանյան կոմբինատում արտադրված հայկական կոնյակը Փարիզի միջազգային մրցույթում «Ֆին-շամպայն ընտիր» անվանումով երկու անգամ անընդմեջ «կույր դեգուստացիայի» փուլում հաղթող է ճանաչվել, արժանացել գրան-պրիի և որպես բացառություն՝ իրավունք ստացել օգտագործել «կոնյակ» մակնշումը։ Աշխարհի ցանկացած այլ երկիր կփորձեր օգտագործել այս փաստը և պայքարել իր կարևորագույն բրենդներից մեկի համար, բայց՝ չէ․ Նիկոլը որոշել է դա է՛լ հանձնել, որպեսզի հանկարծ որևէ մեկին չբարկացնի։ Փոխարենը՝ կգրանցի «Հայկական բրենդին»։ Վրացիները, ի դեպ, վաղուց իրենց չաչան (պարզ ասած՝ խաղողի չեչից քաշած «յաթրջին») գրանցել են որպես բրենդի, իսկ մենք մեր կոնյակը նո՛ր պիտի որպես «բրենդի» գրանցենք։

Ընդհանրապես՝ այնպիսի տպավորություն է, թե Հայաստանը սնանկացման և լուծարման փուլում է, պարտքերի պատճառով մեր ունեցվածքը դրվել է հարկադիր աճուրդի, Նիկոլ Փաշինյանն էլ աջուձախ բոլորին «էստի համեցեք» է կանչում՝ «էկեք ում ինչ պետք ա՝ հարմար գներով տարեք»։ Ադրբեջանին պատմությո՞նն է հետաքրքրում՝ համեցեք, Ուրարտուն հայտարարեք ադրբեջանցիների նախահայրենիք, Ղարաբաղը հայտարարենք ադրբեջանական, միջնադարյան ճարտարապետությո՞ւնն է հետաքրքրում՝ հարց չկա, դուք անվանեք «ալբանական»՝ մենք ձայն-ծպտուն չենք հանի, խոհանո՞ցն է հետաքրքրում՝ պրոբլեմ չունեք, տոլմայով, հարիսայով-բանով վերցրեք, ֆրանսիացիներին «հայկական կոնյակ» անվանո՞ւմն է մտահոգում՝ նաղդ հրաժարվող ենք, վրացիները Լոռի՞ն են համարում «պատմական Վրաստան»՝ խնդիր չկա, և իմիջիայլոց՝ մի հատ էլ Մեղրիով անցնող «կուկլա միջանցք» ունենք, նայեք-որոշեք ով է հարմար գին տալիս (ռուսներից բացի), տանք-պրծնենք։ Բայց՝ մի պայմանով․ ես պիտի մնամ լուծարային հանձնաժողովի փոխնախագահ, մեկ-մեկ էլ եթե գամ ձեր երկրները՝ պիտի հեծանիվ քշելու պայմաններ ստեղծեք։

Ահա այսպիսին է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «խաղաղության դարաշրջանը»։ Ով ինչ ուզում է՝ սուսուփուս հանձնում ես, ու երբ այլևս որևէ արժեքավոր բան չես ունենում՝ քեզ հանգիստ են թողնում։ «Անորսալի Ջոյի» նման, որին որսալը պարզապես անիմաստ է դառնում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ