Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են «Արցախը Հայաստան է, և վերջ» բառերով ու բանակցությունները սեփական կետից սկսելու մասին հայտարարությամբ պատերազմ հրահրելու մեջ, նա ահավոր հիստերիայի մեջ է ընկնում, և այդ հիստերիան անմիջապես SMS-ներով կամ օդա-կաթիլային եղանակով տարածվում է նաև թիմակիցների շրջանում։
Թիմակիցների դեպքում ամեն ինչ հասկանալի է․ շեֆից ավելի հիստերիկ երևալը ավելի մեծ լափաման ձեռք գցելու «հնարավորությունների պատուհան» է բացում, և հակառակը՝ եթե հիստերիան չկիսեն, կարող են զրկվել նաև եղած լափամանից։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի հիստերիան անհասկանալի է, որովհետև տրամաբանորեն՝ նա պիտի խոստովաներ, որ այո՛, հենց ի՛նքն է հրահրել պատերազմը, ու պիտի հպարտանար դրանով։ Թե ինչու՝ փորձենք բացատրել։
Ո՞րն է, ի վերջո, Նիկոլ Փաշինյանի վերջին մեկ-մեկուկես տարիների բոլոր ելույթների և ուղերձների հիմնական ասելիքը։ Մոտավորապես սա․ «Ղարաբաղյան շարժումն այն մասին էր, որ Հայաստանը երբեք չպետք է լիարժեք անկախ պետականություն ունենա, քանի Ղարաբաղը կա՝ մենք չենք կարող ինքնիշխան լինել, որովհետև Ղարաբաղը թոկ է մեր անկախ պետականության վզին», և այլն։ Հարց է ծագում՝ ի՞նչ պիտի աներ նման «համոզմունքներ» կամ մտասևեռում ունեցող մեկը, եթե պատահաբար հայտնվել է պետության ղեկին և մտադիր է Հայաստանը դարձնել «իրապես անկախ և ինքնիշխան»։ Ճիշտ է, տրամաբանորեն՝ պիտի «կտրեր այդ թոկը»։ Բայց ինչպե՞ս։ Հո բացեիբաց պատերազմ չէ՞ր հայտարարելու Ադրբեջանին։ Մնում էր մի տարբերակ՝ շտապեցնել, որ օր առաջ Ադրբեջանն ինքը հարձակվի, հետո՝ ամեն ինչ անել, որ պատերազմում պարտվենք, հետո՝ հասնել նրան, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվի, վերջում էլ հայտարարել, որ առաքելությունը հաջողությամբ իրականացված է (թոկը կտրված է, Ղարաբաղը չկա, ու որպես վերջնարդյունք՝ «Հայաստանը երբեք այսքան անկախ և ինքնիշխան չի եղել»)։
Հենց այդ եռաքայլ կոմբինացիան էլ (պատերազմի հրահրում, Արցախի կորուստ, «Իրական Հայաստան») իրականացրել է Նիկոլ Փաշինյանը, և, իր կարծիքով, հասել «փայլուն վերջնարդյունքի»։ Հարց է ծագում՝ բա եթե «եռաքայլ կոմբինացիան» հաջողությամբ է պսակվել, ինչո՞ւ ես հրաժարվում առաջին քայլի «հեղինակային իրավունքից», չէ՞ որ ըստ քեզ՝ առանց դրա չէին լինի նաև հաջորդ քայլերը, այսինքն՝ Հայաստանը չէր դառնա իրապես ինքնիշխան։
Ուրիշ հարց է՛լ կա։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև 20 տարի շարունակ բանակը թալանվում էր, դարձել էր կոռուպցիայի բույն, և այլն։ Նույն Նիկոլ Փաշինյանն ասում է նաև, որ եթե պատերազմն այդ արդյունքը չունենար՝ Հայաստանն այսօր լիարժեք անկախ չէր լինի։ Այլ կերպ ասած՝ բանակը 20 տարի թալանողներն իրենց գործունեությամբ կամա թե ակամա ամեն ինչ արել են, որ Հայաստանը վերջապես դառնա լիարժեք անկախ։ Այ տնաշեն, բա ինչո՞ւ «Իրական Հայաստանին մատուցած ծառայությունների համար» մեդալներով չես պարգևատրում, ինչո՞ւ ես սահմանափակվում միայն խորհրդարանում տաքուկ տեղեր ապահովելով։ Թե՞ երախտագիտությունդ արտահայտում ես միայն այնքանով, որ նրանք ազատության մեջ են, իսկ Միքայել Աջապահյանը, օրինակ, բանտում։
Մարկ Նշանյան