Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Հայաստանը աշխարհի ծայրագավառից դառնում է աշխարհի կենտրոն», ոչ այնքան Ենոքավանից Երևանի կենտրոնում հայտնված գավառցու ինքնագոհություն է հիշեցնում, որքան Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթի աքլորի պահվածքը, որին եփում ու դնում են սեղանին, ու սա սկսում է ծղրտալ, թե «թագավորի հետ սեղան եմ նստել»։ Մարդը ձևացնում է, թե իբր չի հասկանում, որ Հայաստանը ոչ թե աշխարհի կենտրոնում է հայտնվել, այլ աշխարհի հզորների բախման էպիկենտրոնում, իսկ դրա համար պետք է ոչ թե ցնծալ, այլ մտահոգվել։
Նրա ներկայացրած մոդելի համաձայն՝ Հայաստանը դառնում է «աշխարհի կենտրոնը», իսկ Ռուսաստանն էլ, քանի որ չի ցանկանում դուրս մղվել այդ «կենտրոնից», բնականաբար՝ մեր դեմ հիբրիդային պատերազմ է իրականացնում։ Ու զարմանալի զուգադիպությամբ՝ «Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային գործիքներ» են հռչակվում բոլոր այն ուժերն ու կառույցները, որոնք կարող են խանգարել նիկոլական իշխանությունների վերարտադրությանը։ Պարզվում է՝ այդպիսի «գործիքներ» են Եկեղեցին, հիմնական ընդդիմադիր ուժերը, ոչ իշխանական լրատվամիջոցները, արցախցիները, ժողովրդի պատմական հիշողությունը, և այլն։
Այո, հիբրիդային պատերազմ իսկապես էլ վարվում է։ Բայց՝ ոչ թե Հայաստանի դեմ, այլ Հայաստանին տիրանալու համար։ Իսկ որևէ պատերազմ միակողմանի չի լինում, ցանկացած պատերազմ ունենում է առնվազն երկու կողմ կամ մասնակից։ Հարց է ծագում՝ եթե Հայաստանի համար (և Հայաստանի տարածքում) հիբրիդային պատերազմ վարողներից մեկը Ռուսաստանն է, ո՞վ է նրա հակառակորդը, և որո՞նք են այդ հակառակորդի «գործիքները»։ Հակառակորդի մասով կարծես թե ամեն ինչ պարզ է՝ հիբրիդային պատերազմի մյուս մասնակիցն այսպես կոչված «հավաքական Արևմուտքն» է, իսկ տարածաշրջանային մոդերատորը՝ Թուրքիան։ Մեծ հաշվով՝ ներհայաստանյան «գործիքակազմը» նույնպես հասկանալի է․ Նիկոլ Փաշինյանն՝ իր ՔՊ-ական թիմով, տարբեր տրամաչափի «արևմտամետ կուսակցություններն» ու արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ները։ Այնպես որ՝ երբ նիկոլական իշխանությունները հարձակվում են, օրինակ, Եկեղեցու, ընդդիմադիր ուժերի կամ ոչ իշխանական լրատվամիջոցների վրա, արևմտամետ գործիչներն ու ՀԿ-ներն էլ քարոզչական ղալմաղալով աջակցում են այդ ամենին, դա ոչ թե Հայաստանի պատասխանն է «մեր դեմ իրականացվող հիբրիդային պատերազմին», այլ ընդամենը ՀՀ տարածքում իրականացվող հիբրիդային պատերազմի հերթական ճակատամարտը՝ Ռուսաստանի և Արևմուտքի «գործիքների» միջև։
Միակ դրականն այն է, որ ընտրությունները մոտենալուն զուգահեռ՝ կողմերն ավելի ու ավելի բաց խաղաքարտերով են խաղում։ Նիկոլ Փաշինյանը փաստացի հանձնել է «Զանգեզուրի միջանցքը» (պարզապես հանձնել է ոչ թե ուղիղ Թուրքիային, այլ «չերեզ» ԱՄՆ, ու նրանք սեփական «գործիքի» դեմքը փրկելու համար թույլ են տվել թղթի վրա դա համարել ՀՀ ինքնիշխան տարածք), փոխարենը՝ նախընտրական բացահայտ քարոզչական աջակցություն է ստանում և՛ ԱՄՆ-ից, և՛ Բաքվից, և՛ Անկարայից։ Բաց խաղաքարտերով է խաղում նաև «Մեր ձևով»-ը, որը կարծես թե մտադիր է ընտրություններում հաղթելու դեպքում վարչապետ դարձնել նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող անձին ու ռուսերենն էլ դարձնել երկրորդ պետական լեզու։
Թե ուր կհասցնի ՀՀ տարածքում իրականացվող այս հիբրիդային պատերազմը՝ դժվար է ասել։ Կարևորը՝ հանկարծ իրական պատերազմի չվերածվի։ Չնայած՝ Նիկոլ Փաշինյանն անգամ դա կփորձի որպես մեծ հաջողություն ներկայացնել և օգտագործել քարոզչական նպատակներով։ Կասի «տեսա՞ք, Հայաստանն այնքան կարևոր է, որ մեզ համար աշխարհի հզորները հենց մեր տարածքում իրար կոկորդ են կրծում, բա նախկինների ժամանակ ինչի՞ ոչ մեկին պետք չէինք»։
Մարկ Նշանյան