...

Դեպի անդունդը՝ ծափ-ծիծաղով, իրար սպառնալով, իրար աչքով անելով․․․

Դեպի անդունդը՝ ծափ-ծիծաղով, իրար սպառնալով, իրար աչքով անելով․․․

ՔՊ-ական իշխանությունները հերթական անգամ կարգին զվարճացրեցին ժողովրդին․ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի պատասխանատուները, բանակը թուլացնողները դատվելու են։ Սա իսկապես ծիծաղելի է հնչում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ուղիղ 5 տարի ժամանակ ուներ՝ այդ «սպառնալիքն» իրականացնելու համար, բայց փաստն այն է, որ այդ պոտենցիալ դատվողները խորհրդարանում են՝ ամեն մեկը մի խմբակցության տիրոջ կարգավիճակով, նրանց բիզնեսներն էլ ծաղկում են՝ պետական մրցույթներ շահելով։ Ընդ որում՝ զավեշտն այն է, որ պոտենցիալ դատվողներն իրե՛նք են ծիծաղում ՔՊ-ական տարբեր տրամաչափի ուսապարկերի սպառնալիքների վրա, որովհետև շատ լավ հասկանում են՝ Նիկոլի իշխանության ամրությունը պայմանավորված է հենց նրանով, որ տիտղոսակիր ընդդիմությունը «հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի պատասխանատուներն ու բանակը թուլացնողներն» են, ու նրանց դատել՝ կնշանակեր սղոցել այն ճյուղը, որի վրա թառած է իշխանությունը։

Բայց ժամանակ առ ժամանակ սպառնալիքները թարմացնելը, հասկանալի է, չէր խանգարի, առավել ևս՝ որ իշխանությունների վարկանիշը գահավիժում է, իսկ այդ իրավիճակում Նիկոլ Փաշինյանը գուցե ստիպված լինի Հայաստանի գլխին հերթական «խաղաղության դարաշրջան» բերել, հետևաբար՝ պետք է «գլխանց» տիտղոսակիր ընդդիմությանը հիշեցնել, որ թպրտալու դեպքում կարող են դատվել։ 

Բանն այն է, որ ամերիկյան «Միջազգային Հանրապետական ինստիտուտը» Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել և հրապարակել արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների 52 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշն ընդամենը 14 տոկոս է, իսկ եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի՝ ՔՊ-ին ձայն կտար ընտրողների ընդամենը 21 տոկոսը։ Իշխանությունների համար սրանք իսկապես աղետալի ցուցանիշներ են, բայց իրական աղետի չեն վերածվում, որովհետև, նույն հետազոտության համաձայն, բոլոր մյուս քաղաքական ուժերի և դաշինքների վարկանիշը, միասին վերցրած, ավելի քիչ է, քան ՔՊ-ի 21 տոկոսը։ Պարզ ասած՝ տիտղոսակիր ընդդիմության վարկանիշն անցած տարվա համեմատ նույնիսկ ավելի մեծ անկում է արձանագրել, քան ՔՊ-ինը։ Թե ինչու՝ հասկանալի է․ ներքաղաքական թամաշայի հիմնական «սյուժետային գիծն» այն է, որ ընդդիմությունը խորհրդարանական ամբիոնից սպառնում է պատասխանատվության ենթարկել իշխանություններին երկրի այսօրվա վիճակի համար, իշխանությունն էլ իր հերթին նույն ամբիոնից սպառնում է ընդդիմությանը դատի տալ, բայց՝ նախկինում կատարած հանցանքների համար։ Ու քանի որ «երկու կողմերի» փաստարկներն էլ շատ համոզիչ են՝ հասարակության եզրակացությունը լինում է այն, որ երկուսն էլ հանցագործ են, ըստ էության պայքարն ընթանում է նախկին և ներկա հանցագործների միջև, հետևաբար՝ քաղաքական ուժերին վստահել չարժե։ 

Մեծ հաշվով՝ «հանրային մտքի» հենց այս դեգրադացիան է իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության միասնական նպատակը, որովհետև դա երկու կողմերին էլ հնարավորություն է տալիս պահպանել քաղաքական դաշտում հաստատված «ստատուս-քվոն»։ Իսկ դեգրադացիայի մասշտաբներն ու խորությունը պատկերացնելու համար ընդամենը մի ցուցանիշ բերենք․ Երևան քաղաքում Վարդան Ղուկասյանի («Դոգ»-ի») ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցությունը նույնքան վարկանիշ ունի, որքան ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը՝ միասին վերցրած։ 

Եվ սա՝ մի երկրում, որտեղ, ըստ նույն հետազոտության արդյունքների, հարցվածների 60 տոկոսը Հայաստանի հիմնական խնդիր է համարում ազգային անվտանգության և սահմանների պրոբլեմները, իսկ 55 տոկոսը լիակատար հիասթափություն, անապահովության զգացում ու ապագայի հանդեպ վախ ունի։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ