...

Հետին թվով պետականամետները

Հետին թվով պետականամետները

Այնպես ստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանն էլ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն էլ մեկ-երկու օրվա տարբերությամբ անդրադարձան նույն հարցին՝ թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ խայտառակ ու հնարավոր է՝ միտումնավոր-դավաճանական պահվածք են ցուցաբերել իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե ինչպես են իրենք փորձել իրենցից կախված ամեն ինչ անել պատերազմի ընթացքը փոխելու համար, բայց Փաշինյանն իրենց բոլորին մեկուսացրել է, և այլն։ Կարելի է, իհարկե, հարցին մակերեսայնորեն մոտենալ և նկատել, օրինակ, որ Քոչարյանն ասուլիս էր հրավիրել որոշ տեղեկություններով՝ հենց իրեն պատկանող հյուրանոցում, կամ որ Իշխան Սաղաթելյանի նշած ստեփանակերտյան հանդիպման մասնակիցների (Քոչարյան, Սերժ Սարգսյան, ԼՂՀ նախկին նախագահներ, գեներալներ) համատեղ ունեցվածքը տասնյակ անգամներով գերազանցում էր ԼՂՀ պաշտպանության բանակի բյուջեն, բայց իրականում այս ամենի մեջ շատ ավելի կարևոր հարցեր կան։

Այո, Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները տեղին են, դավաճանության վերաբերյալ կասկածները՝ բավականին հիմնավոր, ու այդ ամենը վաղ թե ուշ բացահայտվելու է։ Բայց արդյոք դա նույն Քոչարյանին ու Դաշնակցությանն իրավո՞ւնք է տալիս հետին թվով ներկայանալ որպես «պետականամետներ»՝ իբր «այ, պատերազմը սկսվեց, մենք հանուն պետության մի կողմ դրեցինք բոլոր տարաձայնություններն ու գնացինք փրկելու երկիրը, բայց մեզ թույլ չտվեցին»։ Չէ, այդ օրհասական պահին երկիրը փրկելու նրանց ցանկությունը երևի իսկապես էլ անկեղծ է եղել, Նիկոլ Փաշինյանն էլ ամենայն հավանականությամբ իսկապես մեկուսացրել է նրանց, որովհետև անգամ այդ պահին իրեն ավելի շատ իր իշխանությունն էր հետաքրքրում, քան պատերազմի ընթացքը, բայց նրանց պահվածքը որպես «պետականամետության դրսևորում» ներկայացնելը, համաձայնվեք, չափազանցություն է։

44-օրյա պատերազմի ամենահիմնական խորքային պատճառը հենց այն էր, որ Հայաստանի և Արցախի նախագահները, որ 2020-ի հոկտեմբերի սկզբին հավաքվել էին Ստեփանակերտում՝ իրավիճակից ելքեր գտնելու համար, 22 տարի շարունակ ոչ մի քայլ չէին արել՝ որպես պետություն Արցախի խնդիրը կարգավորելու համար։ Հատուկ ենք շեշտում՝ որպես պետություն, որովհետև «այլ ուղղություններով» բազմաթիվ փորձեր արվել են։ Օրինակ՝ դառնալ Ռուսաստանի ամենահավատարիմ «ֆորպոստը», այդ հովանու ներքո հոխորտալ հարևանների վրա ու միաժամանակ խուսափել նոր պատերազմից, սփյուռքահայ կազմակերպությունների միջոցով լոբբինգ իրականացնել և հասնել «հայանպաստ լուծումների», և այլն։ Այսինքն՝ 22 տարի շարունակ Հայաստանի և Արցախի իշխանություններն արհամարհել են օբյեկտիվ իրողություններն ու իրականացվել են քայլեր, որոնք բնորոշ են ոչ թե անկախ պետությանը, այլ պետականություն չունեցող «խալխին»։ Ու հիմա, արդեն աղետից հետո հայտարարել, թե բա գիտե՞ք, պատերազմում բանակը չի հաղթում, պետությունն է հաղթում․․․ Բա որ այդքանը գիտեիք, ինչո՞ւ ձեզ որպես պետություն չէիք պահում, չէ՞ որ արժանապատիվ խաղաղությանն էլ դիվանագետները չեն հասնում, պետությունն է հասնում։ Դա նույնն է, թե տանը ծանր հիվանդ լինի, բայց ընտանիքի հայրը տարիներ շարունակ հրաժարվի լսել բժիշկների ցուցումները, դեղերի փողը ծախսի իր հաճույքների համար (իբր՝ կարելի է բուժել նաև 19-րդ դարի պապական մեթոդներով, բարձի տակ «եզան լեզու» դնել, և այլն), իսկ արդեն մահամերձի սնարի մոտ սրտացավություն խաղա՝ իբր «դե լավ, ինչ եղել՝ եղել է, բերեք բժիշկ կանչենք»։

Այնպես որ, Քոչարյանն ու Նիկոլն իրար արժեն, ու իրար մասին ինչ ասում են՝ հիմնականում ճիշտ են ասում։ Միայն թե «մահամերձի» վիճակը դրանից չի փոխվում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ