Երջանկությունից թևավորված՝ կառավարության շենքի աստիճաններով վերև է վազում։ Լսել է, որ վարչապետի աշխատակազմին կից «Քյաբաբ առ քյաբաբ» խանութում ընդամենը 1900 դրամով ՀԷՑ են վաճառում։ Հևիհև իրեն ներս է գցում․․․ Իզուր էլ շտապում էր, իրենից բացի այլ գնորդ չկա։ Երջանիկ ժպիտով 2 հազար դրամ է մեկնում քաչալ ու մորուքավոր վաճառողուհուն․․․ «Հարյուր դրամը փոխանցե՞մ կուտակային քարտին», սիրալիր ժպիտով հարցնում է սա։ «Փոխանցիր «Իմ քայլը» հիմնադրամին», սեփական առատաձեռնության վրա զարմացած՝ հպարտորեն պատասխանում է ինքը ու իսկույն էլ փոշմանում՝ ախր դրանով էլ պիցցայանոցների ցանց կառներ․․․
Այդ պահին պիջակի գրպանից լսվում է «Հայեր ջան, դուխով» երգը։ Բջջայինն է զանգում։ Մոտեցնում է ականջին, մի քանի վայրկյան լսում ու սփրթնում։ Պարզվում է՝ Ռուսաստանից եկող գողացված ադամանդների հետ կապված պրոբլեմ կա, ու ինքը անձա՛մբ պիտի գնա դրանց ետևից։ Պիտի պայմանավորված ժամին պայմանավորված տեղում սայթաքի-վայր ընկնի, ասի «չյորտ պոբերի»․․․ Բայց էն համբալի տղեն փողոցներն այնպես է ավերել, որ ինքը ստիպված է նեղլիկ նրբանցքներով գնալ, ու ահավոր ուշանում է։ Թարսի պես էլ՝ նրբանցքներից մեկում կարճ շրջազգեստով ու վառ կարմիր շուրթերով մեկը կտրում է ճանապարհը, քաշում թևից ու անընդհատ կրկնում «ցիգել, ցիգել, այ-լյու-լյու»։ Դիմագծերն էլ ահավոր հիշեցնում են Արամ Զավենիչին։ Ինքը հասկանում է, որ սա ուզում է 300 դոլարի դիմաց մի ժամով իր հետ նախընտրական դաշինք կազմել, ու մի կերպ գլուխն ազատում է․․․
Հասնում է պայմանավորված տեղը, սայթաքում, թրմփում գետնին ու մի քանի անգամ ասում «չյորտ պոբերի», բայց ոչ մեկը բանի տեղ չի դնում։ Ինչ-որ բան գլխի ընկնելով՝ ինքը ևս մի անգամ է թրմփում ու ասում «Նիկոլ պոբերի»։ Միանգամից երկու հոգի «օ, Նիկոլ պոբերի, Նիկոլ պոբերի» ասելով ուրախ-ուրախ մոտենում են ու թևատակերից բռնած՝ իջեցնում մոտակա խանութի նկուղը, վերնաշապիկի թևքը քշտում, թևից հանում Մոնտե-Կառլոյի ֆիրդուսնոցից 3 դոլարով գնված չինական «Ռոլեքսը» ու թևը գիպս դնում՝ մեջը թաքցնելով «Ալռոսա»-ից գողացված ադամանդները․․․
Պատկերը փոխվում է։ Նարկոզից հետո մի կերպ բացում է աչքերը ու զգում, որ երկու բժիշկներ կտրում են գիպսը։ Կամաց-կամաց աչքերի մշուշը ցրվում է, և ինքը սարսափով նկատում է, որ գլխավերևում Նիկոլն ու Աննան են՝ վիրաբուժական խալաթներով։ «Լա՛վ, է՛լի, գոնե 30 տոկոսը ինձ թողեք», նարկոզից չորացած շուրթերով փորձում է աղերսել ինքը, բայց ձայնը գրեթե դուրս չի գալիս։ «Ես ճիշտ լսեցի՞, 30 արծաթ ա՞ ուզում», քմծիծաղ է տալիս Աննան։ «Ոչինչ, կփոխանցենք կուտակային քարտին, ահագին հավաքված կլինի», ծիծաղում է Նիկոլը․․․
Արթնանում է չորացած շուրթերով և աջ ձեռքը թմրած։