...

«Ազգային» և «ապազգային» ստահակների վերջին հանգրվանը նույնն է

«Ազգային» և «ապազգային» ստահակների վերջին հանգրվանը նույնն է

Եթե արդարացի է այն պնդումը, թե «ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է», ապա կարելի է արձանագրել, որ վերջին 25 տարիներին Հայաստանում իշխանությունը պատկանել է բացառապես ստահակներին։ Սրանում համոզվելու համար պետք է ընդամենը հիշել, թե 25 տարի շարունակ ինչպես էին միմյանց հաջորդող իշխանությունները հիմնավորում իրենց ամենաայլանդակ քայլերը։

25 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխանությունը զավթեցին հենց հայրենասիրական կարգախոսներով՝ իբր իրենց իշխանությունը չի հետաքրքրում, պարզապես իրենք մեծ հայրենասերներ են և չեն ուզում թույլ տալ, որ «ապազգային իշխանությունները հանձնեն Արցախը»։ Որևէ մեկը, իհարկե, չէր պատրաստվում «Արցախը հանձնել», խոսքը Ջեբրայիլի ու Զանգելանի մասին էր՝ Արցախը պահելու դիմաց, բայց համընդհանուր ռազմահայրենասիրական հիստերիայի պայմաններում ո՞ւմ էր դա հետաքրքրում։ Հետո՝ իշխանությունը զավթելուն պես, այդ «մեծ հայրենասերները» սկսեցին սարսափելի տեմպերով հարստանալ, և իսկապես էլ ոչ մի Զանգելան ու Ջեբրայիլ չհանձնեցին։ Ոչ թե այն պատճառով, որ հայրենասեր էին ու այդ տարածքները մեր հայրենիքն էին համարում, այլ որովհետև հանձնելով կարող էին զրկվել Հայաստանը լափելու իրենց լիցենզիայից։ Այդ իմաստով հայրենասիրությունն իսկապես ոչ միայն իդեալական, այլև ունիվերսալ փաթեթավորում էր, որովհետև դրանով կարելի էր քողարկել ամեն ինչ։ Օրինակ՝ կեղծել ցանկացած ընտրություն և քարոզել, թե իբր դա անում են, որպեսզի «միջազգային մութ ուժերի ծախու գործակալները» չգան իշխանության ու չհանձնեն Արցախը, փողոցային կրիմինալից ստեղծել ընդդիմության կողմնակիցների վրա հարձակվող բանդաներ, որպեսզի նրանք «չսասանեն ներքաղաքական կայունությունը» (չէ՞ որ «թուրքը սահմանին նստած՝ հենց դրան է սպասում»), անգամ երիտասարդ կարիերիստների լպրծուն զանգվածներին հայրենասիրական տեսք տալ՝ անվանելով «եռագույն բազեներ» ու պետական դրոշի գույներով շորտիկներ հագցնել, և այլն։ Մինչդեռ իրական նպատակը մեկն էր՝ «Հայաստանի Հանրապետություն» կոչվող լափամանից առավելագույնս երկար ու կոմֆորտ պայմաններում օգտվելը։ 

Իսկ ի՞նչ փոխվեց 2018-ի մայիսին։ Առանձնապես ոչինչ։ Երիտկարիերիստների նորահայտ մի խումբ նույն հայրենասիրական լոզունգներով («ո՛չ Հայաստանի ադրբեջանացմանը», «էս չի՞ ձեր պահած բանակը» և այլն) զավթեց իշխանությունը, «եռագույն բազեներին» փոխարինեց «հեղափոխության պահապաններով», «պետական ինստիտուտների կայացման» պատրվակով սկսեց բյուջեն մեջ-մեջ անել ու կրճոնները որպես պարգևավճար յուրայիններին բաժանել հարյուր միլիոնավոր դոլարներով, հետո կորցրեց Արցախը, փլուզեց անվտանգության համակարգը, հիմա էլ ոչ մի կերպ չի ցանկանում կասեցնել գահավիժումը, ու բնականաբար՝ դարձյալ «հայրենասիրական նկատառումներով»։ Իբր՝ ժողովրդին սիրելն է պատճառը, որ չեն պաշտպանում ամայի սարերը, հայրենիքը սիրելն է պատճառը, որ չեն դիմադրում, երբ ադրբեջանցիները ներխուժում են Հայաստան (որովհետև եթե դիմադրեն՝ կգան մեր հայրենիքը կվերացնեն), և այլն։ Իրականում գուցեև շատ չեն կեղծում, երբ ասում են, թե սիրում են հայրենիքը։ Նախկիններն է՛լ չէին կեղծում։ Մոտավորապես նույնպիսի անկեղծությամբ ձիերն իրենց մսուրն են սիրում, խոզերը՝ իրենց լափի տաշտակը, ու տարօրինակ կլիներ, որ իմքայլականները Հայաստանը չսիրեին։ Բայց լափամանից կախվածությունը հայրենասիրություն անվանելը, համաձայնվեք, մեղմ ասած՝ սրիկայություն է։ 

Եվ ընդհանրապես՝ հայրենիքը չեն սիրում, հայրենիքին ծառայում են։ Այլ հարց է, որ մշտապես լափամանից օգտվելու ձգտումը բոլոր ժամանակների բոլոր սրիկաներին ստիպում է կեղծ հայրենասիրությունը դրոշակ դարձնել ու դրա ձողով ջարդել բոլոր նրանց գլուխները, ովքեր կփորձեն երկիրը փրկել հայրենասիրությունը վերջին հանգրվան դարձրած ստահակներից։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2812 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ