Ռուսական ասացվածք կա՝ «сила есть-ума не надо»։ Ցավոք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսն առաջին հերթին հենց այդպիսի տպավորություն թողեց։ Այն, որ ուժ իսկապես կա՝ վաղուց էր ակնհայտ, և խոսքը միայն ֆինանսական ռեսուրսների մասին չէ։ Իսկ ահա «խելքի» մասով՝ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Ներկայացնենք ընդամենը մի քանի դիտարկումներ։
1․ Հայտարարվեց, որ կուսակցության՝ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, և ընտրություններում հաղթելու դեպքում իրենք խորհրդարանի որոշմամբ փոխելու են Սահմանադրության այն կետը, որի համաձայն՝ նա չի կարող դառնալ Հայաստանի վարչապետ։
Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, թե ինչպիսի վարչապետ կլինի Սամվել Կարապետյանը (ինչպիսին էլ լինի՝ հաստատ Նիկոլ Փաշինյանից տասնապատիկ լավը կլինի)։ Խնդիրն այն է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար «Ուժեղ Հայաստանը» պիտի ոչ միայն հաղթի ընտրություններում, այլև հաջորդ խորհրդարանում վերահսկի մանդատների 2/3-րդը։ Բնականաբար՝ դա իրատեսական չէ, հետևաբար՝ «Ուժեղ Հայաստանն» ի սկզբանե ներկայացնում է այնպիսի «ճանապարհային քարտեզ», որի իրականացման հավանականությունը չնչին է։
2․ Քաղաքական այդ ուժը հայտարարում է, որ ընտրություններում հաղթելուն պես փոխելու է Սահմանադրության կոնկրետ հոդված, ընդ որում՝ դա անելու է հանուն կոնկրետ մարդու։ Իսկ մենք մի անգամ արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ Հայաստանում կոնկրետ մի մարդու համար Սահմանադրություն են փոխում, և հետո ով է վայելում այդ կոնկրետ մարդու վրայով կարված կոստյումը։
3․ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ քարոզչական մանիպուլյացիան այն է, որ նա, իբր, մեր ժողովրդի գլխին բերած այս աղետների գնով Հայաստանը դարձրել է «իսկապես անկախ» (բնականաբար՝ Ռուսաստանի՛ց անկախ), ու հիմա Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է իրականացնում։ Եվ ահա «Ուժեղ Հայաստանի» քաղաքական գործունեությունը կարծես հատուկ կազմակերպվում է այնպես, որ արդարացնի Փաշինյանի այդ մանիպուլյացիան։ ՌԴ քաղաքացի վարչապետի թեկնածու, ռուսական կապիտալ, ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու խոստումներ, և այլն։ Սա, համաձայնվեք, նախընտրական շրջանում քարոզչական լուրջ բոնուս է իշխանությունների համար, և նրանք արդեն իսկ սկսել են անխնա շահագործել դա։
4․ Եթե իշխանություններին չհաջողվի լիուլի օգտվել քարոզչական այդ բոնուսից, և «Ուժեղ Հայաստանի» վարկանիշը սպառնալիորեն բարձրանա՝ իշխանությունները որևէ տարբերակ կգտնեն ծայրահեղ միջոցի դիմելու համար և կարգելեն այդ կուսակցության մասնակցությունն ընտրություններին։ Ընդ որում՝ դա կանեն շատ ավելի հեշտ, քան կարող էին անել որևէ այլ ուժի դեպքում։ Իշխանական տարբեր գործիչներ արդեն իսկ հայտարարում են, որ Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու հռչակելը հակասահմանադրական է, հետագայում առանց դժվարության «օտարերկրյա կապիտալի հետք» կհայտնաբերեն, և այլն։ Իշխանափոխություն իրականացնելու լուրջ հայտ ներկայացնող ուժը պիտի իրավական տեսանկյունից անխոցելի լիներ, մինչդեռ «Ուժեղ Հայաստանը», հակառակը, կարծես դիտմամբ՝ ամեն ինչ անում է, որ ավելի խոցելի լինի։ Հետաքրքիր է՝ այդ ուժը «պլան Բ» ունի՞, և ի՞նչ է պատրաստվում անել, եթե մասնակցությունն իսկապես էլ արգելեն։ Թե՞ պարզապես փայլուն անգլերենով բողոքներ են գրելու միջազգային ատյաններին ու «ցրվեն տներով»։
Հավատացեք՝ այս դիտարկումների հիմքում բացառապես մեր անկեղծ մտահոգություններն են, որովհետև եթե այս անգամ է՛լ Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերարտադրվել՝ դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինելու կասեցնել Հայաստանի գահավիժումը։
Մարկ Նշանյան