...

Դավաճանի խարանը՝ բոլոր կոմունալ հարմարություններով

Դավաճանի խարանը՝ բոլոր կոմունալ հարմարություններով

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունների գործունեության տրամաբանությունը հասկանալու ցանկացած հրապարակային փորձ կամ դրա շուրջ ծավալված ցանկացած քննարկում շատ արագ վերածվում է պարզունակ հարցադրման՝ «սրանք դավաճա՞ն են, թե՞ ապուշ»։ Հարցադրումն իսկապես էլ պարզունակ է, որովհետև բանավեճն իսկույն տեղափոխում է էմոցիոնալ հարթություն և հնարավորություն չի տալիս հասկանալ այն իրական մոտիվացիան, որով առաջնորդվում են իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Սկսենք նրանից, որ մարդկության պատմության ընթացքում «գաղափարական» դավաճանների պակաս չի զգացվել։ Ավելին՝ այդ դավաճաններից շատերը գուցե իսկապես հայրենասերներ են եղել և իրենց համոզմամբ՝ դավաճանության են գնացել հանուն սեփական երկրի ու ժողովրդի։ Վիշիի կառավարության անդամներից շատերը, օրինակ, համոզված էին, որ Հիտլերի խամաճիկը դառնալով՝ Ֆրանսիան փրկում են ավելի մեծ աղետից, սովետական գեներալ Վլասովը համոզված էր, որ իր դավաճանությամբ օգուտ է բերելու Ռուսաստանին, և այլն։ Վստահաբար՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես ինքն իր «առաքելությունն» այդպես է ընկալում։ Նա գիտակցում է, որ իր արածը դավաճանություն է, բայց իր կարծիքով՝ ինքը ոչ թե մեր պետությանն ու ժողովրդին է դավաճանում, այլ մեր հազարամյա պատմությանն ու անցած ուղուն, որովհետև վստահ է, որ անցյալը սխալ է եղել։ Իսկ ինքը, համենայն դեպս՝ իր պատկերացումներում, այն միակ մարդն է, որը խիզախություն ունեցավ փոխել մեր հազարամյա պատմության ընթացքը՝ չվախենալով հազարավոր զոհերից, դավաճանի խարանից ու սերունդների անեծքից։ Պարզ ասած՝ իր մտապատկերներում ինքը նահատակ է, որը պիտի կրի իր խաչը։ Նրա խոսույթը հենց դրա վկայությունն է՝ «ես չեմ վախենում հայհոյանքներից», «պատրաստ եմ կանգնել գնդակահարության պատի տակ», և այլն։ Նույնիսկ նրա այն հայտարարությունը, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց իրեն դավաճան կանվանեին, դրա ապացույցն է, որովհետև իրեն այսպես թե այնպես դավաճան էին համարելու, բայց իր համար կարևոր էր, որ իրեն դավաճան ասեն ոչ թե «ընթացքում», այլ «գործն ավարտին հասցնելուց» հետո։ 2020-ին չստացվեց՝ ոչինչ, հիմա՛ է փորձում «ավարտին հասցնել», որովհետև շարունակում է ինքն իրեն փրկիչ համարել ու հավատալ, որ իր դավաճանությամբ մեծ ծառայություն է մատուցում հայ ժողովրդին (ճիշտ է, «երախտամոռ հայ ժողովուրդը» չի գնահատում դա ու քարկոծում է, բայց դա էլ երևի բոլոր մեսիաների ճակատագիրն է)։ Նման իրավիճակում, բնականաբար, արդեն որևէ նշանակություն չունի՝ նա ինքն իրեն փրկիչ է համարում օրվա բոլոր ժամերի՞ն, թե՞, ասենք, տնական արաղի չորրորդ բաժակից հետո։ Երկրորդական է նաև այն, որ նա գերադասում է «իր խաչը կրել» ու քարկոծվել «կոմունալ բոլոր հարմարություններով»․ ասենք՝ «իր բացառիկ ազգափրկիչ առաքելության» մասին մտածումների գիրկն ընկնել 2 միլիոն դոլարանոց «ռեմոնտով» առանձնատանը, զոհվածների շիրիմների առջև խոնարհվել մի քանի հազար դոլարանոց կոստյումով, և այլն։ Սրանք ընդամենը մարդկային ցածր որակների վկայություններ են, որոնք առանձնապես ոչինչ չեն փոխում։

Մեծ հաշվով՝ էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվում է․ նրա «գիտակցված դավաճանությունը» ձախողվելու է առաջին հերթին որպես ծրագիր։ Պարզ ասած՝ նրան չի հաջողվելու անգամ Արցախը հանձնելու, մի ամբողջ սերունդ կործանելու և «դավաճանի խարանն ինքնակամ կրելու» գնով Հայաստանը դուրս բերել «ռուսական մուրճի և թուրքական սալի» արանքից, հետևաբար՝ պատմության մեջ նա մնալու է ընդամենը որպես սովորական դավաճան։ Մարդ, որը գիտակցաբար դավաճանեց սեփական երկրին ու ժողովրդին՝ կարծելով, թե օգուտ է տալիս, բայց այնքան խելք չունեցավ, որ կարողանար հաշվարկել հետևանքները։ Այնպես որ՝ «դավաճա՞ն, թե՞ հիմար» հարցադրումը կամաց-կամաց կորցնում է ակտուալությունը։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1828 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ