...

Ազգային անվտանգության ծառայությունը և ազգային անվտանգությունը

Ազգային անվտանգության ծառայությունը և ազգային անվտանգությունը

ԱԺ-ում ԱԱԾ արխիվային փաստաթղթերին վերաբերող օրենքում «կամ» բառի կիրառությունից աղմուկ բարձրացավ։ Ճիշտ է, ոչ այնպիսին, ինչպիսին կլիներ քաղաքակիրթ երկրում, բայց աղմուկ էր։ 

Ինչ արժեք ունի օրենքում մի անմեղ բառի գործածությունը, կարծում ենք, շատերն արդեն իմացան։ Եթե նախկինում ԱԱԾ արխիվային փաստաթղթերը ժամկետն անցնելուց հետո կարող էին գաղտնազերծվել, հետո ոչնչացվել, ապա այժմ դրանք կարող են ոչնչացվել առանց գաղտնազերծվելու։ Ապրե՛ք։ 

Հետաքրքիր էր, իհարկե, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմության մտավախություններին ի պատասխան հիշեց, որ 2018-ի իշխանափոխությունից առաջ ԱԱԾ-ից փաստաթղթեր էին անհետացել։ Վերհուշը, իհարկե, ինքնատիպ էր։ «Ո՞վ, այնուամենայնիվ, ձեզնից ու կամ ձեր կոալիցիոն գործընկերներից ԱԱԾ-ից գողացավ Մարտի 1-ի հետ կապված որոշ փաստաթղթեր»,- ասաց պրն Ռուբինյանը՝ առանց դույզն-ինչ մտահոգվելու, որ խախտում է անմեղության կանխավարկածը, որ չի կարողանալու ասածն ապացուցել, որ․․

Իսկ թե ինչո՞ւ «նորերի» իշխանության 4,5 տարում կորած փաստաթղթերն այդպես էլ չգտնվեցին, իշխանականներից ոչ ոքի չի հուզում։

Հիշո՞ւմ եք՝ իշխանափոխությունից հետո ԱԱԾ բեմադրած տնտեսական շոուները, որոնք այդպես էլ շոշափելի արդյունք չտվեցին։ Բայց զբաղմունք էր, որով փորձում էին ապացուցել «հեղափոխության» անհրաժեշտությունը։

Պատերազմից հետո ԱԱԾ շոու ծրագիրը փոխվեց։ Սկսվեց մանր-մունր դավաճանների որսը։ Սա ավելի խայտառակ բան էր, քան նախորդը, որովհետև ապացուցում էր կառույցի անգործությունը։ Ի դեպ, կասկածելի է նաև այսպես կոչված բացահայտումների որակը։ Սրանով էլ, փաստորեն, «ապացուցում էին», որ պարտության մեղավորները երկրի վերնախավում չեն։

Իսկ երկրի անվտանգությունը անմխիթար վիճակում է։ 

Պատերազմը չի ավարտվել։ Կախված է գլխներիս։ Անվտանգության պատասխանատուները՝ երկրի փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանից սկսած, ԱԱԾ-ով վերջացրած, անգործության են մատնված։

Նրանց միակ գործառույթը աղմուկ-աղաղակ առաջացնելն է, մարդկանց անկարևոր խնդիրներով զբաղեցնելը, որպեսզի իրական աղետն իր ամբողջ ահագնությամբ չտեսնեն։

Օրական նյութ են տալիս լրագրողական և վերլուծաբանական համայնքին, որ պարապ չմնան, որ ֆեյսբուքն արձագանքի, մի քիչ ծամի ու մոռանա։ 

Մոռանա ի՞նչը։ Օրինակ այն, որ 2020-ին հազարավոր զոհեր ենք տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դավաճան չկոչվի։

Մոռանանք, որ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ին 200-ից ավելի զոհեր ունեցանք, և թշնամին ամրապնդվում է արդեն ՀՀ տարածքում։

Մոռանանք, որ 2020-ի նոյեմբերից արդեն երկու տարի է անցել, բայց մենք այդպես էլ չենք հասկացել, որ պետք է ամրապնդենք բանակը, սահմաններին ամրություններ ունենանք, զենք ունենանք։

Արբանյակի, հնդկական զենքի, չկամ Ռուսաստանի մասին ծամոնները նույնպես թմրադեղ են։ Այո՛, այդ խոսակցություններով թմրեցնում են մարդկանց ուղեղը։

Իսկ պատերազմի հարցը շատ կոնկրետ է։ Այն չի կարելի լուծել ո՛չ լալահառաչ գրառումներով կամ ելույթներով, ո՛չ լաչառությամբ։ Ո՛չ էլ Արևմուտքին կամ Արևելքին քծնելով։ Կոնկրետ հարցը կոնկրետ գործերով են լուծում։ 

Իսկ այս իշխանությունը կոնկրետ գործեր անելու ընդունակ չէ։ Շատ-շատ մտածի, թե ԱԱԾ-ն ինչ փաստաթղթեր ունի իր անդամների մանր ու մեծ արարքների մասին, որ օրենքով կարողանա դրանք ոչնչացնել։ 

Ինչ էլ ոչնչացնեն, որքան էլ ոչնչացնեն, մեկ է, ազգային անվտանգությունն իրե՛նք են հասցրել զրոյական կետի։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ