Հայաստանի Երրորդ հանրապետության ապամոնտաժմանը զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը սկսում է ձևավորել Չորրորդ հանրապետությունը, որի պարամետրերը կամաց-կամաց ուրվագծվում են։ Եվ այսպես․
Չորրորդ հանրապետության տարածքը «փաստաթղթերով» կամ «կադաստրի վկայականով» կլինի 29 743 քկմ, իրականում՝ հայտնի չէ ինչքան, որովհետև արդեն իսկ օկուպացրած 200-250 քկմ-ն Ադրբեջանը տարբեր պատրվակներով չի վերադարձնի, մի այդքան էլ «Թրամփի ուղու» անվան տակ փաստացի դուրս կգա ՀՀ վերահսկողությունից, ևս մի քանի տասնյակ կամ հարյուր քկմ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ՝ սահմանազատման կամ դեպի անկլավները «անխոչընդոտ անցում» ապահովելու պատրվակով, և այլն։
Բնակչության թիվը կմնա 3 միլիոնի շրջանակներում։ Ճիշտ է, արտագաղթը կշարունակվի, բայց պակասը կլրացնեն 150-200 հազար ադրբեջանցի «փախստականները», որոնց բնական աճի տեմպերը բավականին բարձր կլինեն, հետևաբար՝ կփոխվի ոչ թե ՀՀ բնակչության թիվը, այլ հայերի և այլազգիների տոկոսային հարաբերակցությունը։ Պարզ ասած՝ Հայաստանը կդառնա «ինտերնացիոնալ երկիր», որն էլ իշխանությունները կներկայացնեն որպես մեծ հաղթանակ։
Չորրորդ հանրապետությունը բանակի փոխարեն կունենա սահմանապահ զորքեր և փոքրաթիվ «Ազգային գվարդիա», բայց ոստիկանությունն ու ներքին զորքերը կուժեղացվեն՝ ներքին հնարավոր ըմբոստությունները ճնշելու նպատակով։
Արտաքին քաղաքականություն ընդհանրապես պետք չի լինի, որովհետև եթե Արցախը չկա, իսկ Սյունիքի լոգիստիկ դերակատարումն արդեն «արտապատվիրակված է», Հայաստանն այլևս որևէ մեկին հետաքրքիր չի լինի։ Մանավանդ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուց և ՀՀ տարածքից ռուսական ռազմաբազաները դուրս բերելուց հետո (իսկ դա Չորրորդ հանրապետության անկյունաքարային հիմքն է)։ Այնպես որ՝ ԱԳՆ-ն կարելի է պահպանել զուտ որպես էլիտար զբոսաշրջային ինստիտուտ, իսկ վարչապետի աշխատակազմում ստեղծել «արտաքին տնտեսական կապերի վարչություն», որն էլ «գործ կանի»։
Չորրորդ հանրապետությունում կլինի փաստացի միակուսակցական համակարգ, որովհետև բոլոր այն կուսակցությունները, որոնք չեն կիսի Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները, կհռչակվեն «ռևանշիստական» և «խաղաղության դեմ գործող», հետևաբար՝ ապօրինի։ Կլինեն, իհարկե, տասնյակ ձևական կուսակցություններ, գործնականում՝ «ՔՊ ֆիլիալներ», բայց իրական ընդդիմությունը փաստացի կարգելվի (ադրբեջանական մոդել)։ Ճիշտ նույն մոդելով փաստացի կսահմանափակվի նաև խոսքի ազատությունը։
Տնտեսության ոլորտում ազատ շուկայական հարաբերությունները ձևականորեն կպահպանվեն, բայց սահմանները բացելուց հետո «թուրքական և ադրբեջանական տնտեսական հնարավոր էքսպանսիայի դեմ արդյունավետ պայքարելու» պատրվակով Նիկոլ Փաշինյանն անձամբ (իր «սրտի օլիգարխների» միջոցով) կամ կառավարության անունից կոշտ վերահսկողություն կսահմանի առավել շահութաբեր ոլորտների վրա, իսկ ժողովրդի «տուգանքի մատերիալ»-ացման տեմպերը կուժեղանան։
Իսկ Չորրորդ հանրապետության «գաղափարական հիմքը» կլինի այն, որ կարևորը լավ ապրելն է, կուշտ փորով հաց ուտելը, համերգներ գնալը, մի խոսքով՝ կյանքը վայելելը, իսկ դրա համար պետք է ընդամենը երեք բան՝ շատ աշխատել, սիրել իշխանություններին և վճարել հարկերը, և ով դրանցից բացի այլ հետաքրքրություններ էլ ունի՝ Հայաստանի թշնամին է։
Ուշադրություն դարձրեք՝ բոլոր այս պարամետրերի քարոզչությունն արդեն մի քանի տարի շարունակ հետևողականորեն իրականացվում է, և պետք է ասել՝ ո՛չ առանց հաջողության։ Պարզ ասած՝ նախագիծը պատրաստ է։ Իսկ «գործնական փուլը» կամ «դաշտային աշխատանքները» կսկսվեն ընտրություններից հետո։ Եթե, իհարկե, «շահառուներն» ընտրությունների ժամանակ գրողի ծոցը չուղարկեն «գլխավոր ճարտարապետին» էլ, «կապալառուին» էլ։
Մարկ Նշանյան