...

6 միլիոն դոլար՝ բաժանարար գծերի խորացման նպատակով

6 միլիոն դոլար՝ բաժանարար գծերի խորացման նպատակով

Այն, որ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված 6 մլն դոլարի առնվազն կեսը տարբեր կոռուպցիոն սխեմաներով հայտնվելու է մի քանի պաշտոնյաների գրպանում՝ ինքնին ոչ նորություն է, ոչ էլ առանձնապես մեծ պրոբլեմ։ Ի՞նչ տարբերություն, թե կոռումպացված չինովնիկներն ինչպես կքերեին այդ մի քանի միլիոնը՝ անորակ ասֆալտ փռելո՞վ, գորգեր լվանալո՞վ, թե՞ ինչ-որ «մեգաաստղ» հրավիրելով։ Պարզապես 6 միլիոնանոց շոու կազմակերպելը Նիկոլ Փաշինյանին դուր է եկել նաև այլ պատճառով՝ այդպիսով կարելի է ոչ միայն փող աշխատել, ոչ միայն մարդկանց ուշադրությունը շեղել կարևորագույն հարցերից, այլև հերթական անգամ պառակտել հասարակությունը, ինչը նա իշխանության գալու առաջին օրվանից կարևորագույն խնդիր է համարել։ 

Նա շատ լավ հասկանում է, որ ինչքան շատ լինեն բաժանարար գծերը հասարակության ներսում՝ այնքան լավ, որովհետև այդ դեպքում անգամ համընդհանուր աղետի պահին հասարակությունն իր դեմ չի միավորվի։ Ու կապ չունի, թե ինչպիսին կլինեն այդ բաժանարար գծերը․ սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, արևմտամետներ-ռուսամետներ, հայաստանցիներ-ղարաբաղցիներ, քաղաքացիներ-գյուղացիներ, ծխողներ-չծխողներ, Նիկոլի բոստանի բադրիջանների ֆոտոները լայքողներ-հայհոյողներ, Սնուփ Դոգի համերգին պոտենցիալ «ցկցկացողներ»-բոյկոտողներ, և այլն։ Ավելին․ նրա տրամաբանությամբ՝ շատ կարևոր է, որ այդ բաժանարար գծերը մի լավ գովազդվեն, որովհետև այդ դեպքում նույն «պլանքյաշի» համերգի ժամանակ ինքնամոռաց «ցկցկացողներն» ինքնաբերաբար ընկալվելու են որպես «նիկոլականներ», իսկ համերգի մարդաշատությունը ներկայացվելու է որպես «ընդդիմության» լիակատար ձախողում։ 

Ընդդիմությունն էլ, ի դեպ, իր հերթին է կուլ տալիս այս խայծը և այդ կասկածելի «մեգաաստղի» թեմային անդրադառնում է առավելապես այն տեսանկյունից, թե ինչեր կարելի էր անել այդ 6 միլիոն դոլարով։ Միայն մի օրինակ բերենք։ Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ հոխորտում էր, թե այս ի՞նչ չտեսնված-չլսված խայտառակություն է, Ղարաբաղում մարդիկ նույնիսկ բադրիջան չեն աճեցնում։ Իրականությունն այն է, որ Արցախի գյուղերում միրգն ու բանջարեղենը տոննաներով փչանում են, բայց վառելիք չկա, որ հասցնեն Ստեփանակերտ, ու Նիկոլը հաստատ գիտի դա։ Հասկանալի է նաև, որ Արցախի լիակատար շրջափակումն ու որպես հետևանք՝ այսօրվա վիճակը միանգամայն կանխատեսելի էր, և շատից-քչից մտածող իշխանությունները նախապես մի 40-50 էլեկտրական շարժիչով բեռնատար կառնեին ու կուղարկեին Արցախ, ինչը բավական կլիներ Ստեփանակերտը միրգ-բանջարեղենով ապահովելու համար։ Բայց ասել, որ Սնուփ Դոգի 6 միլիոն դոլարով կարելի էր 100-120 այդպիսի բեռնատար առնել՝ նշանակում է իրար դեմ հանել նրա երկրպագուներին ու Արցախի ճակատագրով մտահոգներին, մինչդեռ Արցախի շրջափակումը չկանխատեսելու և դրան չպատրաստվելու պատճառը ոչ թե փողի պակասն է եղել, այլ ցանկության բացակայությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանն Արցախի ամբողջական հայաթափումը համարում է իր ծրագրի առանցքային կետերից մեկը՝ որպես կարևոր հանգրվան տարածաշրջանում «կայուն խաղաղության հաստատման» ճանապարհին, ինչո՞ւ պիտի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են ձգձգել այդ ծրագրի իրականացումը։ Դրա փոխարեն նա կգերադասի բյուջեից շատ ավելի մեծ գումարներ ծախսել Հայաստանի ներսում՝ հասարակության տարբեր հատվածների միջև թշնամանքը խորացնելու նպատակով, որպեսզի երբ ծրագրի առանցքային կետերից մեկն իրականություն դարձնի՝ Հայաստանում իր դեմ համախմբումն անհնար լինի։

Կարևորը ներքին թշնամանքն է, ու Նիկոլը, վստահաբար, ուրախությունից շփում է ձեռքերը, երբ ընդդիմության կողմնակիցներն իր համակիրներին «ժեխ» են անվանում, իսկ իր համակիրներն ընդդիմության կողմնակիցներին՝ «պիցցայակերներ»։ Ու ինչքան բարձր լինի լեզվակռվի աղմուկը՝ այնքան լավ, որովհետև այդ աղմուկի ներքո է՛լ ավելի կխլացվի Հայաստանի ու Արցախի իշխանությունների (ու ընդդիմության) ձեռքը կրակն ընկած 120 հազար արցախցիների հուսահատ ձայնը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ