...

Առյուծի բերանը փակեք, լեզուն էլ հետ մտցրեք, մնացածը հրաշալի է

Առյուծի բերանը փակեք, լեզուն էլ հետ մտցրեք, մնացածը հրաշալի է

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջերս ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշն ու նկարագիրը սահմանելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` առյուծը, սուրը, Հայաստանի Հանրապետության դրոշը և գանձարկղը։ «Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերև ուղղած և շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս: Առյուծը ոսկեգույն է և խորհրդանշում է ուժ, քաջություն և հզորություն: Առյուծի ձեռքում գտնվող սուրը մոխրագույն է՝ ոսկեգույն դաստապանով և մուգ մոխրագույն բռնակով: Սուրը խորհրդանշում է կոռուպցիայի դեմ պայքարը: Գանձարկղը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պահպանության ու պաշտպանության: Առյուծը պատկերված է վահանի կենտրոնում` եզրագծված կապույտով։ Ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է: Առյուծից վերև՝ աջ կողմում պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը։ Մուգ կապույտը խորհրդանշում է համառությունը, անկոտրունությունը, ուժն ու նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Դրոշից վերև գրված են «Հայաստանի հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե» բառերը» (Tert.am)։

Նախագիծը պետք է արագացված կարգով քննարկել ու անհապաղ ընդունել։ Հրատապ է։ Թե չէ կոռուպցիայի դեմ պայքարում դարձյալ լուրջ հաջողություններ չենք գրանցի։ Մինչդեռ օրենքով սահմանված ոսկեգույն առյուծը «դուխ» կտա հակակոռուպցիոնի ղեկավարությանը․ վերջապես գործով կզբաղվեն, իրական գործով, ոչ թե կոռուպցիայի «պետպատվեր» կարելով ոչ յուրայինների վրա։ Սուրն էլ իր հերթին վերջ կդնի կոռուպցիայի դեմ պայքարի թավշյա մեթոդներին։ Կգա ամեն ինչ հետ ստանալու և ժողովրդին փայատեր հռչակելու ժամանակը։ Բայց ամենակարևորը տակառիկն է, կներեք՝ գանձարկղը։ Գանձարկղը արժեքներն են, որոնք հատուկ պահպանության կարիք ունեն։ Մնաց հստակեցվի՝ ի՞նչ արժեքներ, որ այսօրվա Հայաստանում պահպանության և պաշտպանության կարիք ունեն։ Ցանկը պետք է ճշգրտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան կոմիտեի ղեկավարության համար։ Թե չէ մի օր կզարթնեն ու կիմանան, որ իրենց «ազնիվ մղումները» թարս են աշխատել, իրենք էլ պահպանել ու պաշտպանել են այն, ինչը, ըստ Փաշինյանի, ենթակա էր բացառման ու վերացման։ Պարզապես մի առաջարկ՝ առյուծի բերանը կարելի է փակել, լեզուն էլ՝ իր տեղում թողնել։ Թե չէ բաց բերան ունեցող ու լեզուն կախ ընկած առյուծը կարող է պոտենցիալ վտանգ խորհրդանշել հենց նույն գանձարկղի համար։    

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ