...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, Արցախում սով է սկսվում․․․

- Էլ մի՛ շարունակեք։ Ադրբեջանի հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի էթնիկ հայերի սոցիալական խնդիրները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ 

- Չէ, ուրիշ բան էի հարցնում։ Որքանո՞վ է բարոյական, որ Արցախում սով է, իսկ Ձեր տիկինն իր աճեցրած բանջարեղենով պատրաստած ընթրիքն էր լուսանկարել ու տարածել համացանցում։

- Էդ չհասկացա, մեր ընթրիքը ինքն է՞ր աճեցրել։ Փաստորեն մեր փոքրիկ բանջարանոցում կարմիր խավիար ու լանգուստ էլ ա՞ աճում։ Ես չգիտեի, պետք է այդ փորձը տարածել ու խելացի անասնագոմերից հետո նաև խելացի բոստաններ հիմնել։ Ու Հայաստանը կվերածվի ժողովրդավարության բոստանի։ Թե՞ բաստիոնի․․․ Էդ բառը ո՞նց էր․․․ Իսկ լուսանկարները տարածելու նպատակն, ինչպես միշտ, եղել է իր անձնական օրինակով մարդկանց բարոյապես աջակցելը։ Ոնց որ բունկերում․․․ 

- Բայց Արցախում արդեն թերսնվածությունից հղի կանայք են ուշաթափվում տրանսպորտում․․․ 

- Տրանսպորտո՞ւմ։ Ես էլ ասեմ՝ Աննան ինչի ա առավոտվանից իրեն սպասարկող ավտոյի մեջ սելֆիներ անում։ Դրանով ուղերձ է հղում, որ եթե տրանսպորտում նեղվածք է՝ մեքենաներից օգտվեք։ 

- Լավ, եկեք թեման փոխենք։ Թեև խոստացել էիք, բայց տեսնում եմ, որ Ձեր աշխատասենյակում Արագածի նկարը չկա․․․

- Գիտե՞ք, քանի որ Հայաստանը կադաստրի թուղթ չունի, ու հայտնի չէ, թե խաղաղության դարաշրջանի բացումից հետո կոնկրետ ո՛ր սարը կլինի Հայաստանի տարածքում, ես որոշել եմ ինչ-որ ունիվերսալ սարի նկար պատվիրել, վարչապետի աշխատակազմի նկարիչներն էլ թող անհրաժեշտության դեպքում միայն սարի ուրվագծերը փոխեն։ Այդպես ավելի էժան կլինի։

- Վարչապետի աշխատակազմում հաստիքային նկարիչներ կա՞ն։

- Դե բա առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են․․․ 

- ՏԻՄ ընտրություններ ասացիք՝ հիշեցի։ Ինչպե՞ս եք գնահատում Տիգրան Ավինյանի շանսերը։

- Շատ բարձր։ Մայրաքաղաքի տնտեսությունը միշտ ամենակոռումպացված ոլորտներից մեկն է եղել, իսկ Տիգրան Ավինյանը դրա լավագույն մասնագետներից է։ 

- Իսկ եթե այնուամենայնիվ չընտրվի՞։

- Դե․․․ Դա կնշանակի, որ երևանցիները կարևորում են ոչ թե քաղաքի, այլ քաղաքապետարանի՛ աղբահանությունը։ Բայց կարծում եմ՝ նման բան տեղի չի ունենա, որովհետև պրն Ավինյանն արդեն կիսով չափ քաղաքապետ է։ Հիշո՞ւմ եք, որ Քոչարյանն ասում էր «քաղաքապետը փողի վրա նստած ա»։ Ավինյանն այսպես թե այնպես վաղուց փողի վրա նստած է, ու մնում է ընդամենը ընտրություններով ամրագրել դա։ 

- Պրն Փաշինյան, ի՞նչ կարծիքի եք Ալեն Սիմոնյանի․․․

- Ի՞նչ ա արել, էլի թքել ա՞։

- Ոչ, պարզապես նրա երեխայի սնանկացած քավորը 40 միլիոն դոլարանոց ապօրինի բիզնեսում 25 տոկոս փայ ունի։

- Քավո՞րը։ Դա խայտառակություն է, մենք պիտի արմատախի՛լ անենք քավոր-սանիկային հարաբերությունները քաղաքականության մեջ ու բիզնեսում։ Հենց հիմա զանգեմ քավորիս՝ թող պատշաճ քննություն սկսի։ 

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3064 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ