...

Դիակապտություն պետական մակարդակով

Դիակապտություն պետական մակարդակով

Պատերազմական իրավիճակներում միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք հաջողացնում են ձեռքերը տաքացնել պետության ու ժողովրդի դժբախտության վրա՝ համընդհանուր «շուխուռից» օգտվելով «դիֆիցիտ աբրանք» ու մարդկային ճակատագրեր են առնում-ծախում, թալանում են ռմբակոծվող ու հապճեպ լքված բնակավայրերը, և այլն։ Մի խոսքով՝ դիակապտությամբ են զբաղվում։ Սա երևի ցանկացած պատերազմի ամենագարշելի դրսևորումն է, բայց տասնապատիկ ավելի նողկալի է, երբ իշխանություններն իրենք են զբաղվում դիակապտությամբ, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։

Ադրբեջանցիների վերջին «դիրքային առաջխաղացման» արդյունքում Արցախը հայտնվել է արդեն լիակատար շրջափակման մեջ, թշնամին բացահայտորեն սպառնում է առաջ գալ այնքան, որքան հարմար կգտնի, Սյունիքի ու Վարդենիսի «ամայի սարերի» բազմաթիվ հատվածներում ընդհանրապես առաջնագիծ չկա, ԱՄՆ-ը խոստանում է զինել Ադրբեջանին, Ռուսաստանը Հայաստանի այսօրվա իշխանություններին թշնամի է համարում․․․ Մի խոսքով՝ անվտանգության համակարգը փլուզված է։ Իսկ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, Դիլիջանում «վայելում է գարունը», ձեռի հետ էլ՝ մասնակցում աղբահանության թեմաներով ֆոտոսեսիայի։ Ուշ երեկոյան էլ երևի այնքան է «գարունը վայելած լինում», որ միայն չորրորդ փորձից է կարողանում առանց տառասխալների ֆեյսբուքյան գրառում գլուխ բերել։ Ինչո՞վ են զբաղված իշխանությունները։ Ճիշտ է, «ամայի սարերից» ուղիղ գծով 7 կիլոմետր հեռավորության վրա ընտրություններ են կեղծում։ Երևանի կենտրոնում ծառեր են փրթում ու տեղը հատը 200 դոլարով «կպցրած» ինչ-որ անկապ տնկիներ դնում։ «Ակադեմիական քաղաքի» նախագծի մասին են խոսում։ «Ֆեյքերի ՊՈԱԿ-ին» ահռելի գումարներ են նվիրում, որ այդ տխմարությունները լավ «ռասկրուտկա անի»։ Մի խոսքով՝ դիակապտությամբ են զբաղված։ Որովհետև դիակապտությունը հենց այն է, որ գիտակցաբար փլուզում ես ամեն ինչ, հետո փլատակների տակից թալանում՝ ինչ հնարավոր է ու հընթացս ամենաայլանդակ մեթոդներով երկարաձգում թալանի այդ իրավունքը։ Ուրիշ բացատրություն կա՞, թե ինչու են իշխանությունները հայտարարում, թե ՀՀ տարածքում անխոցելի կետեր չկան, նոր էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է, հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն Հայաստանի սահմանները մի քանի ամիս հետո, ու միաժամանակ կենաց-մահու կռիվ տալիս այս կամ այն համայնքում իշխանությունը չանթելու համար։ Որովհետև անգամ այդ մի քանի ամիսների ընթացքում է հնարավոր ահագին բան «քերել», իսկ հետո երևի կհասցնեն գլուխները պրծացնել։ Նիկոլ Փաշինյանը՝ չէ, նա, որպես «կանցավիկ», երևի այդ մասին չի էլ մտածում, բայց շրջապատի մանր-մունր ավինյանտիկոներն ու զանազան սանոսյաններն ըստ երևույթին մտածում են՝ հա, ի՞նչ, Քոչարյանը, Լիսկան, Քեթրինի Միհրանը դրսերում ֆռֆռում են, կարող ա՞ մենք պակաս տղերք ենք, դե հիմա երկիր ա՝ վարի ենք տվել, հո ողբերգություն չե՞նք սարքելու, պիտի ստեղծված իրավիճակից առավելագույնը պոկենք ու թռնենք։ Դիակապտողները, ի դեպ, նույնպես մոտավորապես այդպես են արդարացնում իրենց պահվածքը․ «դե հիմա զինվոր ա՝ զոհվել ա, ժամացույցը իրա ինչի՞ն ա պետք», կամ «դե մարդիկ թողել-փախել են, տների էղած-չեղածը հո թշնամուն չե՞նք թողնելու․․․»։ 

Իսկ մեծ հաշվով, մեր պրոբլեմն այն է, որ մենք դրել-քննարկում ենք՝ լա՞վն են այս իշխանությունները, թե ոչ, սրա՞նք են ավելի վատ, թե՞ նախորդները, և այլն, մինչդեռ իրականում Հայաստանը բառիս բուն իմաստով իշխանություններ չունի։ Փոխարենը կա մարդկանց փոքրաթիվ խումբ, որը ժամանակին վերացրել է վատ իշխանությունները, փոխարենը ոչինչ չի ստեղծել և հիմա լիուլի օգտվում է իշխանությունների բացակայությունից։ Սիսիանում և Անիում, օրինակ, Նիկոլենց նպատակը ոչ թե իշխանություններ ձևավորելն էր, այլ թույլ չտալը, որ իշխանություններ ձևավորվեն։ Կամ, ասենք, Դիլիջանում աղբ հավաքող Նիկոլը չգիտի՞, որ նման իրավիճակում գտնվող երկրի վարչապետից այլ աշխատանք է ակնկալվում։ Իհարկե գիտի, բայց նրա նպատակն արդյունավետ իշխանություն լինելը չէ, նրա նպատակը ժողովրդին դուր գալն է, որպեսզի հանկարծ չմտածեն իրեն ռադ անելու և իշխանություններ ձևավորելու մասին։ 

Ու դա առայժմ կարծես թե ստացվում է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   768 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ