...

Նիկոլ Փաշինյանի «պատասխանը» Ալիևին

Նիկոլ Փաշինյանի «պատասխանը» Ալիևին

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է նախօրեին սահմանին արձանագրված բախումներին՝ նշելով, թե դրանց հետևանքով հայկական կողմը պաշտոնապես հայտարարվածից մի քանի անգամ ավելի շատ զոհ է ունեցել։ «Ես պաշտպանության նախարարից տեղեկություններ եմ ստացել, որ հայկական կողմում 6-8 զինվոր է զոհվել»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը։ Նա նաև հավելել է․ «Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների ուժով։ Ես բաց ասել եմ՝ եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը»։ Նա հայտարարել է, որ Բաքուն կշարունակի ժամանակակից զենք-զինամթերք գնել և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Որպես բանակի կատարելագործման միջոց՝ Ալիևը նշել է հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտությունը՝ պնդելով, թե դրանք «լավագույնս են իրենց դրսևորել» ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Ալիևը պնդել է, թե Բաքուն կշարունակի «խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։ «Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը։ Երևի պատրաստվում են հոբելյանական միջոցառումների»,- նշել է Ադրբեջանի նախագահը՝ հիշեցնելով, որ առաքելությունը ձևավորվել է 1992-ին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ «Երևի դրանով են զբաղված։ Սակայն եթե կատակը մի կողմ թողնենք, կարծում եմ՝ նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձևավորեն։ Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք»,- եզրափակել է «Ազատությունը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին «պատասխանել է» Ալիևին։ Նա ասել է․ «Մենք ցավոք սրտի շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին»։ Ապա հավելել է․ «Մեր կառավարության ծրագրում կա, և ես ասել եմ երկու բան, առաջինը՝ խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց մյուս կողմից՝ ասել եմ, որ մեր հռչակած՝ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, քանի որ շատերը անընդհատ փորձելու են ապացուցել, կամ ցույց տալ, կամ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ»։ Վարչապետն ընդգծել է, թե պետք է ամեն ինչ անեն, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր։ «Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավելևս պատերազմի և խորհրդարանական ընտրություններից հետո, և մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։ 

Երևի չի հասցրել հարևան պետության ղեկավարի հայտարարություններին ծանոթանալ։ Չեն էլ զեկուցել։ Կամ էլ զեկուցել են՝ բանի տեղ չի դնում, արհամարհում է։ Թող Ալիևն ու աշխարհն իմանան, թե որքան ամուր նյարդեր ունի մեր վարչապետը։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ