...

Ասուլիսի փոխարեն կարելի էր ընդամենը մի բառ ասել․ «տալիս եմ»

Ասուլիսի փոխարեն կարելի էր ընդամենը մի բառ ասել․ «տալիս եմ»

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, իհարկե, նախորդներից ավելի դիտարժան էր։ Մարդը նախապես պատրաստվել էր՝ ոսկեգույն պլաստիկի կտորից Հայաստանի քարտեզ էր սարքել տվել (ենթադրաբար՝ մեկ անձից գնման ընթացակարգով) ու համարյա ամեն հարցից հետո տեղի-անտեղի թափահարում էր։ Ճիշտ է՝ մտավախություն կար, որ ցանկացած պահի կարող է ձեռքի անզգույշ շարժումով ջարդել-պոկել Սյունիքի մարզի հատվածն ու ասել «վա՛յ քու, արա՛․․․ դե լավ, ոչինչ, սենց է՛լ վատ չի», բայց բարեբախտաբար՝ նման բան տեղի չունեցավ։ Համենայն դեպս՝ տեսախցիկների առջև։

Իսկ ասուլիսի հիմնական նպատակներից մեկն ամենայն հավանականությամբ Ադրբեջանի վերջնագրային պահանջին արձագանքելն էր։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը պահանջել էր «անհապաղ վերադարձնել» Տավուշի մարզի ուղղությամբ հայկական վերահսկողության տակ գտնվող 4 ոչ անկլավային գյուղերը, Նիկոլ Փաշինյանն էլ «անհապաղ» ասուլիս էր հրավիրել՝ ասելու համար, որ պրոբլեմ չկա, տալիս է, չէ՞ որ այդ տարածքները «պլաստիկի եզրագծից» դուրս են, այսինքն՝ Հայաստանինը չեն, և ընդհանրապես՝ Հայաստանում երբեք այդ անվանումներով գյուղեր չեն եղել (այլ կերպ ասած՝ դրանք Ադրբեջանին են պատկանում)։

Դահլիճում հավաքված լրագրողներն այդպես էլ չլսեցին Նիկոլ Փաշինյանի միակ տրամաբանական պատասխանը՝ որ Ադրբեջանն այդ գյուղերը պահանջում է Ալմաթիի հռչակագրով ամրագրված սահմանները վկայակոչելով, հետևաբար՝ ինքն էլ իր հերթին պիտի վերադարձնի այդ նույն սահմանների խախտումով Հայաստանից զավթած տարածքները։ Ճիշտ հակառակը․ նա հայտարարեց, թե սկզբունքորեն համաձայն է, որ սահմանազատումն իրականացվի հատվածաբար, օրինակ՝ առաջին հերթին դա արվի Տավուշում, կամ՝ Սյունիքում, կամ՝ Վայոց Ձորում․․․ Ու դա ներկայացրեց այնպես, կարծես հերթականությունը հեչ կարևոր չէ։ Մինչդեռ եթե սահմանազատման «առաջին փուլն» իրականացվի, ասենք, Սյունիքում կամ Գեղարքունիքում, առաջինն ադրբեջանցինե՛րը պիտի դուրս բերեն իրենց զորքերը։ Իսկ Տավուշի մարզը միակն է, որտեղ «վերադարձնելու բան» ունեն ոչ թե ադրբեջանցիները, այլ մենք, դրա համար էլ նրանք հենց ա՛յդ մարզից են սկսում։ Ընդ որում՝ նախապես զգուշացնելով, որ հետագայում մտադիր չեն իրենց հերթին զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից։

Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նաև դրան է համաձայն, պարզապես ժամանակ խնդրեց՝ բացառապես ՀՀ տարածքով անցնող նոր կոմունիկացիաներ կառուցելու համար։ Ընդ որում՝ Ադրբեջանը հաստատ այդ ժամանակը չի տալու։ Թե ինչու՝ այդ հարցին նույնպես անուղղակիորեն պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, երբ սկսեց խոսել ապագա սահմանի «ֆունկցիոնալության» մասին։ Բանն այն է, որ եթե Ադրբեջանն իսկապես նպատակ ունենար խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, սահմանազատման հարցում կառաջնորդվեր նաև ապագա սահմանի ֆունկցիոնալությամբ, այսինքն՝ եթե, օրինակ, ինչ-որ հատվածում մեր ճանապարհը մի տասը մետրով մտնում է Ադրբեջանի տարածք ու նորից դուրս գալիս, այդ հատվածում ինչ-որ փոխզիջումային լուծում կգտնվեր, ու նոր կոմունիկացիաների կարիք չէր լինի։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նման հնարավորություն չկա, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե մեզ հետ խաղաղություն հաստատելն է, այլ մեզ հնարավորինս շատ վնաս տալը, այդ թվում՝ սահմանազատման պատրվակով։ Հիմա հարց է ծագում՝ եթե Ադրբեջանի նպատակը մեզ առավելագույնս վնասելն է, ինչո՞ւ պիտի «մեծահոգաբար» մեզ նոր ճանապարհներ կառուցելու ժամանակ տա, կասի «էդ ձեր պրոբլեմն ա, ոնց ուզում եք՝ արեք, բա այսքան ժամանակ ինչո՞վ էիք զբաղված»։ Ճիշտ այնպես, ինչպես ասում էր Որոտան-Շուռնուխ ճանապարհի կամ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում։ 

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում անձամբ կգնա Տավուշ։ Որպեսզի իր աչքով տեսնի, թե քանի կիլոմետր նոր ասֆալտ պիտի փռվի Ալմաթիի հռչակագրի «քաղաքական հենքի վրա», ու առաջիկայում ովքեր պիտի փռվեն այդ ասֆալտի վրա՝ իրեն «հողատու» անվանելու համար։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ