...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի անկախության հիմնադիրն Ալիևն է

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի անկախության հիմնադիրն Ալիևն է

«Թթենին» կարճամետրաժ ֆիլմի վերջին դրվագը երևի շատերն են հիշում։ Տղամարդը բարձրացնում է գիշերանոթի («գարշոկի») վրա նստած երեխային, առանց նայելու ձեռքը մտցնում գիշերանոթի մեջ, ու տեսնելով, որ երեխան վերջապես իր «գործն արել է»՝ ուրախացած գոռում «սդե՛լալ, սդե՛լալ»։ Ճիշտ այդպես էլ մոտավորապես նույն որակի մի բան վերջապես «սդելալ» նիկոլական իշխանությունը։ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը մի քանի օր առաջ հայտարարեց, թե «եթե ուզում եք ճիշտն իմանալ»՝ Հայաստանի իրական անկախության օրը ոչ թե սեպտեմբերի 21-ն է (նկատի ունի 1991 թ․ սեպտեմբերի 21-ը), այլ սեպտեմբերի 19-ը (հասկանալի է՝ 2023-ի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց ու մինչև վերջին մարդը հայաթափեց Արցախը)։

Այս խոսքերի հեղինակը պատահական մարդ չէ, ԱԺ մի ամբողջ հանձնաժողովի նախագահ է և ՔՊ վարչության փոխնախագահ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի տեղակալը, ու քանի որ հայտարարությունից էլ արդեն 5 օր է անցել, իսկ հեղինակի ականջները դեռ տեղում են՝  նշանակում է նա ընդամենը շեֆի կարծիքն է բարձրաձայնել։ Այսինքն՝ «արձանագրել է» շեֆի այն համոզմունքը, որ քանի դեռ Արցախում հայեր էին ապրում՝ Հայաստանն անկախ չէր, անկախությունը սկսվել է այն օրվանից, երբ այնտեղ այլևս հայեր չեն ապրում։ 

Սա արդեն նույնիսկ դավաճանություն չէ, սա ավելի շատ հոգեկան հիվանդություն է հիշեցնում, բայց մենք, այնուամենայնիվ, կփորձենք զերծ մնալ էմոցիոնալ գնահատականներից ու ընդամենը կետ առ կետ ներկայացնել, թե իրականում ինչ է «արձանագրում» Նիկոլ Փաշինյանն իր «այս տրամաբանությամբ»։ Եվ այսպես՝ սա նշանակում է, որ․

1․ Հայաստանի իշխանությունները, որոնք 1991-ին Անկախություն են հռչակել ու ամեն ինչ արել, որ Արցախը մնա հայկական, իրականում պայքարել են Հայաստանի անկախության դեմ։

2․ 44-օրյա պատերազմում հայկական բանակը պայքարում էր, որպեսզի Հայաստանը հանկարծ անկախ պետություն չդառնա, 4 հազարից ավելի մեր զինվորներն էլ զոհվել են, որպեսզի Արցախում շարունակեն հայեր ապրել, այսինքն՝ կռվել են Հայաստանի անկախության դեմ, իսկ ահա «11 հազար դասալիքները» Հայաստանի անկախության իսկական նվիրյալներն էին։

3․ Նիկոլ Փաշինյանն ինքը, պատերազմի օրերին կոչ անելով «գնալ պատերազմ և հաղթել», փաստացի Հայաստանի դեմ դավաճանական գործունեություն է իրականացրել, որովհետև եթե հաղթեինք՝ Արցախն այսօր հայկական էր լինելու, այսինքն՝ Հայաստանն անկախ չէր լինելու։

4․ Ադրբեջանական բանակը, հայաթափելով Արցախը, փաստացի օգնել է, որ Հայաստանը դառնա անկախ պետություն, այսինքն՝ այդ տրամաբանությամբ, Հայաստանի անկախության հարցում ամենամեծ ներդրումն ունի Ալիևը (Էրդողանին, ռուս խաղաղապահներին  ու վարձկան ահաբեկիչներին չհաշված)։

5․ Եվ ընդհանրապես՝ առնվազն վերջին 3 հազար տարիների ընթացքում Հայաստանը երբեք անկախ չի եղել, որովհետև Արցախը միշտ հայաբնակ է եղել։ Ու միայն Նիկոլ Փաշինյանին է հաջողվել լուծել այդ հարցը՝ Արցախի հայաթափման գնով Հայաստանը դարձնել «իրապես անկախ»։

Այսքանից հետո, կարծում ենք, հասկանալի պիտի լինի նիկոլական իշխանությունների՝ մինչ այս տարօրինակ թվացող պահվածքը 44-օրյա պատերազմի օրերին։ Եթե նրանք համարում էին, որ Հայաստանն «իրապես անկախ» կարող է լինել միայն Արցախի ամբողջական հայաթափման դեպքում, բնականաբար՝ պիտի ամեն ինչ անեին, որպեսզի պատերազմի արդյունքը հենց այդպիսին լիներ, ու Հայաստանն անկախանար։ Այնպես որ՝ ինքնախոստովանությունների հաջորդ փուլում երևի արդեն բացահայտորեն կասեն «այո, դիտմամբ ենք պարտվել, որովհետև առանց դրա Հայաստանն անկախություն չէր ունենա»։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ