...

Ցորենի արտում, անդունդի եզրին

Ցորենի արտում, անդունդի եզրին

Այն, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ցորենի արտերում դիրքեր են փորում՝ վատ է, շա՛տ վատ։ Այն, որ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում դա բուռն քննարկումների ու համընդհանուր ցասման պատճառ է դառնում՝ հասկանալի է։ Մեծ հաշվով՝ հասկանալի է նաև իշխանությունների դինջ անտարբերությունը և անգամ վատ թաքցված ինքնագոհությունը։ Իսկ ահա ընդդիմության պահվածքը, մեղմ ասած, տարօրինակ է։ 

Բայց նախ՝ իշխանությունների վերաբերմունքի մասին։ Ինչո՞ւ են նրանք համարում, որ աղմուկ բարձրացնելու կարիք չկա, ամեն ինչ նորմալ է։ Որովհետև արցախյան խնդրի և հայ-ադրբեջանական առճակատման հանգուցալուծումը նրանք պատկերացնում են այսպես․ Արցախը թողնվում է Ադրբեջանին և հայաթափվում է, հայ-ադրբեջանական սահմանը պաշտոնապես սահմանազատվում-սահմանագծվում է, ստորագրվում է խաղաղության պայմանագիր, որից հետո ճանապարհները բացվում են, և այլն։ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ հիմա հենց այդ պլանն է իրականացվում, այսինքն՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի է ունենում սահմանազատում, պարզապես Ադրբեջանը զոռբայություն է անում, տեղ-տեղ մի 300-500 մետրի չափով «համը հանում է», բայց միևնույն է՝ ընդհանուր գործընթացը համապատասխանում է իր պլանին։ 

Իսկ ինչո՞ւ է ընդդիմության պահվածքը տարօրինակ։ Որովհետև նրանք անընդհատ հասարակության աչքն են կոխում ՀՀ տարածքում ադրբեջանական դիրքերի պատկերները, հայհոյում են Նիկոլ Փաշինյանին՝ փնթի ու անատամ պահվածքի համար, և վերջ։ Այո, ադրբեջանցիներն ագրեսիվ են ու լկտի, նրանք «սահմանազատում» են իրականացնում «իրենց պայմաններով», իսկ ՀՀ իշխանությունների պահվածքն իսկապես ողորմելիորեն անատամ է։ Բայց այդպես էլ անհասկանալի է մնում՝ ընդդիմությունն առհասարակ սահմանազատմա՞նն է դեմ, թե՞ սահմանազատմանը կողմ է, բայց դեմ է, որ Ադրբեջանն այն իրականացնի իր պայմաններով (այսինքն՝ եթե 300-500 մետր ետ քաշվեն՝ ամեն ինչ OK կլինի)։ Հասկանալի է, որ ընդդիմության դիրքորոշումը մոտավորապես հետևյալն է՝ «քանի դեռ Արցախի ապագան հստակեցված չէ, ոչ մի սահմանազատում»։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ են բարձրաձայն այդ մասին ասելու փոխարեն քննարկում խայտառակ «փաստացի սահմանազերծման» դետալները, ինչո՞ւ են հիմնական հարցը թողած՝ կենտրոնանում երկրորդականի վրա։ Այստեղ-այնտեղ «Նիկոլ դավաճան» գոռգոռալն, այո, ներքաղաքական պայքարի շատ դիտարժան դեկորացիա է, բայց միայն դա բավարար չէ։ Հասարակությունը պիտի իմանա՝ «էս դավաճաններին քշելուց հետո» ընդդիմությունն ի՞նչ է անելու, տանկերը քշելու է ադրբեջանական նոր դիրքերի ուղղությա՞մբ, թե՞ ընդամենը ավելի խիստ տոնով է պահանջելու 300-500 մետր ետ քաշվել։

Որևէ ողջամիտ իշխանություն, բնականաբար, չէր կարող Հայաստանն այս վիճակին հասցնել, հետևաբար՝ որևէ պարագայում այսօրվա իշխանություններին «ողջամիտ» համարել չի կարելի։ Բայց սա չի նշանակում, թե Հայաստանի հաջորդ իշխանությունների համար նույնպես ողջամտությունը կարող է պարտադիր չլինել։ Իսկ թե ինչ պիտի անի այս իրավիճակում որևէ ողջամիտ իշխանություն՝ ակնհայտ է․ պիտի լրջորեն վերլուծի իրավիճակը, հաշվարկի իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարներն ու դրանց հավանական հետևանքները և ըստ այդմ՝ ընտրի նվազագույն կորուստների ճանապարհը կամ «պակաս ցավոտ լուծումները»։ Հենց դա էլ, ի դեպ, ընդամենը մի քանի ամիս առաջ առաջարկվում էր խորհրդարանական ընդդիմությանը։ Բայց նրանք գերադասեցին սուսուփուս մի կողմ քաշվել ու հետևել, թե ինչպես են այս ազգակործանները երկիրը տանում առավելագույն կորուստների ճանապարհով, ու հիմա վայելում են դրա ներքաղաքական դիվիդենտները՝ հրճվանքով հասարակության աչքը կոխելով ադրբեջանական ներխուժումների կադրերը։ Մինչդեռ կարող էին կանխել դա։

Եթե, իհարկե, առաջնայինը համարեին ոչ թե Նիկոլի աթոռին վերատիրանալը, այլ նրա բերած աղետը գոնե կեսից ընդհատելը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2003 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ