...

Նիկոլական իշխանության ամենացայտուն մանիպուլյացիաները

Նիկոլական իշխանության ամենացայտուն մանիպուլյացիաները

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կարևոր չէ, թե ինքն իրականում ինչ է անում, կարևորն այն է, թե «սիրելի ժողովուրդն» ինչպես է ընկալում իր արածը։ Իսկ դրա համար պետք է պաշտոնական անվանում տալ ցանկացած աղետաբեր գործընթացի, ցանկալի է՝ հնարավորինս կարճ ու կոնկրետ, իսկ հետո արդեն տարիներ շարունակ հազարավոր անգամներ ճշգրտորեն կրկնել այդ անվանումները և այդպիսով մարդկանց ուղեղներում ամրագրել դրանք՝ մոտավորապես գովազդային սլոգանների նման։ Ներկայացնենք ամենավառ օրինակները։

-2018-ին Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ժողովրդական լայն աջակցությունից, ուժի և շանտաժի կիրառմամբ Հայաստանում իշխանափոխություն իրականացրեց։ Փողոցներն ու մայրուղիները փակելը և այդպիսով երկիրը կաթվածահար անելը ուժի բացահայտ կիրառում էր, իսկ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» կարգախոսը՝ բացահայտ շանտաժ։ Ընդ որում՝ այդ ամենն ուղեկցվում էր ատելության ու թշնամանքի քարոզով (դագաղներ, սգո ժապավեններ և այլն)։ Երևույթի պաշտոնական անվանումը՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն»։

-2022-ին Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և փաստացի փակեց ղարաբաղյան խնդրի քաղաքական էջը՝ այն համարելով Ադրբեջանի ներքին գործը։ Պաշտոնական ձևակերպումը՝ «մենք ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեցինք, այլ Հայաստանի, որովհետև մինչ այդ Հայաստանը կադաստրի թուղթ չուներ»։

-2023-ին Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Պաշտոնական ձևակերպումը՝ «մենք ոչ թե կորցրեցինք Ղարաբաղը, այլ գտանք Հայաստանը, որովհետև Ղարաբաղը թոկ էր մեր ինքնիշխանության վզին»։

-Սահմանազատման անվան տակ Հայաստանը որոշ տարածքներ վերադարձրեց Ադրբեջանին, իսկ նրանք ՀՀ տարածքից օկուպացրած 250 քկմ-ից ոչ մի մետր չվերադարձրեցին։ Ավելին՝ Հայաստանից պահանջում են վերադարձնել անկլավները։ ՀՀ իշխանությունների պաշտոնական ձևակերպումը՝ «իրավունք չունենք մերժել, որովհետև դա Արծվաշենը վերադարձնելու մասին է»։

-Հայաստանը փաստացի կատարում է «Զանգեզուրի միջանցքի» մասով Ադրբեջանի պահանջը՝ անխոչընդոտ կապ ապահովելով և գործնականում հրաժարվելով այդ տարածքում իր սուվերեն իրավունքներից։ Պաշտոնական անվանումը՝ «Թրամփի ուղի»։

-Հայաստանը փաստացի հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից, մեր պատմությունից, ազգային խորհրդանիշներից, և այլն։ Պաշտոնական անվանումը՝ «հրաժարվել հարևանների համար զգայուն թեմաներից՝ հանուն տևական խաղաղության»։

-Ադրբեջանն ակնհայտ նախընտրական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի օրվա իշխանություններին՝ թույլ տալով իր տարածքով բեռներ տեղափոխել։ Պաշտոնական ձևակերպումը՝ «ժողովուրդն արդեն զգում է խաղաղության պտուղները»։

-Եկեղեցին պառակտվում է, տասնյակ հոգևորականներ բանտերում են, Կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել, զինված ուժերում հոգևոր ծառայությունը փաստացի արգելված է, և այլն։ Պաշտոնական անվանումը՝ «Եկեղեցու բարենորոգում»։

-Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներից մի քանիսը կալանքի տակ են, նրանց ունեցվածքը խլվում է, քարոզչական հող է նախապատրաստվում՝ որոշ ուժերի մասնակցությունն առաջիկա ընտրություններին արգելելու համար։ Պաշտոնական անվանումը՝ «Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմին դիմակայելու ջանքեր»։

-Իշխանություններն իրենք իրենց աստղաբաշխական պարգևավճարներ են տալիս և գաղտնի բարձրացնում սեփական աշխատավարձերը, որպեսզի նրանք չտրվեն գայթակղությանը և չկոռումպացվեն։ Պաշտոնական անվանումը՝ «կոռուպցիայի դեմ համակարգային պայքար»։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ ցույց տալու համար, թե ինչպես են իշխանությունները խեղաթյուրում իրողությունները և պարզունակ, բայց արդյունավետ մեթոդներով մանիպուլացնում հանրային գիտակցությունը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   64 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ