Կառավարական առանձնատան ճաշասենյակի հատակի գորգին պառկած՝ «կրթվելը նորաձև է» ծրագրի շրջանակներում նորաձևության ինչ-որ ամսագիր է թերթում։ Խորքի սենյակից լսվում է Նիկոլի ձայնը․ «Աննա՛, էս սեղանին մի հատ թուղթ կար՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը», աչքովդ չի ընկե՞լ»։ «Չէ»,- բարկացած, որ ընթերցանությունն ընդհատվեց՝ ասում է ինքը, ապա շարունակում․ «մի հատ ուրիշ թուղթ կար՝ Արևմտյան Ադրբեջանի քարտեզը»։ «Դե դա նույն թուղթն ա, հենց դա՛ եմ ման գալիս, բա ո՞ւր ա»,- նյարդայնանում է Նիկոլը՝ շարունակելով դեմքի վրա ֆլոմաստերով արագ-արագ բեղեր նկարել, որովհետև պիտի հարցազրույց տա ադրբեջանցի լրագրողներին։ «Սառնարանը ճոճվում էր, չորստակ ծալել-դրել եմ ոտի տակ»,- անտարբեր ասում է ինքը, ապա շարունակում․ «Այնպես որ՝ բյուջեից 48 միլիոն դրամ դուրս կգրես կառավարական առանձնատների կենցաղային տեխնիկայի վերանորոգման համար։ Հա, մեկ էլ՝ օծանելիքներս վերջանում են, եթե մի տեղ ելույթ ունենաս՝ ասա «Chanel» առ «Chanel», «Gucci» առ «Gucci» հետ ենք բերելու։ Թե չէ «Ռեյնջ» առ «Ռեյնջ», «Բրաբուս» առ «Բրաբուս»․․․ Հազար անգամ ասացի՝ կա՛ռք եմ ուզում, ոսկեզօծ կա՛ռք»։ «Լավ, էլի, Աննա, ասում ես կրթվելը նորաձև է, բայց հեքիաթը լավ չես կարդացել, բա չգիտե՞ս, որ ուղիղ կեսգիշերին կառքը վերածվելու է դդումի»,- արդեն նկարած բեղերով քմծիծաղ է տալիս Նիկոլը։
«Ո՞նց թե վերածվելու է դդումի, ես Արայիկ Հարությունյանի պատկերը սկի ցերե՛կը չեմ ուզում տեսնեմ, ուր մնաց՝ կեսգիշերից հետո»,- բարկանում է ինքը, ապա ատամների արանքից նետում «ես գնացի հաջողակ կրիպտո-բրոքերների հետ հանդիպման» ու դուռը շրխկացնելով՝ դուրս գալիս։ Բայց անմիջապես էլ ետ է դառնում ու հարցնում․ «Դեմիրճյանով իջնե՞մ, թե՞ Պռոշյանով»։ «Որ կողմով ուզում ես՝ գնա, էդ տարածքում դեռ սահմանազատում չենք արել»,- պատասխանում է Նիկոլը․․․
Ինքն այնուամենայնիվ որոշում է ճանապարհին մտնել կառավարության շենք։ Բարձրանում է ամուսնու կաբինետը, ներս մտնում, մոտենում աշխատասեղանին, այսուայնկողմ հրում դատարկ շշերն ու բաժակները․․․ Ահա, վերջապես գտավ «խաղաղության համաձայնագիրը»։ Վերցնում է, ուշադիր կարդում, ապա ներքևում գրիչով ավելացնում․ «Կետ 18․ Հաշվի առնելով համաձայնագրի բոլոր կետերի փոխադարձության սկզբունքը և այն հանգամանքը, որ Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի առաջին փոխնախագահն է՝ Աննա Հակոբյանն անհապաղ նշանակվում է Հայաստանի առաջին փոխվարչապետ»։ Հիացմունքով նայում է թղթին ու թեթևացած շունչ քաշում, բայց այդ պահին դուռը թակում են․․․
Արթնանում է երանության և տագնապի խառը զգացողությամբ։