...

Բրյուսելյան «առաջընթաց»՝ նոր պատերազմի ճանապարհին

Բրյուսելյան «առաջընթաց»՝ նոր պատերազմի ճանապարհին

Արդեն երեք օր է՝ հայ հասարակությունը քննարկում է «բրյուսելյան պայմանավորվածությունները»։ Իմքայլականները ցնծում են, որ իրենց «թիվ մեկը» հաջողացրեց Ադրբեջանին «ճանաչել տալ» Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քկմ տարածքով, մյուս բոլորը հայհոյում են Նիկոլ Փաշինյանին, որ նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 քկմ տարածքով (այսինքն՝ Ղարաբաղն ու անկլավներն էլ հետը), և այնպիսի տպավորություն է, թե քննարկվող հիմնական թեման մեկն է՝ արժե՞ այդպիսի գին վճարել խաղաղության դիմաց, թե ոչ։ Պարզ ասած՝ մեր հասարակության մեծամասնության ընկալմամբ, բանակցային գործընթացն աճուրդ է, որտեղ որոշվում է, թե մենք ինչ գին պիտի վճարենք խաղաղության դիմաց, այդ աճուրդում Ալիևը չափազանց բարձր գին է առաջարկում, Նիկոլն էլ, բնականաբար, փորձում է «բազառ անել» ու հնարավորինս քիչ վճարել։

Այս ընկալումը տեղին կլիներ, եթե Ալիևն իսկապես էլ «խաղաղություն վաճառեր»։ Բայց բանակցությունների սեղանին «խաղաղություն» կոչվող ապրանք ընդհանրապես չկա, այդ մե՛նք ենք փորձում բանակցությունների միջոցով խաղաղություն ստանալ, իսկ Ադրբեջանը, հակառակը, ուզում է այդ նույն բանակցություններով նոր պատերազմ ստանալ, որովհետև համարում է, որ երբևէ վերջնական հաղթանակի հասնելու ավելի մեծ շանսեր չի ունեցել ու ապագայում էլ հազիվ թե ունենա։ 

Բանն այն է, որ այդ մե՛նք ենք Հայաստանն ու Արցախը միմյանցից տարանջատում՝ քանի որ Հայաստանը ՄԱԿ անդամ անկախ պետություն է իր 29,8 հազար քկմ տարածքով, իսկ Արցախը դե յուրե Ադրբեջանի մաս է, մինչդեռ Ադրբեջանը, հակառակ պաշտոնական պնդումներին, Հայաստանն ու Արցախը միմյանցից չի տարանջատում և համարում է եթե ոչ փաստացի միասնական պետություն, ապա «տարածաշրջանում փաստացի միասնական հայկական ներկայություն», որը պետք է վերացնել։ Նրանց ընկալմամբ, իրենք այդ հարցն առայժմ միայն մասնակիորեն են լուծել՝ նախկին ԼՂԻՄ 4,4 հազար քկմ տարածքից միայն 1,3 հազարն են «մաքրել հայկական ներկայությունից», ՀՀ տարածքից էլ «համարյա բան չեն վերցրել՝ ընդամենը մի 250-300 քկմ», հետևաբար՝ բանակցային գործընթացը պետք է օգտագործել բացառապես այդ «գործն» ավարտին հասցնելու համար։ 

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, ապա բանակցությունների ցանկացած փուլ և «արձանագրված առաջընթաց» պիտի հարց առաջացնի՝ դրա արդյունքում ավելի շատ Հայաստա՞նը մոտեցավ «համապարփակ խաղաղությանը», թե՞ Ադրբեջանը՝ «հայկական միասնական ներկայությունը» վերացնելու իր վերջնանպատակին։ Կոնկրետ բրյուսելյան վերջին հանդիպման դեպքում այդ հարցը հետևյալն է՝ Ադրբեջանը հրաժարվե՞ց «մի քանի հարյուր հազար ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադառնալու» պահանջից, թե ոչ։ Եթե չի հրաժարվել, նշանակում է Բրյուսելում միայն Նիկոլ Փաշինյանն է հերթական անգամ միակողմանի զիջումների գնացել՝ ճանաչելով Ադրբեջանի 86,6 հազար քկմ-ն, և դրանով իսկ այդ երկրին օգնել է ևս մի շատ կարևոր քայլ կատարել «տարածաշրջանում հայկական միասնական ներկայությունը» վերացնելու ճանապարհին։ Ու կապ չունի, թե դրանից հետո ում «կպատվիրակի» արցախահայության անվտանգության ապահովումը՝ ռուս խաղաղապահների՞ն, թե՞ միջազգային կառույցներին, որովհետև ցանկացած դեպքում ստացվելու է, որ սրան-նրան կոչ է անում հետևել, որ «Ադրբեջանն իր իսկ տարածքում ապահովի իր իսկ քաղաքացիների իրավունքները»։ 

Մեծ հաշվով՝ Բրյուսելում հենց սա է տեղի ունեցել։ Եվ «առաջընթաց» իսկապես էլ արձանագրվել է։ Բայց՝ ոչ թե խաղաղության, այլ նոր, ավելի մասշտաբային պատերազմի ճանապարհին։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   376 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ