...

«Ամենաթեթևսոլիկ» ընտրությունները՝ ամենաբարդ իրավիճակում

«Ամենաթեթևսոլիկ» ընտրությունները՝ ամենաբարդ իրավիճակում

Այնպես է ստացվել, որ հունիսի 7-ին մարդիկ բացառապես էմոցիոնալ ընտրություն են կատարելու՝ մի իրավիճակում, երբ պետության համար ամենավտանգավորը հենց էմոցիաներով առաջնորդվելն է։ Մարդիկ մեղավոր չեն, պարզապես նախընտրական մթնոլորտն այնպիսին է, որ ընտրությունը հիմնականում կատարվելու է «թրքամոլ հողատու դավաճանների», «ռսաստրուկ գուբերնիստների», «նախկին հանցավոր արյունարբուների» կամ «հանցագործ օլիգարխների» միջև, այսինքն՝ ընտրությունը լինելու է զուտ էմոցիոնալ, ու դրա արդյունքը կախված է լինելու նրանից, թե ումի՞ց է ավելի շատ զզվում ժողովուրդը, և ո՞ր ուժին է համարում չարյաց փոքրագույն։

Իրականում հունիսի 7-ին, ի թիվս այլ հարցերի, հստակեցվելու է մի չափազանց կարևոր հարց՝ տնտեսական առումով ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու։ Իսկ տնտեսությունն էմոցիա չէ, այն հիմնված է շատ հստակ հաշվարկների վրա։ Եվ եթե այդ հաշվարկները նախապես չեն ներկայացվում հասարակությանը՝ ընտրությունները բովանդակային առումով կեղծվում են ի սկզբանե կամ համարվում են «կույր», որովհետև մարդիկ չեն հասկանում, թե ինչի և ինչի միջև են ընտրություն կատարելու։

Ժողովրդավարության տեսանկյունից՝ իդեալականն այն կլիներ, որ Հայաստանում գոյություն ունենար անկախ տնտեսագիտական ինստիտուտ (իսկապես անկախ, որը զերծ կլիներ և՛ իշխանությունների, և՛ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի ազդեցությունից, և որը բացառապես պրոֆեսիոնալ հաշվարկներ կներկայացներ՝ առանց հետևանքներից վախենալու)։ Եվ այդ անկախ ինստիտուտն ընտրություններից առաջ շատ հստակ կպատասխաներ հետևյալ հարցերին՝ առանց որևէ քաղաքական ենթատեքստի․

1․ Ի՞նչ տեղի կունենա Հայաստանի տնտեսության հետ, եթե ներմուծվող գազի գինը բարձրանա, օրինակ, 2,5 անգամ։ Որքանո՞վ կնվազի արդյունաբերության ծավալը, որքանո՞վ կբարձրանա ՀՀ-ում արտադրվող ապրանքների ինքնարժեքը։ Ի՞նչ սոցիալական ազդեցություն կունենա դա ՀՀ բնակչության վրա, քանի՞ տոկոսով կնվազի մարդկանց կենսամակարդակը, մոտավորապես ի՞նչ ծավալների կհասնի արտագաղթը, ենթադրենք, առաջիկա 5 տարիների ընթացքում։

2․ Քանի՞ տարի անհրաժեշտ կլինի Հայաստանին՝ էներգակիրների մատակարարման այլընտրանքային աղբյուրներ գտնելու և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման կամ հզորացման համար, այդ ընթացքում տարեկան քանի՞ միլիարդ դոլար անհրաժեշտ կլինի Հայաստանին՝ առանց ցնցումների նոր իրավիճակին ադապտացվելու համար, և կգտնվե՞ն արդյոք միջազգային դոնորներ՝ այդ ծախսերը փոխհատուցելու համար։

3․ Ի՞նչ հնարավոր քաղաքական կամ տնտեսական պահանջներ կներկայացնեն էներգակիրների նոր մատակարարները՝ եթե այդպիսիք գտնվեն։

4․ Տարեկան քանի՞ տոկոսով կնվազի հայկական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ, եթե գործեն միջազգային նորմերն ու ստանդարտները, քանի՞ տարի անհրաժեշտ կլինի հայ արտադրողներին՝ միջազգային այլ շուկաներին հարմարվելու համար, տարեկան քանի՞ միլիարդի ներդրումներ են անհրաժեշտ այդ նպատակով, և հնարավոր կլինի՞ արդյոք գտնել այդ գումարները։

Սրանք այն հիմնական հարցերն են, որոնք հնարավոր է շատ հստակ, առանց էմոցիաների հաշվարկել և ներկայացնել թվերով՝ ենթադրենք, տարեկան տասը միլիոն դոլարի ճշգրտությամբ կամ մեկ-երկու տոկոսային կետի շեղումով։ Կրկնում ենք՝ ոչ մի էմոցիա, ոչ մի քաղաքական գնահատական, ոչ մի «թրքամոլ դավաճան» կամ «ռսաստրուկ գուբերնիստ», միայն չոր թվեր։ Օրինակ՝ «եթե ներմուծվող գազի գինը բարձրանա 2,5 անգամ, առաջիկա 5 տարիների ընթացքում արդյունաբերության ծավալը կնվազի 82 տոկոսով, մարդկանց կենսամակարդակը կնվազի 47,5 տոկոսով, աղքատության ցուցանիշը կհասնի 45 տոկոսի, արտագաղթի ծավալները կհասնեն տարեկան 55-70 հազարի, այդ ամենը թույլ չտալու համար 5 տարվա ընթացքում Հայաստանին անհրաժեշտ կլինի ընդհանուր առմամբ լրացուցիչ 18,5 միլիարդ դոլար», և այլն։

Համաձայնվեք՝ եթե այսպիսի հստակ հաշվարկներ ներկայացվեն, առաջիկայում մարդիկ շատ ավելի գիտակցված ու դրանով իսկ՝ պատասխանատու ընտրություն կկատարեն, որովհետև պարզ կլինի՝ մարդիկ լավ էլ հասկացել են, թե ինչի և ինչի միջև են ընտրություն կատարում։

Բայց քաղաքական ուժերին կարծես թե ձեռնտու է, որ ժողովուրդը «կույր ընտրություն» կատարի, որովհետև էմոցիոնալ մթնոլորտը քարոզչական առումով ավելի շահեկան է, խաբելը՝ ավելի հեշտ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   51 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ