...

Բրյուսելյան օրակարգը․ հաց՝ տեսարանների դիմաց

Բրյուսելյան օրակարգը․ հաց՝ տեսարանների դիմաց

Եթե պետության ղեկավարն իրեն պահում է Շուրա Բալագանովի նման, բնականաբար՝ նրա ու նրա ղեկավարած երկրի նկատմամբ էլ վերաբերմունքը համարժեք է լինելու․ «յուրաքանչյուր վիտամինի դիմաց բազում մանր ծառայություններ են պահանջելու»՝ վերջում խոստանալով «կապույտ եզրագծերով ափսեն»։ 

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք (ինչ-որ առումով՝ իսկապես շրջադարձային) հանդիպումն անվտանգության բաղադրիչ չի ունենալու, հայ-ադրբեջանական խաղաղության թեման էլ օրակարգում ներառված չէ։ Հիմնական թեման լինելու է «Հայաստանի տնտեսության դիմակայության բարձրացումը», պարզ ասած՝ մեզ «վիտամիններ» են տալու կամ խոստանալու։ Թե ինչի դիմաց՝ մոտավորապես հասկանալի է․ որպեսզի Հայաստանի իշխանություններն ավելի համարձակորեն խզեն հարաբերությունները Ռուսաստանի հետ և կարողանան դիմակայել, եթե, օրինակ, Ռուսաստանը վերանայի Հայաստանին մատակարարվող էներգակիրների գները կամ ժամանակ առ ժամանակ «պրոֆիլակտիկ նկատառումներով» փակի գազատարն ու Վերին Լարսի անցակետը, եթե ինչ-ինչ մեխանիզմներով խնդիրներ ստեղծի աշխատանքային միգրանտների համար, ու նրանց ուղարկած գումարները կտրուկ նվազեն, և այլն։ 

Հասկանալի է, որ Արևմուտքին դրա համար պետք է միայն շնորհակալություն հայտնել, որովհետև այս իրավիճակում նրանցից այլ ակնկալիքներ ունենալն անիմաստ է՝ նրանք մեզ անվտանգության երաշխիքներ չեն տալու։ Բայց ինչո՞ւ են ՔՊ-ական իշխանությունները ոգևորվել այս հեռանկարով, չէ՞ որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ոչ թե տնտեսական, այլ անվտանգության դիմակայության բարձրացումն է։ 

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ական «ուսապարկերի» համար կարևորը սեփական իշխանությունը պահպանելն է, ու նրանք մինչև հիմա Ռուսաստանի հետ հարաբերություններում «կամուրջները չէին այրում» միայն մի պատճառով՝ Ռուսաստանի պատասխան տնտեսական քայլերը Հայաստանում սոցիալական ցնցումներ կառաջացնեին, ու իրենց իշխանությունը կվտանգվեր։ Սա էլ հո «ամայի-անբնակ տարածքներ» հանձնել չէ, որ մարդիկ մի քիչ դժգոհեն ու մոռանան, իրենց գրպաններին հասավ՝ կլցվեն փողոց։ Ի վերջո՝ եթե հաղթանակի տարիների «մութն ու ցուրտը» չներեցին, ինչո՞ւ պիտի նվաստացման տարիների տնտեսական կոլապսը ներեն։ Եվ ահա հավաքական Արևմուտքը խոստանում է մեղմել այդ կոլապսը, այսինքն՝ ՔՊ-ական իշխանություններին փաստացի ինչ-որ երաշխիքներ է տալիս, որ այդ կոլապսը համեմատաբար մեղմ կլինի, սոցիալական ցնցումներ չեն լինի, հետևաբար՝ պետք չէ շատ վախենալ ժողովրդի զայրույթից ու իշխանափոխությունից։

Իսկ թե ինչ մեխանիզմներով պիտի իրականանա «Հայաստանի տնտեսության դիմակայության բարձրացումը»՝ Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի հուզում։ Նա իր պատկերացումները վաղուց է շարադրել․ էներգակիրները կգան Ադրբեջանից (բա Արևմուտքը հո փող չի՞ տալու, որ Իրանից գնենք), Վերին Լարսին էլ կփոխարինի Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհը։ Ճիշտ է, Ադրբեջանն ու Թուրքիան դրա դիմաց «Զանգեզուրի միջանցք» ու էլի բազմաթիվ բաներ կպահանջեն, բայց ի՞նչ արած, դա այն գինն է, որը, ըստ ՔՊ-ականների, պիտի վճարենք «Հայաստանի կադաստրի թղթի» դիմաց, Նիկոլ Փաշինյանն էլ արդեն կայացրել է այդ ճանապարհով գնալու «ռազմավարական որոշումը»։ 

Որովհետև անձամբ ինքն իր բաժին «կապույտ եզրագծերով ափսեն» վաղուց է ստացել, իսկ Հայաստանը տոտալ պատերազմի թատերաբեմ դարձնելուց հետո պատրաստի արդարացում ունի՝ կասի «բայց ես ձեզ ազնվորեն զգուշացրել էի, չէ՞, որ ոչ մի երաշխիք չկա, կարող է նաև պետականությունը կորցնենք, ինչո՞ւ ժամանակին ձեռքիցս չբռնեցիք»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ