...

Ինչպե՞ս է վերարտադրվելու ագրեսիվ փոքրամասնության իշխանությունը

Ինչպե՞ս է վերարտադրվելու ագրեսիվ փոքրամասնության իշխանությունը

Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «ուղտերթի» սակավամարդությունը կարգին ոգևորել է ընդդիմադիր հասարակական-քաղաքական շրջանակներին։ Եվ իսկապես էլ՝ երթի մասնակիցների թիվը հազիվ գերազանցել է 2 հազարը, ու եթե այդ թվից հանում ես մոտ 700 ուժայիններին (ոստիկանություն, ԱԱԾ, թիկնապահներ) և իշխանական վերնախավին (պատգամավորներ, նախարարներ, համայնքապետեր, չինովնիկներ), տակը մնում են հազիվ մի քանի հարյուր շարքային քաղաքացիներ։ Մինչդեռ նույն օրը Հայաստանի տասնյակ եկեղեցիներում իսկական (կանոնական) պատարագներին մասնակցել են տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր մարդիկ։

Բայց խնդիրը մարդկանց քանակը չէր, ոչ էլ մասնակիցների «բարոյական նկարագիրը»։ Այո, լրագրողներն ամենաշատը հենց դրանց վրա էին կենտրոնացել, թեև շատ ավելի կարևոր էր, օրինակ, այն հարցը, թե ո՞վ էր, ի վերջո, հոգացել հանրահավաքային հարթակի կամ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգում» գրությամբ հսկայական ցուցապաստառի տպագրության և տեղադրման ծախսերը, որոնք, ամենահամեստ հաշվարկներով, գերազանցում են 10 հազար դոլարը։

Ինչևէ։ Խնդիրն այն է, որ այդ «ուղտերթը» ճշգրտորեն արտացոլում է Հայաստանում ընտրություններից 5 ամիս առաջ իշխող հանրային տրամադրությունները և ուժերի հարաբերակցությունը։ Ավելին՝ ցույց է տալիս, թե մոտավորապես ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում փոքրաթիվ աջակիցներով «հաղթել» ընտրություններում։ Հենց այդպես էլ պատկերացնում է՝ ճիշտ և ճիշտ «ուղտերթի» մոդելով։ Ագրեսիվ փոքրամասնություն + վարչական ռեսուրսի մոբիլիզացիա + ուժային կառույցների անվերապահ աջակցություն + պետական քարոզչամիջոցների անխնա օգտագործում։

Ուշադրություն դարձրեք՝ «ուղտերթը» կազմակերպվել էր հենց այդ սխեմայով, պետական քարոզչամեքենան էլ մանրամասն «լուսաբանում էր» ընդամենը մի քանի հարյուր իրական քաղաքացիների մասնակցությամբ այդ թամաշան, մինչդեռ որևէ այլ եկեղեցու որևէ իրական պատարագի մասին ձայն-ծպտուն չհանեց, այդ թվում՝ նաև Էջմիածնի Մայր տաճարում մատուցվածից։ Արդյունքում՝ մի քանի հարյուր հոգի Նիկոլ Փաշինյանի հետևից էին քայլում, մի քանի տասնյակ հազար հոգի տարբեր եկեղեցիներում իրական պատարագների էին մասնակցում, բայց տպավորություն ստեղծվեց, թե տեսեք՝ ժողովուրդը Նիկոլի ետևից է «ուր որ գնաս՝ հետդ կգամ» անում։

Բայց արդյո՞ք այդ մոդելը կաշխատի նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ի վերջո՝ խոսքը շրջիկ պատարագների մասին չէ, որ ագրեսիվ փոքրամասնության մոբիլ խմբերը «գազելներով» ու ոստիկանական գումարտակների ուղեկցությամբ եկեղեցուց եկեղեցի տեղափոխեն և այդպիսով աջակցության տպավորություն ստեղծեն։ Ընտրությունները միաժամանակ բոլոր համայնքներում են տեղի ունենալու, այսինքն՝ ուժայինները «քչություն են անելու», որևէ «արու» համայնքապետ էլ չի կարողանալու միաժամանակ տրտինգ տալ մի քանի ընտրատարածքներում։ Դրա համար էլ իշխանությունները նախապես ագրեսիվ փոքրամասնության տեղային բջիջներ են ձևավորում՝ Թալինի օրինակով, զուգահեռաբար քարոզչական նախապատրաստություն են իրականացնում՝ բողոքի հնարավոր ակցիաները որպես «Հայաստանի դեմ գործակալական ցանցերի դիվերսիա» ներկայացնելու և ուժային մեթոդներով դրանք ջարդելու նպատակով, ընտրությունների արդյունքների հետ էլ երևի կվարվեն այնպես, ինչպես «ուղտերթի» լուսանկարների հետ՝ ֆոտոշոփով-բանով կխմբագրեն, կանցնի-կգնա։

Այնպես որ՝ ընդդիմությունն առայժմ ոգևորվելու պատճառ առանձնապես չունի։ Որովհետև Նիկոլ Փաշինյանն իր ունեցած ագրեսիվ փոքրամասնությամբ իշխանությունը պահպանելու ձևը կարծես թե գիտի, իսկ ահա ընդդիմությունն իր ունեցած պասիվ մեծամասնությունն ակտիվացնելու ձևն առայժմ չի գտնում։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   139 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ