...

Առաջ՝ դեպի հերթական փոցխը

Առաջ՝ դեպի հերթական փոցխը

Ո՞ւմ կողմն է, ի վերջո, մեր համակրանքը Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Խոսքը սոցկայքերում կամ այլ հարթակներում ընթացող էմոցիոնալ լեզվակռվի մասին չէ։ Այդ մակարդակի վրա Պուտինին «Պուտլեր» և Զելենսկուն «ծաղրածու» անվանողների թիվը մոտավորապես նույնն է։ Ընդ որում՝ եթե այս պատերազմի նպատակը լիներ Ուկրաինան բռնությամբ ռուսական կայսրություն խցկելը, մեր համակրանքը երևի միանշանակ կլիներ իր ազատության համար պայքարող Ուկրաինայի կողմը, որովհետև Հայաստանը նույնպես անկախ պետություն է և չէր ցանկանա հայտնվել օտար կայսրության կազմում, այն էլ՝ բռնությամբ։

Բայց այս պատերազմն Ուկրաինայի համար չէ։ Սա պատերազմ է ոչ թե հանուն Ուկրաինայի, այլ Ուկրաինայի միջոցով։ Կողմերից մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ ՆԱՏՕ-ն, կամ, ինչպես ընդունված է անվանել ավելի մեղմ, «կոնսոլիդացված Արևմուտքը»։ Իսկ Ուկրաինան ընդամենը զոհ է։ Զոհ, որը ստիպված է շատ ծանր գին վճարել հետամնաց կայսրությունից դուրս պրծնելու և արևմտյան քաղաքակրթությանը մաս կազմելու համար։ Իսկ ո՞վ էր ասում, որ դա ձրի է լինելու։ Ուզում ես դառնալ Եվրոպա և ունենալ, ասենք, Ավստրիայի կամ Չեխիայի մակարդակի տնտեսություն ու բարեկեցություն՝ բարի եղիր վճարել դրա համար ու հնարավորինս թուլացնել «Չարիքի կայսրությունը», չես ուզում՝ հետևիր Բելառուսի օրինակին ու դարձիր Ռուսաստանի ագրարային ծայրագավառ, ռուսերեն՝ «օկրաինա»։ Ուկրաինան կատարեց իր ընտրությունը, և ինչ ելք էլ ունենա պատերազմը՝ ակնհայտ է, որ համենայն դեպս Դնեպր գետից արևմուտք ռուսներին դիմավորելու են ոչ թե կարմիր դրոշներով, այլ Մոլոտովի կոկտեյլներով։ Բելառուսն, ի դեպ, նույնպես կատարեց իր ընտրությունը, երբ թույլ տվեց, որ իրեն օգտագործեն որպես գործիք։ Այն պահից, երբ ռուսական զորքը Բելառուսի տարածքից մտավ Ուկրաինա, ակնհայտ դարձավ, որ Լուկաշենկոն հենց իր երկրի մասին էր ասում «իսկ ո՞ւր պիտի փախչենք» ու նախապես էր որոշել «օրհնել էն սհաթը»։

Այս իրավիճակում ամենաբարդը, առանց չափազանցության, Հայաստանի վիճակն է։ Որովհետև ոչ Ռուսաստանին աջակցելն է մի բան, ոչ «կոնսոլիդացված Արևմուտքին», չեզոք մնալ էլ թույլ չեն տա։ Չեզոքություն պահպանել գուցեև հաջողվեր, եթե հասցրած լինեինք կարգավորել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները, բայց փաստն այն է, որ չենք հասցրել, այսինքն՝ գտնվում ենք փաստացի պատերազմական վիճակում, լիակատար շրջափակման մեջ և առանց անվտանգության միջազգային երաշխիքների։ Ու պատկերացրեք՝ այս իրավիճակում Հայաստանի քաղաքական շրջանակներից տեսակետներ են հնչում, թե պետք է օգտվել հարմար պահից ու սկզբի համար կասեցնել հայ-թուրքական երկխոսությունը։ Հասկանալի է, չէ՞, Ռուսաստանին ուղղված մեսիջի բովանդակությունը․ «Հարգելի Ռուսաստան, եթե Արևմուտքը ձեր դեմ որպես գործիք Ուկրաինային է օգտագործում, դուք էլ մե՛զ օգտագործեք Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, չէ՞ որ նրանք ձեր թշնամիներն են։ Էլ ուրիշ ինչպե՞ս պիտի Ադրբեջանին ստիպեք մտնել միութենական պետության կազմի մեջ, եթե ոչ մեր միջոցով»։ Այս «տեսլականի» համաձայն՝ Ռուսաստանը պիտի մեզ զենք-զինամթերք տա, հետն էլ մի քանի դիվիզիա ուղարկի, որպեսզի համատեղ ուժերով ջախջախենք Ադրբեջանին (Ուկրաինային նավթով օգնելու համար), իսկ եթե շատ խնդրենք՝ կարելի է Կարսն ու Սուրմալուն էլ հետ բերել Բոսֆորի նեղուցը դավաճանաբար փակած Թուրքիայից։

Ռուսներն, ի դեպ, դեմ չեն լինի մեզ հերթական անգամ որպես «ֆորպոստ» օգտագործելուն։ Արևմուտքը նույնպես դեմ չի լինի «կովկասյան ճակատ» բացելուն՝ հետագայում Հյուսիսային Կովկասով Ռուսաստանին հարավից հարվածելու հեռանկարով։ Բայց որ «առաջարկը» Հայաստանից է հնչում՝ սա առնվազն տարօրինակ է։ Քանի՞ անգամ պետք է տրորել նույն փոցխը՝ վերջապես հասկանալու համար, որ արկածախնդրության մերժումն իսկապես մեր միակ դաշնակիցն է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ