...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ


- Բարև ձեզ, պարոն Փաշինյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։

- Ես եմ շնորհակալ։ Կեպիս հանե՞մ, թե՞ լավ ա նայվում։

- Ինչպես Ձեզ հարմար է։ Առաջին հարցը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման մասին։ Ի սկզբանե Ձեր տիկինն էր նախաձեռնել այդ շարժումը, և սկզբնական շրջանում միայնակ էր մասնակցում հանդիպումներին, բայց հիմա ամեն տեղ երկուսով եք։ Ո՞րն է պատճառը։

- Հիմնական պատճառը․․․ Հա, բայց ամեն դեպքում կեպիս չհանե՞մ, թե՞ գալստուկիս հետ լավ էլ բռնում ա։ Հա, ի՞նչ էի ասում։ Գիտե՞ք, մեր քաղաքական թիմի անդամները նկատել էին, որ ամեն անգամ, երբ Աննան «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում միայնակ որևէ մարզ է մեկնում, այդ ընթացքում իմ ժեստիկուլյացիան ու միմիկան կտրուկ ակտիվանում են։ Դրա համար էլ խնդրեցին, որ ամեն տեղ միասին մեկնենք, որպեսզի օրը երեք անգամ, ուտելուց հետո, ճիշտ ժամանակին ճիշտ դոզայով կրթվեմ։

- Իսկ այդ շարժումը որևէ օգուտ տալի՞ս է։

- Իհարկե։ Մենք մեր օրինակով իրական Հայաստանի նոր քաղաքացի ենք կրթում։

- Ի դեպ՝ մի քանի օր առաջ Արհեստական բանականությանը (AI) խնդրել էինք հոլովակ պատրաստել, թե ինչպես է պատկերացնում Ձեր անձնական օրինակով կրթված նոր քաղաքացուն։ Հետաքրքիր պատկեր էր ներկայացրել։ Ինչ-որ մեկը հեծանիվ էր քշում՝ մի ձեռքով ղեկը բռնած, մյուսով պեռաշկի էր կծում, հետո թերմոսից ինչ-որ բան խմում ու վրայից թթու վարունգ ուտում, պտղատու ծառ տեսնելուն պես կանգնում էր, հեծանիվից իջնում, բարձրանում ծառը ու հենց ճյուղից ուտում միրգը, այգեպանին տուգանում, այդ ընթացքում երկրորդ հեծանվորդը ուշադիր զննում էր տարածքը, որտեղ հաջողակ տղամարդ էր տեսնում՝ բռնում հետը ճաշում էր, հետո երկուսով շարունակում էին ճանապարհը, մտնում որևէ դպրոց, ծորակներն ու կախիչները պոկում, պատմության դասագրքերը հանում, լցնում իրար վրա, վառում ու վրան եգիպտացորեն խորովում․․․

- Բայց կարևորը՝ երջանիկ էին, չէ՞։ Այ հենց դա՛ է մեր նպատակը, դրա համա՛ր ենք մեր անձնական օրինակով կրթում։ Եվ ընդհանրապես՝ արդեն ուղիղ յոթ տարի է, ինչ ես իմ անձնական օրինակով գովազդում եմ կրթվելը։

- Այդ ինչպե՞ս։

- Շատ պարզ։ Արդեն յոթ տարի է, ինչ ես իմ անձնական օրինակով, իմ գործունեությամբ ցույց եմ տալիս, թե ինչ աղետներ կարելի է բերել երկրի գլխին, եթե այն ղեկավարում է տգետ ու անկիրթ մարդը։ Համաձայնվեք՝ կրթվելու ավելի արդյունավետ գովազդ հնարավոր չէ պատկերացնել։ Վերջին հաշվով՝ եթե, օրինակ, կապիկին ուզում են սովորեցնել, որ չի կարելի հոսանքի բաց լարերին դիպչել, հո նրան ֆիզիկայի օրենքները չե՞ն բացատրում։ Ուղղակի թույլ հոսանք են միացնում, մի երկու անգամ մզզացնում է, ու վերջ, կապիկը էլ լարերին չի դիպչում։

- Փաստորեն՝ Դուք զուտ դաստիարակչական նպատակներով եք կործանման հասցրել Հայաստանը, որպեսզի ցույց տաք տգիտության վնասներն ու կրթվելու անհրաժեշտությունը․․․

- Այո։

- Մի բան խնդրեմ, էլի․․․ Անձամբ Ձեր օրինակով ցույց կտա՞ք, որ չի կարելի մկրատը մտցնել շտեպսելի մեջ։ Շատ եմ խնդրում․․․ Հանուն ապագա սերունդների կրթվածության․․․

ՎԱՐԿԱՆԻՇ

   313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ