...

1997-ին՝ Կինոյի տուն, 2023-ին՝ կրկեսի արենա

1997-ին՝ Կինոյի տուն, 2023-ին՝ կրկեսի արենա

Ասում են՝ պատմությունը կրկնվում է․ առաջին անգամ ողբերգության տեսքով, երկրորդ անգամ՝ ֆարսի։ Մի քանի օր առաջ ԱԺ դահլիճում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած «քննարկումները» հաստատ ֆարսն էին, որովհետև ողբերգությունը տեղի էր ունեցել 25 տարի առաջ՝ 1997-ի հոկտեմբերին, Կինոյի տանը, որտեղ մոտ 500 քաղաքական գործիչներ ու մտավորականներ հավաքվել էին՝ օրվա իշխանություններից «փրկելու» Արցախը։

Իսկ ինչո՞ւ էր մի քանի օր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցածն ընդամենը ֆարս։ Որովհետև 25 տարվա վաղեմության «փրկչական առաքելության» հետ նմանությունները զուտ մակերեսային են։ Ճիշտ է, այս անգամ էլ էին հավաքվել առավելապես «ռուսամետները» (Կինոյի տանը հավաքված քաղաքական գործիչների ու «ռազմահայրենասեր մտավորականների» ճնշող մեծամասնությունը, հիշեցնենք, կարճ ժամանակ անց մեծ հաճույքով միացավ Ռուսաստան-Բելառուս դաշինքին Հայաստանի անդամակցության պահանջով ստորագրահավաքին), այս անգամ էլ էր թեման «Արցախի փրկությունը», իսկ ամենահաճախ օգտագործվող արտահայտությունը «դավաճան իշխանություններ» բառակապակցությունն էր, այս անգամ էլ էին «քննարկումները» կազմակերպել Քոչարյանը, Սերժն ու դաշնակները, բայց այսքանով էլ նմանություններն ավարտվում են։ Իսկ ահա տարբերությունները շատ ավելի բովանդակային էին և խորը։

Բանն այն է, որ 1997-ին Կինոյի տանը «ոչմիթիզական ռազմահայրենասերները» պայքարում էին արժանապատիվ խաղաղության համար ճանապարհ հարթած քաղաքական իշխանությունների դեմ, իսկ 2023-ին՝ արժանապատիվ խաղաղության բոլոր հնարավորությունները հիմնահատակ ավերելուց ավելի քան 2 տարի անց, ԱԺ դահլիճում թեժ ճակատամարտ էր ընթանում արդեն «ոչմիթիզական ռազմահայրենասերների» երկու թևերի միջև։ Մի կողմում նույն քոչարյանա-սեժա-դաշնակցական «փրկիչներն» էին, բայց՝ արդեն 20-ամյա «փկչական առաքելության» ընթացքում կարգին հարստություն կուտակած, արտասահմաններում «տուն-տեղ դրած», մյուս կողմում՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ու «նոր պատերազմ-նոր տարածքներ» ասող և նույնպես արդեն լավ «տուն-տեղ դրած» Նիկոլն ու իր անձնական ուսապարկերը։ «Բանավեճի» թեման էլ էր միանգամայն այլ․ առանց կռվի հանձնե՞լ հայրենիքի կեսը՝ մյուս կեսը փրկելու աղոտ և ոչնչով չհիմնավորված հույսով (նիկոլականներ), թե՞ պաշտոնապես հրաժարվել ինքնիշխանությունից՝ եղածը պահելու աղոտ և նույնպես ոչնչով չհիմնավորված հույսով (ազգային-ազատագրական ռազմահայրենասերներ)։

1997-ի Կինոյի տան վակխանալիայից արդեն ամիսներ անց, ի դեպ, ակնհայտ դարձավ, որ «հակամարտող կողմերից» միայն մեկն էր պայքարում բացառապես իշխանության համար, իսկ մյուս կողմի համար իշխանությունը պահպանելը երկրորդական հարց էր (հակառակ դեպքում երկրորդ պլան կմղեր պետական շահը, հանդես կգար նույնպիսի «ռազմահայրենասիրական դիրքորոշմամբ» և հեշտությամբ կպահպաներ իշխանությունը)։ Իսկ ահա 2023-ին «հակամարտող կողմերից» ոչ մեկին պետական շահը չի հետաքրքրում, երկուսի համար էլ կարևորն իշխանությունն է։ Մեկը փորձում է ցանկացած գնով զավթել իշխանությունը, մյուսը՝ ցանկացած գնով պահպանել։ Ընդ որում՝ այդ «ցանկացած գինը» երկուսի համար էլ առաջին հերթին 120 հազար արցախցիներն են։ Պարզապես մեկը դեմ չէ Արցախը կորցնելու գնով ժամանակավորապես հետաձգել նոր պատերազմն ու այդպիսով երկարաձգել իր իշխանությունը, իսկ մյուսը դեմ չէ այդ նույն Արցախը կորցնելու ֆորսմաժորն օգտագործել ու հասնել իշխանափոխության։

Ահա այդպես է լինում, երբ թաղի լակոտ-լուկուտը մեքենա է փախցնում, հետո սկսում են վիճել, թե ով պիտի քշի, բնականաբար՝ հարվածում են առաջին պատահած սյանը, հետո սկսում իրար ծեծել «զապչաստից» ստանալիք եկամուտների համար․․․ Անհասկանալի է միայն, թե ինչու են սրա անունը դնում «հանրային քննարկումներ»։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ