...

Դաշնակները ևս մի անգամ են փրկում, այս անգամ՝ «կանտրոլնի»

Դաշնակները ևս մի անգամ են փրկում, այս անգամ՝ «կանտրոլնի»

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հանրահավաքում «ծրագրային» ելույթ է ունեցել։ Զավեշտն այն է, որ «ծրագիրը» ներկայացնելուց առաջ երկար-բարակ խոսել է այն մասին, թե ինչ վատ բան է պոպուլիզմը, թե ինչպես պոպուլիզմը քանդեց մեր տունը և այլն, այնուհետև ներկայացրել է իշխանափոխությունից հետո ժամանակավոր կառավարության իրականացնելիք առաջին երեք քայլերը․ ստեղծել մրցունակ, առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն, կազմաքանդված բանակի փոխարեն ունենալ մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, և մուրացիկ դիվանագիտության փոխարեն ունենալ ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ երբեք ստրկային քաղաքականություն։ Ինչպես տեսնում եք՝ ոչ մի պոպուլիզմ։ Մարդը հստակ ծրագիր է ներկայացնում։ Ընդ որում՝ խոսքը երկարաժամկետ ծրագրի մասին չէ, սրանք ընդամենը «առաջին քայլերն են» (այնպիսի տպավորություն է, թե դրանք պիտի իրականացվեն իշխանափոխությունից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում)։

Ընկ․ Սաղաթելյանը, իհարկե, չի կոնկրետացնում, թե լիակատար շրջափակման մեջ «ևս 100 տարի զարգացող» ու Երևանի կենտրոնում՝ Մոսկվայի տան վրա ԽՍՀՄ դրոշ ծածանող երկրում կոնկրետ ինչպես պիտի ստեղծենք մրցունակ ու առաջադեմ տնտեսություն, բայց պատասխանն ակնհայտ է։ Ճիշտ այնպես, ինչպես փիղն են երեք գործողությամբ տեղավորում սառնարանում․ դուռը բացում են, փղին մտցնում են սառնարանը, դուռը փակում են։ Իսկ ժամանակակից սպառազինություններով հագեցած զինված ուժեր ունենալը նույնիսկ ավելի հեշտ է և կարելի է իրականացնել ընդամենը երկու քայլով։ Առաջադեմ տնտեսության շնորհիվ լիքը փող ենք աշխատում, այդ փողով լիքը զենք ենք առնում։ Վերջ։ Ինչ պոպուլիզմ, ինչ բան, մարդկությունը երբևէ պետության զարգացման ավելի իրատեսական բիզնես-պլան չի տեսել։ «Մուրացիկ դիվանագիտության» մասին ընդհանրապես չարժե խոսել՝ Դաշնակցությունը միշտ էլ դեմ է եղել դրան։ Հետո՞ ինչ, որ տասնամյակներ շարունակ տարբեր «յանձնախումբերու» միջոցով աղաչում-պաղատում էին, որ որևէ երկրի խորհրդարան դատապարտի Հայոց ցեղասպանությունը, և եթե որևէ երկրի որևէ սենատոր հայանպաստ ելույթ էր ունենում՝ համարում էին, որ հասել են իրենց գերնպատակին, ու «յաղթութիւնը մոտ է»։ Իսկ հիմա՝ արդեն վերջ, եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում ունենանք մրցունակ տնտեսություն ու ժամանակակից մարտունակ բանակ՝ չորրորդ օրվանից սկսած կարող ենք ունենալ ազգային շահերի վրա հիմնված գործընկերային արտաքին քաղաքականություն։ Ավելին՝ դարավոր ոսոխի դրոշները կարող ենք այրել տեղական արտադրության գերժամանակակից կրակայրիչներով։

Իշխան Սաղաթելյանը, ի դեպ, հայտարարել է նաև, թե իրենց 132-ամյա կուսակցության համար դժվար էր մի կողմ դնել կուսակցական հավակնությունները, բայց իրենք արեցին դա, որովհետև սա նախընտրական պայքար չէ։ Այ այս հարցում նա միանգամայն անկեղծ է։ ՀՅԴ-ն Հայաստանի երրորդ հանրապետության գոյության 30 տարիների ընթացքում որևէ ընտրության ժամանակ 10 տոկոսից ավելի ձայն չի ստացել, բայց հաջողացրել է այդ ժամկետի կեսն անցկացնել իշխանության մեջ, ի՞նչ նախընտրական պայքար, ի՞նչ բան։ Նրանք հո լավ գիտեն, որ իշխանության մաս կազմելու համար ընտրությունների արդյունքները երկրորդական են, պետք է պարզապես ակտիվ մասնակցություն ունենալ հեղաշրջումներին, և վերջ՝ պորտֆելներն ապահովված են։ Այդպես են վարվել և՛ 1998-ին, և՛ 2003-ին, և՛ 2008-ին, և՛ 2018-ին, նույնն էլ հիմա են անում։ 

Նախորդ չորս դեպքերում, ի դեպ, հետևանքներն աղետաբեր են եղել։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4128 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ