...

«Բոշաների» և «համբալների» մասին

«Բոշաների» և «համբալների» մասին

Իշխանությունները ցնծության մեջ են։ ՀՀ սաստիկ անկողմնակալ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ ձայնագրություններ է հրապարակել, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն իբր ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլև այդ կաշառքը վերցնել համաձայնվողներին իրար մեջ անվանում «բոշաներ»։

Իրական են այդ ձայնագրությունները, թե ոչ՝ դժվար է ասել, բայց մի պահ ենթադրենք, որ իրական են։ Համաձայնվեք՝ մարդկանց համար, որոնք քաղաքական ու բարոյական որևէ սկզբունք չունեն, բայց ձևացնում են, թե կոնկրետ ուժի համակիրներ են և պատրաստ են ձայն տալ այդ ուժին (բայց՝ կոնկրետ գումարի դիմաց) և ագրեսիվ ձևով պահանջում են, որ խոստացված գումարը «վախտին վճարեն», «բոշա» ձևակերպումն իր կենցաղային իմաստով երևի իսկապես էլ ամենադիպուկն է։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչո՞վ են զբաղված ՔՊ-ական «էլիտան» ու տարբեր տրամաչափի չինովնիկները։ Ճիշտ և ճիշտ նույն «բոշայությամբ»։ Նրանց մեծամասնությունը քաղաքական և բարոյական որևէ սկզբունք չունի, բայց ձևացնում է, թե կիսում է Նիկոլի գաղափարները և տեսախցիկների առջև անճոռնի սրտիկներ է ցույց տալիս, պարզապես դա անում է ոչ թե հանուն ինչ-որ պայմանական 100 կամ 200 հազար դրամի, այլ հանուն աստղաբաշխական պարգևավճարների, պաշտոնների, իշխանական վայելքների և այլն։ Ընդ որում՝ պահանջում է նաև, որ պարգևավճարները «վախտին վճարեն», և ագրեսիվորեն հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր փորձում են քննադատել դա (հիշեք ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանի մուննաթը՝ «բա մենք հո էնտուզիաստնե՞ր չենք, որ ամիսը 500 հազար դրամով աշխատենք»)։ Կամ՝ վերցնենք Նիկոլի մարզային ասպատակություններին ներկա գտնվող որևէ թոշակառու պապիկի խոսքը՝ «մեր հզոր թագավոր ջան, թոշակըս հըլավ, 300 հազարնոց ապեռացիա արիմ, ցավըդ տանեմ, քեզ եմ ընտրելու, բա ուրիշ ո՞ւմ բըդի ընտրեմ»։ Սա փաստացի նույն «բոշայությունն» է, որովհետև մարդը պարզ ասում է՝ Նիկոլին է ընտրելու ոչ թե ինչ-որ քաղաքական սկզբունքներից ելնելով, այլ որովհետև շատ կոնկրետ նյութական «քյար» է ունեցել։ Եվ սա անընդհատ գովազդվում է հնարավոր բոլոր լրատվամիջոցներով, ավելին՝ հենց սա է դարձել ՔՊ-ի քարոզչության հիմնասյուներից մեկը։

Հիմա՝ «համբալների» մասին։ Շարքային քաղաքացիներին տրված այս «գնահատականն» առաջին անգամ հնչեցրել է հենց Կարեն Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, երբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Երևի մտածել է՝ դե եթե ինքը բարձրաստիճան պաշտոնյա է ու միլիարդատիրոջ եղբայր, ուրեմն դիմացինը համբալ է։ Տարիներ անց՝ արդեն «ժողովրդի ծոցից ելած» իշխանությունների օրոք, Տիգրան Ավինյանի հայրն է «համբալ» անվանել բոլոր «օպել» քշողներին՝ հատուկ շեշտելով, որ ինքն էլեկտրական մեքենա է քշում։ Այսինքն՝ ընկալումը եղել է նույնը․ եթե փող չունես, ուրեմն համբալ ես։ Ընդ որում՝ առավելագույն թվով մարդկանց «համբալ» անվանելու ռեկորդը, իհարկե, պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև նրա հանրահայտ «աղքատությունը ձեր գլխներում է» արտահայտությունը հենց դա է նշանակում՝ «մեզանից յան տվեք, արա՛, դուք աղքատ եք, որովհետև ապուշ եք»։ 

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիր ուժերի լիդերներն իրենք իրենց համարում են «էլիտա», իսկ շարքային քաղաքացիներին՝ «համբալներ» կամ «բոշաներ»։ Ներքաղաքական պայքարն էլ այն մասին է, որ «մենք էս  համբալներին խաբելով-կաշառելով մեր իշխանությունը կպահպանենք, բայց ձեզ թույլ չենք տա»։ 

Զարմանալու կարիք չկա։ Մի երկրում, որտեղ տասնամյակներ շարունակ հասարակությունը բաժանվել է «էլիտայի» ու «համբալների» բացառապես ուտելու բան ունենալ-չունենալու չափորոշիչով, այլ արդյունք չէր էլ լինելու։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   242 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ