...

Արտատարածքային միջանցքի lights տարբերակը

Արտատարածքային միջանցքի lights տարբերակը

Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ ՀՀ իշխանությունների հորթային հրճվանքը կամաց-կամաց մարում է։ Նրանք արդեն բացահայտորեն խոսում են «բովանդակային առումով որոշակի հետընթացի» մասին, որովհետև Ադրբեջանը, պարզվում է, (ո՞ւմ մտքով կանցներ) հրաժարվում է «խաղաղության պայմանագրում» ներառել այն համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել բանակցությունների ընթացքում՝ «բանավոր ընթացակարգով»։ Ու ի՞նչ է անում Հայաստանն ի պատասխան։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մակարդակով հայտարարում է, թե ՀՀ ճանապարհներով «․․․ այո, հնարավոր է նախատեսել ադրբեջանական բեռների, ավտոմեքենաների, ուղևորների շարժերի դյուրացումներ»։ 

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին գոռգոռում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», պատերազմից հետո հայտարարեց Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողը մի փոքր իջեցնելու» մասին, ու հիմա ոչ Արցախ կա, ոչ նշաձող։ Ընդամենը մի քանի ամիս առաջ էլ հայտարարում էր, թե Հայաստանը պատրաստ է իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար, բայց՝ միայն միջազգային ընդունված նորմերին համապատասխան, այսինքն՝ սահմանային և մաքսային ստանդարտ ընթացակարգերով, իսկ հիմա, պարզվում է, այս հարցում էլ է «մի փոքր իջեցնում նշաձողն» ու արդեն խոստանում է «շարժերի դյուրացումներ»։ Իսկ «շարժերի դյուրացումը», պարզ ասենք, Ադրբեջանի պահանջած արտատարածքային միջանցքի lights տարբերակն է։ 

Բայց խնդիրը նույնիսկ բանակցային ինչ-որ առանձին դրվագի շուրջ բարդությունները չեն, խնդիրն այն է, որ մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանի «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» պայմանական անունը կրող «հատուկ օպերացիան» ամբողջությամբ է ձախողվել։ Ո՞րն էր, ի վերջո, այդ «հանճարեղ պլանի» գաղափարը։ Մոտավորապես սա․ «Հայաստանը պիտի հրաժարվի Ղարաբաղից, խաղաղություն հաստատի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու կարճ ժամանակ անց ռուսներին դուրս մղի տարածաշրջանից։ Եթե ռուսներին պետք է, որ Ղարաբաղում հայեր ապրեն՝ թող իրենք էլ ապահովեն դա, իսկ եթե չապահովեն՝ ավելի լավ, Հայաստանում վերջնականապես կհիասթափվեն ռուսներից, ու նրանց դուրս մղելու գործն ավելի հեշտությամբ գլուխ կբերենք։ Արևմուտքն այդ հարցում մեզ մեծապես կօգնի, Թուրքիան՝ նույնպես, Ադրբեջանն էլ կբավարարվի Ղարաբաղով, ու ծրագիրը հալած յուղի պես կիրականանա»։ Իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ բոլոր հաշվարկները սխալ էին։ Ռուսները չկարողացան կամ չցանկացան Ղարաբաղը հայաբնակ պահել, Ադրբեջանը միայն Ղարաբաղով չի բավարարվում ու չի պատրաստվում «խաղաղության դարաշրջան» հաստատել, Թուրքիան այս փուլում ոչ թե սիրաշահում է Հայաստանին՝ ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու ակնկալիքով, այլ գերադասում է տարածաշրջանում նույն ռուսների հետ համագործակցել ու հարկ եղած դեպքում «համատեղ բարդ օպերացիաներ իրականացնել», Արևմուտքն էլ ռուսներին դուրս մղելու հարցում Հայաստանից «ավելի վճռական քայլեր» է պահանջում՝ հասկացնելով, որ եթե այդպիսի քայլեր չարվեն՝ իրենց համար նախընտրելի կլինի, որ «Զանգեզուրի միջանցքը» վերահսկի ոչ թե Ռուսաստանը կամ ՀԱՊԿ անդամ Հայաստանը, այլ Ադրբեջանը, իսկ փաստացի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։

Սա, համաձայնվեք, գլոբալ ձախողում էր։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը, պատկերավոր ասած, «վարի տվեց» երկրի կեսը՝ մյուս կեսը «թուրքական մուրճի ու ռուսական սալի» արանքից հանելու համար, բայց այդպես էլ չկարողացավ հանել։ Իսկ ամենասարսափելին այն է, որ նա մինչև հիմա գուցե չի էլ գիտակցել իր գլոբալ ձախողումն ու այդ ծրագրի իրականացման սկզբունքային անհնարինությունը․ նրան թվում է, թե եթե շարունակի «իջեցնել նշաձողը» ու փորձի «վարի տալ» երկրի ոչ թե կեսը, այլ 60 տոկոսը՝ 40 տոկոսը փրկելու համար, կամ մի քանի ամիս անց համաձայնվի փրկել գոնե 30 տոկոսը, դա իրեն հաջողվելու է։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ