Իբր արդեն իսկ հաստատված խաղաղության պայմաններում Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քայլերն ու հռետորաբանությունը Հայաստանում զուտ էմոցիոնալ գնահատականների են արժանանում՝ մոտավորապես «թուրքը մնում է թուրք» տրամաբանության մեջ։ Մինչդեռ Ադրբեջանը գործում է բացարձակապես առանց էմոցիաների՝ հստակ քաղաքական ծրագրով և հաշվարկներով, որոնք, սակայն, մեր հանրային-քաղաքական դաշտը գերադասում է չտեսնելու տալ։ Որովհետև «խաղաղությունն արդեն եկել է» կամ «թուրքը մնում է թուրք» տիպի էմոցիոնալ արձագանքները ներքաղաքական քարոզչության տեսանկյունից ավելի շահեկան են։
Ինչո՞ւ են խաղաղության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պատկերացումներն այդքան հակասական։ Հիմնական պատճառը հետևյալն է՝ Հայաստանի համար խաղաղությունը ՆՊԱՏԱԿ է, իսկ Ադրբեջանի համար՝ իր նպատակներին հասնելու ՄԻՋՈՑ։ Ընդ որում՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները, որոնցից մի քանիսն արժե հիշեցնել։
1․ Մեկառմիշտ փակել Արցախի հարցը։
2․ Ունենալ հուսալի ցամաքային կապ (և ոչ թե ընդամենը «միջանցք») Նախիջևանի և Թուրքիայի հետ, պարզ ասած՝ տիրանալ ողջ Սյունիքին, ինչպես նաև ադրբեջանցիներով բնակեցնել ՀՀ որոշ տարածքներ, առաջին հերթին՝ Սևանա լճի արևելյան ափերը (որպեսզի հասանելիություն ունենա ջրային ռեսուրսներին)։
3․ Տիրանալ Հայաստանի բնական պաշարներին, այդ թվում՝ մետաղական հանքավայրերին, արոտավայրերին, ջրային ռեսուրսներին և այլն։
Տեսականորեն Ադրբեջանը կարող է իր այդ նպատակներին հասնել երկու ձևով՝ պատերազմով կամ բանակցություններով («խաղաղության համաձայնագրով»), բայց գործնականում այդ ամենին պատերազմով հասնելը չափազանց բարդ ու խնդրահարույց կլինի։ Դրա համար էլ նրանք գերադասում են այդ ամենին հասնել «խաղաղ բանակցություններով», առավել ևս՝ երբ տեսնում են, որ դա միանգամայն իրատեսական է։ Հիմա՝ կետ առ կետ։
1․ Արցախի հարցը մեկառմիշտ փակելու հարցը նրանք արդեն համարյա ամբողջովին լուծել են։ Մինսկի խումբը լուծարված է, Արցախը՝ ոչնչացված, մնում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, և վերջ։ Իսկ որպեսզի հետագայում երբևէ այդ հարցը չբարձրացվի՝ նրանք պարզապես ֆիզիկապես ոչնչացնում են Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։
2․ Նախիջևանի և Թուրքիայի հետ հուսալի ցամաքային կապի ստեղծումն ընթացքի մեջ է, ընդ որում՝ ծրագրվում է դա իրականացնել երկու փուլով։ Առաջին փուլ՝ ադրբեջանցիների վերադարձ Սյունիք, երկրորդ փուլ՝ ադրբեջանցիները կստեղծեն ինքնավարություն, իբր սեփական ուժերով կձևավորեն «ինքնապաշտպանական ուժեր», հետո կհրահրեն բախումներ և կօգտվեն «ինքնորոշման իրավունքից»։ Նույն սցենարը կգործի նաև Սևանի ավազանում։ Հիշեք Ալիևի խոսքերը՝ «մենք կվերադառնանք, բայց ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։ Նա չի ասում՝ «մենք տանկերով չենք մտնի Հայաստան, որովհետև խաղաղություն է», նա ասում է «մենք տանկերով չենք մտնի, որովհետև դրա կարիքը չկա՝ կարող ենք նաև մեքենաներով մտնել»։ Հիշեք նաև նույն Ալիևի մյուս խոսքերը՝ «այո, ազգերի ինքնորոշման սկզբունքը տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ գերակա է, այս հարցում հայերն իրավացի էին»։ Չգիտես ինչու՝ Հայաստանում նրա այս սենսացիոն հայտարարությունն անտեսվեց, ու որևէ մեկն ինքն իրեն չհարցրեց, թե տարիներ շարունակ միջազգային ատյաններում հակառակը պնդող Ալիևն ինչո՞ւ հանկարծ ինքն իր 20-ամյա դիրքորոշումը «սխալ հանեց»։
3․ Հայաստանի բնական պաշարներին տիրանալու ծրագիրը բավականին պարզ է և փաստացի՝ արդեն իրականացման նախնական փուլում։ Ադրբեջանը «30-ամյա օկուպացիայի» դիմաց ահռելի ռեպարացիաներ կպահանջի (փաստաթղթերը նախապատրաստման փուլում են), Հայաստանն էլ, չկարողանալով վճարել, ստիպված կլինի «պարտքը փակել»՝ վարձակալությամբ տրամադրելով հանքավայրերը, արոտավայրերը, ջրային ռեսուրսները և այլն։
Ինչպես տեսնում եք՝ Ադրբեջանը որոշակի հիմքեր ունի համարելու, որ իր նպատակներին կարող է հասնել Հայաստանի հետ «խաղաղության համաձայնագրի» միջոցով, այստեղից էլ՝ նրանց հայտարարությունները «խաղաղությանը հավատարիմ լինելու» մասին։ Ընդ որում՝ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը» ճանաչելը չի խանգարելու այս նպատակների իրագործմանը։ Չէ՞ որ Ադրբեջանը պաշտոնապես տարածքային պահանջներ չի ունենալու Հայաստանից, ընդամենը «տեղաբնակ ադրբեջանցիներն են իրացնելու իրենց ինքնորոշման իրավունքը»։
Թե ինչպես է արձագանքելու Հայաստանը «խաղաղություն» կոչվող այս հստակ ադրբեջանական ծրագրին՝ անհասկանալի է։ Համենայն դեպս՝ առայժմ արձագանքում է միայն սրտիկներով և «խորոված-փարթիներով»։
Մարկ Նշանյան