...

Ապականողին թողած՝ անկախությունն են հայհոյում

Ապականողին թողած՝ անկախությունն են հայհոյում

Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության 30-ամյակը «մասշտաբային և գունագեղ» միջոցառումներով տոնելու մասին հայտարարությունը հերթական անգամ բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Մարդիկ հիմնականում կամ փաստարկված քննադատում են իշխանություններին, կամ հայհոյում ամենավերջին խոսքերով, ու մեր մեջ ասած՝ ճիշտ են անում։ Միայն «դոզայի տակ» իրականությունից կտրված իշխանությունները կարող էին նման բան մտածել։ Բայց նույնքան ցավալի է նաև այն, որ իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին հայհոյելուն զուգահեռ շատ շատերը նաև Անկախությունն են հայհոյում՝ «տո լավ, ի՞նչ անկախություն», «ձեռ ե՞ք առնում, արա՛», «էս չէ՞ր ձեր անկախությունը, որ վերջը էս օրին հասանք, թարգե՛ք, արա» և այլն։

Այո, Հայաստանի ինքնիշխանության մակարդակը մինչև վերջին պատերազմն էլ շատ ցածր էր, իսկ պատերազմից հետո գրեթե զրոյական մակարդակի վրա է։ Այո, այս կիսագրագետ բախտախնդիրների գործունեության արդյունքում այսօր մենք գրեթե ամեն ինչով կախված ենք արտաքին աշխարհի բարեհաճությունից։ Բայց Անկախությունը միակ բանն է, որ դեռևս ունենք։ Հայաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված անկախ պետություն է։ Աշխարհում հարյուրավոր ազգեր դա է՛լ չունեն ու տեսանելի ապագայում հազիվ թե ունենան, իսկ մենք ունենք։ Ու պարտավոր ենք ոչ միայն աչքի լույսի պես պահպանել մեր վերջին հարստությունը, այլև փորձել օգտագործել դա՝ ոտքի կանգնելու համար։ Ի վերջո՝ եթե մեկի տունը «տանտիրոջ» տխմարության պատճառով հրդեհվում է, ընտանիքի անդամներից մի քանիսը զոհվում են, տնից էլ միայն հիմքն ու պատերն են մնում, ողջ մնացածները չեն սկսում, չէ՞, հայհոյել այդ հիմքն ու պատերը։ Հակառակը, փորձում են այդ նույն հիմքի վրա վերակառուցել տունը՝ ռադ անելով տխմար «տանտիրոջը»։ 

Իսկ այսօրվա վիճակի պատճառն, իհարկե, մեր Անկախությունը չէ։ Ճիշտ հակառակը՝ պատճառն այն է, որ չենք հասկացել այդ Անկախության արժեքը։ Ունենալով անկախ պետականություն՝ մեզ պահել ենք վասալի կամ ֆորպոստի պես ու ինքներս մեզ խաբել, թե ամեն ինչ լավ կլինի, մեր «տերերը» մեզ կպաշտպանեն, մեր փոխարեն կկռվեն ու կվերականգնեն պատմական արդարությունը, ու քանի որ ինքներս մեր անկախությունը ձևական ենք համարել՝ ձևական ենք համարել նաև միջազգային նորմերը, և լինելով տարածաշրջանի ամենաթույլ պետությունը՝ աջուձախ հոխորտացել ենք, թե «ուժն է ծնում իրավունք»։ Եթե մենք ժամանակին ինքներս մեզ անկախ պետության պես պահեինք, այսօր բոլորովին այլ վիճակում կլինեինք, ու մեր անկախությունն էլ իրական կլիներ, և ոչ թե ընդամենը արձանագրված ՄԱԿ-ի փաստաթղթերով։

Ի դեպ՝ չի բացառվում, որ այսօրվա իշխանությունները լավ էլ մտածված են այսպիսի բացահայտ ցինիզմով ապականում Անկախության գաղափարը։ Որպեսզի իրենց նկատմամբ գեներացվող ատելությունն «ինքնաբերաբար» տարածվի նաև Անկախության վրա ու հասարակության աչքում վերջնականապես արժեզրկվի նաև դա։ Նրանց ի՞նչ է եղել, եթե ամեն ինչ արժեզրկել են՝ սա էլ կարժեզրկեն։ Բայց այս խայծը կուլ տալ չի կարելի, որովհետև դա կնշանակի ենթարկվել սրանց մանիպուլյացիաներին։ Եթե վաղն էլ սրանց խելքին փչի, ասենք, Հայաստանի պաշտոնական խորհրդանիշ հռչակել քյաբաբը, դա հո չի՞ նշանակում, որ պիտի հայհոյենք Հայաստանն ու հրաժարվենք մեր երկրից։ Դա նշանակում է, որ պիտի իշխանություններից հրաժարվենք։ 

Այնպես որ՝ Անկախությանը ձեռք մի տվեք։ Դա Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «գունագեղ միջոցառման» հետ կապ չունի։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1086 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ