...

Ալիևը գողացել է Փաշինյանի կարգախոսը

Ալիևը գողացել է Փաշինյանի կարգախոսը

Նախօրեին Աղդամի շրջանում տեղի է ունեցել «Ագդամ-1» և «Ագդամ-2» ենթակայանների, «Ղարաբաղ»-ի էներգետիկ թվային կառավարման կենտրոնի բացումը։ Սրան զուգահեռ Աղդամում գորգերի գործարանի, բնակելի համալիրի և այլ օբյեկտների հիմքերն են դրվել: Այս ամենին ներկա են գտնվել Ադրբեջանի նախագահն ու նրա տիկինը: Հենց Աղդամում էլ Ադրբեջանի նախագահը վերստին խոսել է այն նախապայմանների մասին, որոնց բավարարման դեպքում հնարավոր կդառնա խաղաղության համաձայնագրի կնքումը Հայաստանի հետ։ Խոսքը դարձյալ երկրների տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի մասին է։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է կնքվի խաղաղության համաձայնագիր։ Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման պայմանով... Բայց ադրբեջանցի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այդ դաժանության մասին։ Ոչ ոք չպետք է մոռանա...»,- հայտարարել է Ալիևը։ Հետո էլ հավելել է․ «Մենք մեր հողում ենք։ Մենք վերադարձել ենք այդ հող՝ արյուն թափելով, շեհիդների կյանքի գնով։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղն Ադրբեջան է»։

Դժվար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձի Ալիևին։ Ի՞նչ ասի։ Մաքսիմում կարող է նրան մեղադրել իր գաղափարը գողանալու և այն նենգափոխելու մեջ։ Ղարաբաղը Հայաստան է և վերջ․ ժամանակին բղավում էր Փաշինյանը։ Բոլորը ծափահարում էին, շնորհակալություն հայտնում հայրենասիրության եզակի դրսևորման համար և գնում էին վայելելու խորովածն ու քաշած օղին։ Մինչև սկսվեց պատերազմը, ու մենք կորցրինք Ղարաբաղի մեծ մասը, դրան գումարած՝ Հայաստանի Հանրապետության երիտասարդների մի ողջ սերունդ։ Ու ամեն անգամ, երբ Ալիևը այս տոնայնությամբ խոսում է, ուզում ես հասկանալ՝ ի՞նչ է զգում Փաշինյանն այդ ամենը լսելիս կամ կարդալիս։ Տեսնես ինքն իրենից գոնե ամաչո՞ւմ է, ինքն իրեն իր առաջ մեղավոր ճանաչո՞ւմ է, ինքն իրենից հաշիվ պահանջո՞ւմ է, թե մենակ ժամանակ էլ համարում է, որ ամեն ինչ ճիշտ է արել։ Չնայած՝ սրանից մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։ Ադրբեջանը շարունակում է հաղթարշավը այն տարածքների վրա, որոնք գրավել է կամ որոնք որպես բոնուս նվիրաբերվել են Հայաստանի կողմից։    

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2207 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ